Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ինտերնետը շատ թանկ է

Նոյեմբեր 24,2009 00:00

Սակայն, ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, ինտերնետի առկա գինը կարելի է իջեցնել մինչեւ 40%-ով։

Այլ երկրների համեմատությամբ, Հայաստանում ինտերնետի գինը մի քանի անգամ թանկ է, քանի որ մեր երկրի 2 հիմնական ինտերնետ մատակարարներ՝ «ԱրմենՏել» եւ «Ֆայբերնեթ քոմյունիքեյշնզ» ընկերությունները այն ձեռք են բերում Վրաստանի պրովայդերներից՝ եվրոպական երկրների ինտերնետի սակագնից զգալիորեն թանկ գնով, իսկ տեղական շուկայի մանրածախ պրովայդերներին՝ իրենց վճարած արժեքից ավելի քան 2 անգամ թանկ են վաճառում։ Եթե Եվրոպայում 1 մեգաբիթ թողունակությամբ ինտերնետի մեծածախ գինը 5-15 եվրո է՝ մոտ 3-9 հազար դրամ, իսկ Վրաստանում $250-270՝ մոտ 100 հազար դրամ, ապա Հայաստանում դրա գինը հասնում է $850-1200, այսինքն՝ 330-460 հազար դրամի։ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետների կարծիքով, ինտերնետի գումարները Հայաստանում ավելանում են ոչ թե մեծ ծախսերի պատճառով, այլ ինտերնետի մատակարարները պարզապես չեն ցանկանում որակյալ ինտերնետն էժան գնով վաճառել ու այդպիսով գերշահույթներ են ստանում։ Այդ բարձր գների հետեւանքով է, որ մեր շուկայում այդպես էլ չի ավելանում ինտերնետից օգտվողների քանակը։ Տարբեր հաշվարկներով, մեր երկրում ինտերնետից օգտվում է մոտ 150 հազար մարդ, որոնց մեծամասնությունը՝ 120 հազարը օգտվում է «dial-up» կապից, որի արագությունը միջինում 28-32 կիլոբիթ է վայրկյանում: Այն գնային առումով ավելի մատչելի է՝ րոպեում 1-5 դրամ, քան ամսավճարներով առաջարկվող անսահմանափակ ինտերնետը, սակայն փաթեթով առաջարկվող ինտերնետի արագությունը շատ ավելի բարձր է՝ վայրկյանում 128 կիլոբիթ, որի գինը ամսական տատանվում է 8000-8800 դրամի սահմաններում: Չնայած վերջին ժամանակներս բջջային օպերատորների կողմից առաջարկվում է համեմատաբար մատչելի գներով ինտերնետ, սակայն դա այնքան էլ չի ավելացրել ինտերնետից օգտվողների քանակը, որովհետեւ այդ ծառայությունը եւս թանկ է մեր հասարակության համար։
Մենք «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանից հետաքրքրվեցինք, թե կատարված ո՞ր հավելյալ ծախսերի պատճառով է Վրաստանից Հայաստան մտնող ինտերնետի գինը այդքան ավելանում: Նրա խոսքերով. «Մեր երկիրը, լինելով փակուղու մեջ, պետք է դիմեր Վրաստանի ինտերնետ պրովայդերներին: Իսկ քանի որ Վրաստանի պրովայդերները եւս միջնորդ են եւ, այսպես ասած՝ մոնոպոլ դիրք ունեն մեզ համար, մեր սպառողներն էլ քիչ են, ուզենք թե չուզենք՝ պետք է հարմարվենք իրենց պայմաններին։ Ինչքան էլ մենք փորձենք ինտերնետի գնային քաղաքականությունը իջեցման տանել, այնուամենայնիվ, մենք սպառող ենք եւ պետք է հարմարվենք առաջարկվող գնին։ Բացի այդ, ինտերնետը մեզ հասցնելու հետ կապված մեծ ծախսեր են պահանջվում»։ Նա ասաց, որ եթե սպառողների քանակն ավելանա, ապա ինտերնետի գինն էլ կիջնի, քանի որ ֆիքսված սակագնի ծախսը բաժանվում է ավելի մեծ մասերի, քան հիմա. «Ասենք, մենք ֆիքսված $100 եք վճարում Վրաստանի պրովայդերներին, եթե մեր սպառողներն ավելանում են, այդ գումարն էլ բաժանվում է ավելի շատ մարդկանց միջեւ, քան հիմա»։
Մեր այն դիտարկմանը՝ ավելի ճիշտ չէ՞ ինտերնետի գներն իջեցնել՝ այդպիսով ավելացնելով սպառողների քանակը, նա պատասխանեց. «Ընդհանուր առմամբ մեծածախ գինը բավականին իջել է արդեն, սակայն զգալի իջեցման համար պետք է շատ սպառողներ ունենալ։ Հիմա մենք չենք կարող շատ իջեցնել ինտերնետի գինը, քանի որ ելք չունենք, եթե վաղը մենք ունենանք 1-2 միլիոն սպառող, կարող ենք հրաժարվել Վրաստանի պրովայդերներից եւ ասել, որ նրանք մեզ չեն բավարարում»։
«Ֆայբերնեթ քոմյունիքեյշնզ» ընկերության մամուլի քարտուղար Միքայել Բալայանի ներկայացմամբ էլ՝ իրենց ինտերնետը թանկ է, որովհետեւ պայմանագիր են կնքել Վրաստանի այն ընկերությունների հետ, որոնք մատակարարում են որակյալ եւ թանկ ինտերնետ. «Սխալ է մեր գները համեմատել Վրաստանի ներքին շուկայի գների հետ, քանի որ իրենք դրսի համար այլ գնային քաղաքականություն են վարում»։ Նա ասաց, որ մոտ մեկ ամիս առաջ իրենց ինտերնետի սակագինն իջեցրել են մոտ 30%-ով. «Չի բացառվում, որ առաջիկայում սակագինն էլի իջնի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել