Նոյեմբերի 21-ի երեկոյան Վանաձորի Սայաթ-Նովայի այգու, Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան դպրոցի (ժողովրդին ավելի հայտնի՝ լողավազանի) մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժնի պետ, գնդապետ Գագիկ Իսպիրյանը, կրակոցները եղել են ասֆալտի վրա, եւ անդրադարձով են դիպել 22-ամյա երիտասարդի ոտքին: Տուժողին տեղափոխել են Երեւանի Արաբկիր բժշկական կենտրոն, վիրահատել եւ ծնկում հայտնաբերել 9 մմ տրամաչափի գնդակ: Հենց հիվանդանոցից էլ նոյեմբերի 21-ին գիշերը, ժամը 03.30-ին Երեւանի ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 1987 թվականին ծնված Մյասնիկ Կորյունի Հայրապետյանը:
Վիճաբանողների թվի, վիճաբանության պատճառների, ինչպես նաեւ հրազենի տեսակի մասին ստույգ տեղեկություններ չկան: Բաց կան կասկածյալներ, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում՝ քննության շահերից ելնելով:
Սա, ցավոք, հրազենի գործադրմամբ եւ երիտասարդների մասնակցությամբ առաջին վեճը չէ ո՛չ Վանաձորում, ո՛չ էլ Հայաստանում: