Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆԵՐԻ «ԼԵՎԻ» ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵ՞ՐՋ ԿԴՐՎԻ

Նոյեմբեր 24,2009 00:00

\"\"Մասնագետները գտնում են, որ բուժծառայությունների գների բարձրացմամբ
հիվանդները ստիպված չեն լինի բժիշկների գրպանն ավելի գումար դնել:

Վերջերս Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովում կառավարության նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել 2010 թվականին բժշկական ծառայությունների գների բարձրացման վերաբերյալ: Չնայած դա ընդամենը քննարկում էր, եւ դեռեւս հստակ եւ վերջնական որոշումներ չկան, թե կոնկրետ երբ եւ որքանով են թանկացումներ լինելու, սակայն, նախնական տվյալներով, մոտ 2 անգամ թանկացումներ են սպասվում: Բժշկական ծառայությունները վերաբերում են հիվանդանոցներում կատարվող բոլոր սպասարկումներին:
Առողջապահության գործակալության պետի տեղակալ Կառլեն Անտոնյանը վերջերս լրատվամիջոցներից մեկով մեկնաբանել էր, որ այդ թանկացումները նպաստելու են, որպեսզի առողջապահության ոլորտում ստվերը վերանա:
Այդ հայտարարությունը հարուցել է հանրության դժգոհությունը: Մեզ հետ զրույցում որոշ քաղաքացիներ վրդովված կարծիք հայտնեցին, որ՝ «առանց աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման՝ բուժսպասարկումն ու դեղերը թանկացնում են»:
Այդ առնչությամբ Առողջապահության գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը չցանկացավ մեզ հետ զրուցել, պատճառաբանելով՝ դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ ծրագիրն ընդամենը քննարկման փուլում է: Մինչդեռ նրա տեղակալը հստակ ասել էր, որ նախնական գներն արդեն պատրաստ են, սակայն դրանք դեռ պետք է քննարկվեն, որից հետո արդյունքները կներկայացվեն կառավարություն, առողջապահության եւ ֆինանսների նախարարություններ, ինչպես նաեւ բժշկական հիմնարկներ: Իսկ նախնական տվյալներով՝ նախատեսվում է, որ, ընդհանուր առմամբ, մոտ 2-4 անգամ բժշկական սպասարկման գները կբարձրանան: Վնասվածքաբանության եւ ուրոլոգիայի ոլորտում ծառայությունները կթանկանան 4-5 անգամ:
«Առավոտի» հետ զրույցում ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը կառավարության այս նախաձեռնությանը միանշանակ կողմ է. «Սա ոչ թե բժշկական ծառայությունների թանկացում է, այլ՝ անօրինական գումարները օրինական դաշտ բերել: Այսօր հանրապետության բոլոր հիվանդանոցներում մի քանի տեսակի վճարումներ կան՝ պետպատվեր, եւ վճարովի, որը հիվանդն է իր գրպանից վճարում, սակայն 2 դեպքում էլ կան ոչ օրինական վճարումներ: Այսինքն՝ հիվանդի կողմից անուղղակի ձեւով տրվում են կամ բժիշկներին, կամ այլ բուժաշխատողներին: Խոսքը ոչ թե թանկացումների մասին է, այլ՝ եթե կա հաստատված գնացուցակ, բայց դրանից ավելին են վճարում, ապա ես կողմ եմ, որպեսզի դա լինի օրինական ճանապարհով»: Ա. Բաբլոյանի ներկայացմամբ՝ եթե, ասենք, մի հիվանդանոցի պատին ճիշտ գին է փակցված, ասենք՝ 85 հազար դրամ, հիվանդը վճարում է կատարում հենց այդքան, սակայն բուժման ընթացքում գումար է դնում բուժքրոջ գրպանը, աչքալուսանք տվողի, սանիտարկայի կամ բժշկի, վերջում պարզում է, որ բժշկական սպասարկումն արժեցել է 150 հազար դրամ. «Պետք է այս ամենը վերացվի, այսինքն՝ անօրինական վճարումներ չլինեն: Հստակ գնացուցակներ լինեն հիվանդանոցներում: Օրինակ, կլինիկան գին է սահմանել, հենց այդքան էլ վճարում է, դրանից էլ աշխատավարձ է գոյանում, հարկ է վճարվում պետբյուջե, ապա մյուս կլինիկաներն էլ թող բարի լինեն, նույն կերպ աշխատեն: Այսպես հիվանդն էլ կարող է կողմնորոշվել, թե որ հիվանդանոց գնա, այլ ոչ թե տեսնի տվյալ կլինիկայում թանկ է, մյուսում՝ էժան, ընտրի էժանը, բայց անօրինական, անուղղակի վճարումներ կատարի, վերջում պարզվի, որ էժանն իր վրա ավելի թանկ է նստել: Ըստ էության, սա ստվերի դեմ պայքար է»: Պարոն Բաբլոյանի ներկայացմամբ՝ մասնավոր կլինիկաներն իրենք են գներ սահմանելու, բայց եթե պետպատվեր է իրականացնում, ապա համավճարի հարցը պետք է համաձայնեցվի պատվիրատուի հետ, այսինքն՝ կառավարության հետ: Ա. Բաբլոյանի խոսքերով՝ գրեթե բոլոր կլինիկաներում հիվանդի հարազատները, բացի օրինական վճարումներից, բժիշկներին կամ այլ աշխատակիցների հավելյալ գումարներ են վճարում կամ իրենց կամքով կամ՝ բուժաշխատակիցների պահանջով. «Մեր հիվանդանոցում էլ, ճիշտ է մինչեւ 7 տարեկան երեխաները պետպատվերի շրջանակներում են սպասարկվում, բայց ծնողների 50%-ը բժշկի գրպանը փող է դնում: Մենք էլ ասում ենք՝ լավ, եթե ուզում ես գումար տալ, ապա օրինական ճանապարհով տուր: Եթե գլուխներս ջայլամի պես մտցնենք ավազի մեջ է ու այս խնդիրը չլուծենք, գնալով ավելի է բարդանալու: Սա հիվանդանոցների եկամուտների լեգալացում է»:
ԱԺ պատգամավորի խոսքերով, այս հարցի շուրջ երեկ կառավարությունում քննարկում է տեղի ունեցել. «Առողջապահության նախարարությունը վերջնական գնացուցակն ու այլ հարցերը պետք է ներկայացնի կառավարություն: Այս ամբողջն ուղղված է հասարակության սոցիալական պաշտպանվածությանը, անապահով խավի համար կրկին պետությունն է վճարելու»: Մասնագետները վստահեցնում են, որ բուժծառայությունների վճարների օրինականացման արդյունքում բուժաշխատողների աշխատավարձերը բավականին կբարձրանան, ինչը կբացառի բժիշկների կողմից «լեւի» գումարներ վերցնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել