Վերջին 21 տարիների տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 745 դեպք: Վարակակիրների թվի ավելացումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների՝ ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան հետհոսքով: Բացի այդ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից վստահեցնում են, որ այն նաեւ պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ եւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի մամուլի խոսնակ Արեւհատ Գրիգորյանն ասաց, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 548 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է 197 դեպք: ՄԻԱՎ վարակով ախտորոշվել է նաեւ 16 երեխա: ՄԻԱՎ վարակակիրների հիմնական մասը 25- 39 տարիքային խմբում է:
Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման 49,8%-ը հետերոսեքսուալ ճանապարհով է, 41,9%-ը թմրամիջոցների ներարկային օգտագործման հետեւանքով: Սրանցից բացի, արձանագրվել են մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 337-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում, 83-ը՝ միայն նախորդ տարվա ընթացքում: Համաճարակի սկզբից ընդհանուր առմամբ գրանցվել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 179 դեպք: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում, այնուհետեւ Շիրակում եւ Լոռիում: Հաշվարկային տվյալներով, հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ-ով վարակված հիվանդ: