«Առավոտի» նոյեմբերի 11-ի համարում «Աչաջրում՝ հանրապետականն ընդդեմ հանրապետականի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի մի շարք համայնքներում նոյեմբերի 22-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մրցակիցներ են:
Նշված օրը Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Այգեհովիտ, Ենոքավան, Բերդավան, Ջուջեւան, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան գյուղերում կայացան ավագանու, իսկ Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ բնակչություն ունեցող գյուղում՝ Աչաջուրում, համայնքի ղեկավարի ընտրություններ: Տավուշի մարզի թիվ 40 (կետրոնը՝ Նոյեմբերյան) եւ 41 (կետրոնը՝ Իջեւան) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներից տեղեկացանք, որ ընտրությունները բնականոն են ընթացել, առանց խախտումների: Բերդավանում ընտրողները շատ պասիվ են եղել. գյուղի մի ընտրատարածքում քվեարկությանը ներկայացել է ընտրողների՝ 20, մյուսում՝ 15 տոկոսը:
Աչաջրում համայնքի ղեկավարի 5 թեկնածուներից առավել՝ 730 ձայն ստացել է նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանը: Նրանից 9 ձայն պակաս է ստացել գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանը, երրորդ տեղում է մեկ այլ հանրապետական՝ Տավուշի մարզպետարանի առաջատար մասնագետ Աղաբեկ Գալստյանը՝ 433 ձայնով: Բայց անճշտությունների թիվը 10 է՝ ավելին, քան առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրածների ձայների տարբերությունը: Երեկ թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ ստացվել են Աչաջրի գյուղապետի թեկնածուներ Էդվարդ Խոջայանի եւ Համո Գեւորգյանի վստահված անձանց բողոքները՝ ընտրության արդյունքների վերահաշվարկ կատարելու վերաբերյալ: Այսօր թիվ 40 ԸԸ հանձաժողովի նիստ կլինի հենց այդ հարցով: Նիստին կմասնակցի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: