Լրահոս
Օրվա լրահոսը

2010-ԻՆ ՀԱԶԻՎ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ ԵՆՔ

Նոյեմբեր 24,2009 00:00

\"\"Մինչ Ազգային ժողովում քննարկվում է եկող տարվա բյուջեն, ընդդիմադիր պատգամավորները ժողովրդին կոչ են անում մեծ հույսեր չկապել դրա հետ:

Չնայած եկող տարվա բյուջեով գրեթե բոլոր ոլորտներին հատկացվող գումարները բավականին նվազել են, ինչի համար էլ մասնագետներն այն որակել են խղճուկ բյուջե, այնուամենայնիվ, պետական պաշտոնյաները բյուջեն անվանում են պահպանողական եւ իրատեսական:
ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում բյուջեն որակեց՝ իներցիոն: Տիկին Ալավերդյանի խոսքերով՝ «Ինձ անհանգստացնողն այս իներցիան է, ես համոզմունք ունեմ, որ մեր բյուջեի թե՛ փիլիսոփայությունը, թե՛ տնտեսության կառուցվածքը բավականին հստակ փոփոխությունների կարիք ունեն: Մեր երկրի տնտեսությունը կարող է զարգանալ, երբ համակարգային փոփոխություն կլինի, այլ ոչ թե շարունակենք այս իներցիայով: Իսկ իներցիան այսպիսին է. բյուջեն եւ տնտեսությունը սպասարկում են առանձին մարդկանց խմբերին: Վարչապետն էլ ճիշտ ասաց՝ օլիգապոլիա է»: ԱԺ պատգամավորի ներկայացմամբ՝ ստեղծված իրավիճակը մեկ մարդու մեղքով չէ, դա քաղաքական այն ուժերի խնդիրն է, որոնք իներցիայով ԱԺ են բերում այսպիսի բյուջեներ եւ պարտադրում ժողովրդին այդ իներցիան շարունակել:
2010-ի բյուջեի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասել էր՝ «Հաշվի առնելով ճգնաժամը՝ 2010-ին ծախսերի ծածկման համար խոշոր վարկային միջոցներ են ներդրված, եւ դա ճգնաժամի դեմը առնելու ամենաարդյունավետ տարբերակն է, քանի որ ճգնաժամի ընթացքում մասնավոր ներդրողները տնտեսության մեջ ներդրումներ չեն անում, եւ այդ գործողությունը իրականացնում է պետությունը: Վարկերը հիմնականում ուղղված են երկու ոլորտների՝ շինարարությանը եւ հանքարդյունաբերությանը»։
Այս առնչությամբ տիկին Ալավերդյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նման մոտեցումը արդյունք կտա, ինչին ի պատասխան՝ ԱԺ պատգամավորն ասաց. «Ես դեմ չեմ դրան, դա հակաճգնաժամային միջոցներից մեկն է, բայց Հայաստանի տնտեսությունը վտանգված է օլիգարխներին սպասարկելով: Վարկեր ընդգրկելու դեպքում պետք է արդյունավետ ծախսել: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, որ տրամադրել է ամենաթանկ վարկը: Պատճառաբանում են, թե քանի որ վարկը թանկ է, դրա համար էլ տրամադրելու ենք մասնավոր հատվածին, որը բնակարանաշինություն է իրականացնում: Բայց խնդիրը հետեւյալն է, հենց բնակարանաշինության գործում մի շարք ռուսական ընկերություններ են ներգրավված, որոնք մեծ շահեր ունեն: Ստացվում է, մենք մեր բյուջեից պետք է պարտքերը փակենք, հօգուտ, ի վերջո, ռուսական ներդրողների»: Տիկին Ալավերդյանի խոսքերով՝ երբ պաշտոնյաները պնդում են, թե տնտեսական աճի մեծ մասը ապահովում է շինարարությունը, պետք է հաշվի առնել, որ մեր երկրում հազարավոր մարդիկ մնացել են անտուն. «Մեր բյուջեն երբեւէ չի ունեցել սոցիալական բնակարանաշինության ուղղվածություն: Հասկանալի է, որ նույնիսկ ամենահարուստ երկրների բոլոր բնակիչները չեն կարող լինել բնակարանի սեփականատեր: Պարզապես, պետությունը պետք է բնակֆոնդ ունենա, կառուցի բնակարաններ եւ բնակիչներին վարձով տա: Սոցիալական բնակարանաշինությունը սա է: Մենք անցել ենք ոչ թե բնակարանների համայնքային սեփականության, այլ համայն մասնավոր սեփականության: Օլիգապոլիաները շարունակում են իշխել ընդհանուր առմամբ թե տնտեսական, թե քաղաքական կյանքում: Եթե երկրի տնտեսությունը հիմնված է մի քանի օլիգարխներին սպասարկելու վրա, ոչ մի կառավարություն, անգամ հրաշագործությամբ չի կարող ստանալ արդյունավետ տնտեսություն եւ սոցիալական արդարություն»:
Լարիսա Ալավերդյանի ներկայացմամբ, ԱԺ-ում բյուջեի քննարկումներին ակտիվորեն մասնակցում են հենց գործարար-պատգամավորները, որն ընդամենը պոպուլիստական ձգտում է. «Հենց խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժն է կոշտ քննադատության ենթարկում բյուջեն, սա պոպուլիզմ է: Կներեք, իսկ ո՞վ է դրա հիմքը դրել: Կամ ո՞վ է դրա ետեւում կանգնած: Ո՞վ է մտածում, թե ճգնաժամի ժամանակ պետք է օգնեն փոքր ու միջին բիզնեսին: Չեն մտածում ճգնաժամի ժամանակ սոցիալական արդարության գաղափարը դարձնել ծրագիր»: Պատգամավորի խոսքերով, եթե անգամ նախորդ տարիներին տնտեսական աճ ենք արձանագրել, ապա դա եղել է ամենացածր որակի աճ. «Մենք պնդում ենք, որ այս տարվա անկումը մեր տնտեսության տձեւ կառուցվածքի արդյունքն է»:
Մեզ հետ զրույցում Լ. Ալավերդյանը վստահեցրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը քննարկել եւ որոշել է 2010-ի բյուջեին դեմ քվեարկել. «Այդ բյուջեն ընդամենը գոյատեւելու բյուջե է: Ժողովուրդն իր նախաձեռնողականությամբ է ապրելու, կարճ ասած՝ ժողովուրդը իր վրա է հույսը դնելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել