Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատարը կեղծել է ու սուտ ցուցմունք տվել

Նոյեմբեր 24,2009 00:00

Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ուղեկցող ջոկի հրամանատարի նկատմամբ, պաշտոնեական կեղծիքի, փաստաթղթեր կեղծելու եւ սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ուղեկցող ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Ս. Ենգիբարյանը, նախնական համաձայնության գալով Գետահովիտ գյուղի գյուղապետ Ս. Ղազարյանի եւ գյուղապետարանի քարտուղար Կ. Դավթյանի հետ, կազմել է իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկանքներ եւ նախկին գյուղխորհրդի գործկոմի որոշման կեղծ քաղվածք: Հիշյալ կեղծ փաստաթղթերը Իջեւան քաղաքի «Արցախ» ռեստորանին հարակից 0.8 հա հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու հայցադիմումի հետ Ս. Ենգիբարյանը ներկայացրել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այնուհետեւ որպես հայցվոր հանդես է եկել դատարանում եւ շահադիտական նպատակներով սուտ ցուցմունք տվել՝ ներկայացնելով արհեստական ապացույցներ: Փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 2-րդ, 38-325-րդ հոդվածի 2-րդ եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Քրեական գործը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել