Կոտայքի մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի «Գառզուի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լյովա Բիկիջյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ:
Մասնավորապես պարզվել է, որ Լ. Բիկիջյանը 2005-2009թթ. փետրվար-հունիս ամիսների ընթացքում կազմակերպության՝ թվով 11 աշխատակիցների անվամբ ապօրինի ձեւակերպել եւ տրամադրել է ընդհանուր գումարով 962 000 դրամ: Բացի այդ, ելնելով շահադիտական շահագրգռվածությունից, նույն ժամանակաշրջանում, վարչական աշխատանքին զուգահեռ 8 ժամից ավելի դասավանդելու իրավունք չունենալու պայմաններում, իրեն եւ տնտեսվար Արսեն Թադեւոսյանին տրամադրել է ավելի դասաժամեր, որի արդյունքում առանց աշխատանքային պայմանագրի հաշվարկել եւ վճարել է 2 364 215 դրամ, իսկ կազմակերպությունում համատեղությամբ եւ Չարենցավանի «Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնական աշխատողներ Գրիգոր Խաչատրյանին եւ Հրանուշ Նազարբեկյանին հատկացրել է ավելի դասաժամեր, որի արդյունքում 2005-2009թթ. ընթացքում հաշվարկել եւ ավելի է վճարել 2 447 517 դրամ աշխատավարձ, որի հետեւանքով կազմակերպությանը պատճառվել է 5 773 732 դրամ վնաս: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է Կոտայքի ոստիկանության քննչական բաժինը: