Մեղրու մաքսակետում գործող սանիտարական կարանտինային կետում մինչեւ օրս «խոզագրիպով» հիվանդների կասկածելի դեպքեր չեն արձանագրվել: Կարանտինային կետն արդեն համալրվել է քաղաքացիների ջերմությունը չափող սարքերով: Վտանգավոր վարակից խուսափելու եւ դրա մուտքը հանրապետություն կանխելու նպատակով Հայաստանի հարավային դարպասի՝ Մեղրու մաքսակետում նոյեմբերի 5-ից գործող սանիտարական կարանտինային կետում խիստ վերահսկողություն է իրականացվում: Ըստ պատասխանատուների՝ այստեղ ամեն օր հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում, սահմանված է շուրջօրյա հերթապահություն, որի ընթացքում հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան եկող բոլոր քաղաքացիները ենթարկվում են արտաքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մանրամասն բուժզննման: Օրական սահմանը հատում է 200 եւ ավելի մարդ, որոնց մոտ դեռ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել:
Բացի այդ, ախտահանվում են նաեւ Իրանից Հայաստան եկող բոլոր մեքենաները: Մաքսակետի սանիտարական կարանտինային կետը ապահովված է ախտահանիչ դեղամիջոցներով, անհրաժեշտ բուժսարքավորումներով եւ այլ պարագաներով, որոնց միջոցով էլ իրականացվում են շուրջօրյա հակահամաճարակային միջոցառումներ Մեղրու մաքսակետի ողջ տարածքում: