Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ

Նոյեմբեր 24,2009 00:00

Հայաստանի մասնակցությունը մեծացնո՞ւմ է «Նաբուկոյի» իրականացման շանսերը

\"\"

Չնայած Հայաստանի իշխանությունների այն պնդումներին, թե հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը իրար հետ կապ չունեցող երկու տարբեր խնդիրներ են, որոնցից մեկի լուծումն ընդամենը կարող է նպաստել մյուսի կարգավորմանը, այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող հայտարարություններն ու արձանագրությունների վավերացման ներկայիս ընթացքն արդեն իսկ որեւէ կասկած չեն թողնում առ այն, որ հայկական իշխանությունների պնդումներն ընդամենը ցանկալին իրականության տեղ ներկայացնելու հերթական անհաջող փորձն է: Իրականության եւ ցանկալիի եզրույթները փորձ է արվում մոտեցնել նաեւ ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական կենտրոններից նետվող խայծերի միջոցով՝ ի դեմս տարբեր տնտեսական մեծածավալ ծրագրերի իրականացման եւ բազմամիլիարդանոց հաղորդակցուղիների՝ Հայաստանով ացնելու հավանականության մասին խոսակցությունների:
 Այդօրինակ խայծերից, թերեւս, ամենագայթակղիչը «Նաբուկո» գազատարը Հայաստանի տարածքով անցկացնելու հեռանկարն է: Եվ պատահական չէ, որ $8 միլիարդ արժողությամբ այդ նախագծին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին առաջինը խոսողը Թուրքիայի արտգործնախարարն էր: Ու թեեւ հետագայում Ալի Բաբաջանի այդ հայտարարությունն իր շարունակությունը չունեցավ, ավելին, նա ազատվեց այդ պաշտոնից եւ նրան փոխարինեց չափազանց զգուշավոր “осадок-то остался” ի դեմս թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող նույնաբովանդակ վերլուծությունների եւ որոշ եվրոպական չինովնիկների կանխատեսումների, որոնք, ի դեպ, հայկական իշխանական լրատվամիջոցները տիրաժավորում են ակնհայտ ոգեւորությամբ՝ դրանք մեկնաբանելով ցանկալի հանգույն: Նույնը՝ նաեւ Կարս-Ախալքալաք երկաթգծի դեպքում: Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությունը, թե ճգնաժամի պատճառով Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության համար խոստացված $200 միլիոնից Ադրբեջանն առայժմ պատրաստ է վճարել ընդամենը 80-ը, արդեն իսկ բավարար հիմք դարձավ իշխանական որոշ շրջանակների համար՝ եզրակացնելու, որ այդ երկաթգծի շինարարությունը դադարեցվելու է: Նրանք արդեն բացեցին սահմանը, վերագործարկեցին Կարս -Գյումրին, գազատարը անցկացրին Հայաստանով ու սկսեցին հաշվել, թե դրանից որքան գումար կմտնի ՀՀ բյուջե՝ այդպիսով շարքային քաղաքացու ենթագիտակցության մեջ ներարկելով սեփական բարեկեցության բարձրացումը հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ պայմանավորելու մտայնությունը: Սակայն արդյո՞ք դա այդպես է:
Ենթադրենք՝ համաձայն ՀՀ իշխանությունների պնդումների, հայ-թուրքական հարաբերությունները հաստատվեն եւ սահմանը բացվի՝ անկախ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: Այդ դեպքում որքանո՞վ է հավանական Հայաստանի մասնակցությունը «Նաբուկո» գազատարին կամ Կարս- Ախալքալաք երկաթգծի շինարարության սառեցումը՝ հաշվի առնելով այդ նախագծերում Ադրբեջանի որոշիչ դերակատարությունը:
Երջանիկ Աբգարյան–ՀՀՇ վարչության անդամ
Նախ՝ ես բացառում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները հաստատվեն, եթե Ադրբեջանի հետ այսօրվա իրավիճակում բան չփոխվի: Բայց եթե անգամ Ադրբեջանի հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխվի էլ, միեւնույն է, բացառվում է, որ Կարս- Ախալքալաք երկաթուղին չկառուցվի կամ «Նաբուկո» գազատարը Հայաստանով անցնի: Նման բան չի լինելու, որովհետեւ Կարս- Ախալքալաքը ծրագրված է, որպեսզի Հայաստանը շրջանցվի, իսկ «Նաբուկոյի» դեպքում էլ գործում են տարբեր շահեր. այդ գազատարը նախատեսված է իբրեւ այլընտրանք ռուսականին՝ այդ երկրի էներգետիկ կախվածությունից ազատվելու համար: Եվ ոչ մի եվրոպական երկրի չի համաձայնի, որ այն անցնի Հայաստանի տարածքով, որտեղ տեղակայված են ռուսական զորքեր: Այնպես որ, այդ ուղղությամբ բոլոր խոսակցությունները հայերի ականջին հաճելի սովորական ապատեղեկատվություն են, որոնց նպատակն այն է, որ մենք ոգեւորվենք այդ հույսերով եւ իրավիճակին ռեալ աչքերով չնայենք:
Արամ Սարգսյան–ՀԴԿ նախագահ
«Նաբուկոյի» հետ կապված, դեռ պետք է հասկանալ, արդյոք այն ընդհանրապես կիրագործվի՞: Քանի որ արդեն իսկ աշխատանքներն ընթանում են «Հարավային հոսք» նախագծի շուրջ, եւ հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ «Նաբուկոյի» հարցը փակվի: Առավել եւս՝ որ Շվեդիան էլ իր համաձայնությունը տվեց «Հյուսիսային հոսք» նախագծին: Սակայն, եթե անգամ «Նաբուկոն» իրականացվի, ապա Ադրբեջանը չի համաձայնի Հայաստանով անցկացնելու տարբերակին՝ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման: Մինչ օրս բոլոր տարածաշրջանային նախագծերին Հայաստանի մասնակցությունը տորպեդահարվել է Ադրբեջանի կողմից, եւ այս առումով որեւէ բան չի փոխվի: Սակայն «Նաբուկոյի» հարցում լուրջ դերակատարում ունի նաեւ Իրանը, որի մասնակցության դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել գազատարի թողունակությունը: Ուստի, այստեղ չափազանց կարեւոր է մեր դիվանագիտական աշխատանքի որակը, որն այսօր, ցավոք, չի բավարարում: Եթե մենք կարողանայինք իրականացնել համապատասխան բազմավեկտոր դիվանագիտական աշխատանք, ապա միգուցե մենք կկարողանայինք այս իրավիճակում որոշակի արդյունքների հասնել եւ ունենալ այլընտրանքային ճանապարհ: Օրինակ՝ Իրան-Հայաստան գազատարը, որի երկրորդ գծի կառուցման դեպքում հնարավոր կլիներ ապահովել գազի համապատասխան քանակ եւ տարանցել դեպի Եվրոպա: Եվ այդ դեպքում իրանական գազին կարող էր միանալ նաեւ միջինասիական երկրների գազը եւ այլն:
Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաքին, ապա սահմանի բացման եւ Կարս-Գյումրիի վերագործարկման դեպքում այն պարզապես կկորցնի իր տնտեսական նպատակահարմարությունը:
Արամ Կարապետյան-ՆԺԿ նախագահ
Դա ուղղակի միֆ է, ֆանտաստիկա, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման՝ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն: Եվ էլ ավելի մեծ միֆ է, որ այդ դեպքում սահմանը կբացվի, եւ այդ ծրագրերը կիրականացվեն մեր տարածքով: Ադրբեջանը որեւէ կերպ չի համակերպվի, եւ կձգտի իր խնդիրները լուծել, ընդ որում, հնարավոր է՝ արդեն ոչ դիվանագիտական ճանապարհով: Ու չմոռանանք, որ «Նաբուկոն» լցվելու է ոչ թե մեր, այլ ադրբեջանական գազով: Ուստի, քանի դեռ կլինի Ղարաբաղի հարցը պատերազմական ճանապարհով լուծելու հավանականությունը, դա անհնար է:
Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաքին, ապա այն ԱՄՆ-ի կողմից առաջ էր տարվում այլ՝ Թուրքիան Վրաստանում ամրացնելու նպատակով: Սակայն այժմ, քանի որ իրավիճակը փոխվել է եւ Թուրքիան սկսել է տարածաշրջանում ինքնուրույն խաղ տանել, հիմա ԱՄՆ-ն էլ չէր ցանկանա, որ Թուրքիայի ուժեղացմանը նպաստող այս նախագիծը շատ արագ կերպով իրագործվեր: Ուստի, դրա սառեցումը միանգամայն հավանական է:
Իսկ ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների այս անմիտ գործընթացը, որը ներկայումս հանգեցվել է կիսահղի վիճակի, հնարավոր է առաջ տանել միայն Թուրքիայի եթե ոչ բոլոր, ապա առնվազն երկու նախապայմանները կատարելով՝ ընդունելով Կարսի պայմանագիրը ու հրաժարվելով ցեղասպանության ճանաչումից: Հավանաբար, այս ամենը սկսած գերտերությունները համարում էին, որ Հայաստանն այն վիճակում է այսօր, որ կարելի է մատաղացու սարքել եւ բոլոր հարցերը լուծել: Բայց դա, ինքնին հասկանալի է, որ բացառվում է:
Երվանդ Բոզոյան-քաղաքագետ
Թուրքիան մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ինքը չի գնա սահմանի բացման, քանի դեռ Ղարաբաղի հարցում առաջխաղացում չկա: Եվ ինչ էլ որ ասվի, ես կարծում եմ, որ դա է նրանց իրական քաղաքականությունը: Ուստի, այս իրավիճակում կոմունիկացիոն ծրագրերին մեր մասնակցության մասին խոսելն ուղղակի իրատեսական չէ: Թուրքիան բոլոր հարցերի լուծմանն ուզում է հասնել փաթեթով, ինչին, ես կարծում եմ, մենք չպետք է գնանք, որովհետեւ հետագայում դա ուղղակիորեն կսպառնա մեր ազգային անվտանգությանը: Եվ այդ պարագայում որեւէ կոմունիկացիոն, նույնիսկ ամենաշահավետ նախագծերին մեր մասնակցությունը չի կարող արդարացնել այն ռիսկերը, որոնք կառաջանան, եթե Հայաստանը համաձայնի խնդրի փաթեթով լուծմանը: Փաթեթով լուծում՝ նշանակում է նաեւ Ղարաբաղի հարցում առաջխաղացում, իսկ դա, Թուրքիայի պատկերացմամբ, հայկական զորքերի դուրսբերումն է գրավյալ շրջաններից: Սակայն, եթե հայկական զորքերի դուրսբերման գործընթաց գնաց, ապա դա ուղղակիորեն կբերի պատերազմական իրավիճակի: Իսկ պատերազմական իրավիճակում կոմունիկացիոն նախագծերի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է:
Շիրակ Թորոսյան-ԱԺ պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ
Իհարկե, դա հնարավոր է, միանշանակ: Հայ-թուրքական սահմանի բացումն այսօր պայմանավորված չէ Ղարաբաղի հարցով: Դրանք տարբեր հարթություններում եւ տարբեր ֆորմատներում ընթացող հարցեր են: Բնականաբար, ենթադրվում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը եւս էականորեն կնպաստի այս ծրագրերի իրականացմանը, բայց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պարագայում ավելի լուրջ հիմքեր կստեղծվեն Ղարաբաղի հարցի լուծման համար, քանի որ սահմանի բացմամբ արդեն Թուրքիան մեզ վրա ազդելու որեւէ ռեալ լծակ չի ունենա: Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաքին, ապա այդտեղ աշխատանքներն արդեն մի քանի ամիս է՝ ինչ դադարեցվել են: Եվ Կարս-Գյումրիի վերագործարկման դեպքում բեռները կարող են Եվրոպայից եւ Թուրքիայից փոխադրվել ոչ միայն Հայաստանի եւ Վրաստանի տարածքով, այլեւ, ինչու չէ՝ նաեւ Ադրբեջանի: Անշուշտ, ոչ ներկայիս պայմաններով:
Իսկ գազատարի մասով, նշեմ, որ ներկայումս «Նաբուկոյի» եւ «Հարավային հոսք» ծրագրերի միջեւ ընթանում է սուր մրցակցություն: Ռուսաստանը դեմ է «Նաբուկոյին» առավելապես այն պատճառով, որ այն անցկացվելու է Վրաստանի տարածքով: Սակայն եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ապա «Նաբուկոյի» իրագործման շանսերը կմեծանան, քանի որ Ռուսաստանն այլեւս դեմ չի լինի, որ Հայաստանի վրայով Եվրոպան գազ ստանա: Այսինքն, Հայաստանի հնարավոր մասնակցությունն ինքնին մեծացնում է «Նաբուկոյի» իրագործման շանսերը: Եվ ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման դեպքում առաջիկա կոմունիկացիաների հեռանկարի առումով Հայաստանն արդեն լուրջ դերակատարություն ձեռք կբերի մեր տարածաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել