Լրահոս
Օրվա լրահոսը

Համագյուղացիներին ստրկացրել է

Նոյեմբեր 24,2009 00:00

 Այգաբացի  նախկին գյուղապետը համայնքապատկան հողակտորները խլել ու վարձով է տվել իր իսկ ստեղծած
կազմակերպությանը:

\"\"
Այգաբացցիները՝ մարզպետարանում:

«2001-ին մեր նախկին գյուղապետը՝ Գագիկ Ալթունյանը, իր մի քանի հոռոմցի ախպեր տղեքի՝ Սլավիկի ու Նորիկի հետ, գյուղը թալանելու նպատակով, ստեղծեց «Այգաբացի խոշորի բտման» ԲԲԸ, այնուհետեւ, առանց ավագանու անդամներին «շան տեղ» դնելու, գյուղի մոտավորապես 220-230 հեկտար հողերը 25 տարի ժամկետով ապօրինի ինքն իրեն վարձով տվեց: Մի խոսքով, մի գրպանից հանեց, մյուսը դրեց, թեեւ ասենք, որ ավագանու որոշ անդամներ իր կողմնակիցներն են եղել, ավագանու անդամներից մեկը՝ Ռոստոմյան Ռոստոմը, ձեւակերպված է որպես այդ ընկերության տնօրեն: Հիմա գյուղը ոտքի է կանգնել՝ իր հողերն է պահանջում, գյուղի էրեխեքը մեծացել են, չենք կարողանում նշանել՝ մի կտոր հող չունենալու պատճառով»,- այսպես ներկայացրին մեզ նախապատմությունը Շիրակի մարզպետարանի շենքը շրջափակած ու մարզպետ Լիդա Նանյանի մոտ գյուղովի բողոքի եկած այգաբացցիները: Նրանց խոսքերով, իրենք ժամանակին դատի են տվել գյուղապետին, սակայն զգալով, որ արդյունքի չեն հասնում, որոշել են անձամբ տեսնել նրա «դատաստանը»:
Նրանք սկսել են մշակել նախկին գյուղապետի խլած հողակտորը, որն էլ անչափ զայրացրել է Գագիկ Ալթունյանին, եւ նա դատի է տվել այդ տարածքի վրա աշխատող 2 տրակտորիստներին՝ դատը շահելով ու նրանց 13 միլիոն դրամի տուգանքի ենթարկելով: Այգաբացցիների խոսքերով, Ալթունյանը համագյուղացիներին դատի տալուց բացի, նրանց նաեւ ծաղր ու ծանակի է ենթարկում՝ անվանելով ստրուկ: «Սկսել են մեզ վախեցնել, թե զգույշ մնացեք, թե չէ ձեզ գերեզմանի տեղ էլ չենք տա, հետո էլ կանգնում-ասում են, թե Այգաբացը արդեն իսկ Հոռոմ գյուղի գաղութն է, լռեք ու ձեր կարգավիճակի հետ համակերպվեք: Զավեշտալին այն է, որ մենք դատի ենք տալիս գյուղապետին, առաջին ատյանի դատարանը չի բավարարում մեր հայցը, մենք բողոքարկում ենք վերաքննիչ, գործը հետ է ուղարկվում վերաքննության, այստեղ դարձյալ հաղթում է գյուղապետը՝ կաշառքո՞վ, թե՞ մարդ գտնելով՝ չենք կարող ասել, օրինակ, վերջին դատին վերաքննիչում դատավորն արթիկցի մի կին էր, մենք տեղյակ էինք, որ նա նախկին գյուղապետի մոտ մարդն է՝ ոչ հարց, ոչ պատասխան, վճիռը հօգուտ գյուղապետի կայացրեց: Էսպես երկիր չեն կառուցում, եթե մի 2 գյուղապետ էլ մերինի նման որոշի գյուղի հաշվին հարստանալ, Հայաստանը նորից ստրկատիրական կարգերի կանցնի»,- նախազգուշացնում են այգաբացցիները:
Գյուղացիները նաեւ դժգոհեցին, որ Գագիկ Ալթունյանը համագյուղացիների հետ վարվել է ինչպես ստրուկի, ոչ միան խլել է գյուղին պատկանող հողը, այլեւ գուղացիներին վարձակալել է որպես էժան աշխատուժ: Բացի այդ, գուղացիները նաեւ հետաքրքրվել ու պարզել են, որ նա խուսափել է հողի վարձավճարը համայնքային բյուջե մուտքագրելուց, գյուղացիներին իր հողամասում աշխատեցրել է ապօրինի՝ նրանց չգրանցելով, հարկայինից ու աշխատանքային տեսչությունից թաքցնելով հաստիքացուցակն ու եկամուտները: Նա գումար չի մուծել նաեւ կենսաթոշակայինին: Ըստ գյուղացիների, իրենց նախկին ղեկավարը հողահարկի վճարումների մասին հիշել է միայն դատական պրոցեսներից առաջ՝ դատավորին ինչ-որ բան ապացուցելու համար: Ամենաաբսուրդն այն է, որ Գագիկ Ալթունյանը մի հեկտարը վարձակալել է 3000 դրամով, իսկ այդ նույն հողակտորը մի քանի տարի առաջ գուղացիներին վարձով է տվել 10000 դրամով: Գյուղացիները Գ. Ալթունյանից մի կերպ պրծել են գյուղապետի նոր ընտրություններով՝ 2005 թ. աշնանը: Այգաբացի նորանշանակ գյուղապետ Սասուն Վանցյանը մեզ տեղեկացրեց, որ նախկին գյուղապետի կողմից զավթված վարելահողը պահեստային ֆոնդից է՝ 221 հա է, իսկ գյուղն ընդհանուր 800 հա հող ունի: Ըստ նոր գյուղապետի, նախկինում այն մրցույթով տրամադրվել է գյուղացիներին, իսկ հողազավթումից հետո առաջին ատյանի դատարանը մերժել է գյուղացիների հայցը՝ պատճառաբանելով, որ կորցրել են դատի տալու իրավունքը, քանի որ անցել է 3 տարվա վաղեմության ժամկետը: Նոր գյուղապետը նաեւ ասաց, որ նախկին գյուղապետի ստեղծած «Այգաբացի խոշորի բտման» ԲԲԸ-ն երբեք անասնաբուծությամբ չի զբաղվել, այսինքն՝ ձեւական մի կազմակերպություն է եղել:
Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն էլ հաստատեց, որ նախկին գյուղապետի վարձակալության պայմանագրում առկա են պամանագրային կետերի բազմաթիվ խախտման դեպքեր, նա վարձավճար երբեւէ չի մուծել, ուստիեւ անհրաժեշտ է պայմանագիրը չեղալ համարել: Ըստ տիկին Նանյանի, թեեւ մարզպետարանը շահագրգռված է հարցը հօգուտ գուղացիների լուծել, սակայն անմիջականորեն չի կարող միջամտել, «քանի որ դատական համակարգը անկախ է»: Գյուղացիները այժմ բողոք են ուղարկել նախագահի աշխատակազմին ու վերահսկողութան ծառայությանը, այստեղից էլ գործը ուղարկվել է Վճռաբեկ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել