Աբովյան
Կոտայքի մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Կ. Իսրայելյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Երեւանյան փողոցի թիվ 54 տունը եւ հողամասն անհատույց, ՀՀ հողային օրենսգրքի 64-65-րդ պահանջների խախտմամբ օտարել է քաղաքացի Անժելա Պետրոսյանին, ինչի հիման վրա վերջինս ստացել է սեփականության իրավունք: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը:
Բյուրեղավան
Կոտայքի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ Բյուրեղավանի քաղաքապետի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Պարզվել է, որ Բյուրեղավանի քաղաքապետ Շավարշ Սեդրակյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, իր փեսա՝ «Սիդր» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղազարյանի միջոցով կեղծ կատարողական փաստաթղթեր ձեւակերպելով հափշտակել է խոշոր չափերի հասնող 16 624 000 ՀՀ դրամ գումար: Նշված գումարները ձեւակերպվել են շախմատի տան եւ քաղաքային շատրվանների կառուցման համար: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանության քննչական բաժինը:
Գառնի
Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ: Մասնավորապես Գառնիի գյուղապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2007թ. հուլիս-օգոստոս ամիսներին գյուղապետարանի քարտուղարի պաշտոնակատար Գ. Այվազյանը գյուղապետարանի վավերացմամբ 24.07.2007թ. թիվ 01-090 գրությամբ Կոտայքի տարածքային կադաստրի ստորաբաժանմանը կեղծ տեղեկություններ է տրամադրել նույն գյուղի բնակիչ Ա. Եղիազարյանի տան եւ տնամերձ հողամասի սեփականության իրավունքի մասին: Իսկ գործավար Ա. Մարկոսյանն ակնհայտ կեղծ քաղվածք է տրամադրել Գառնիի հողային բարեփոխումների եւ սեփականաշնորհման թիվ 3 որոշումից, ապա Գառնիի գյուղապետը, թույլ տալով պաշտոնեական անփութություն, հաստատել է նշված գրությունն ու քաղվածքը:
Գ. Այվազյանի եւ Ա. Մարկոսյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին քրեական գործի վարույթի մասը 09.11.09թ. կարճվել է ՀՀ ԱԺ 19.06.2009թ. «Համաներում կիրառելու մասին» որոշման հիման վրա, իսկ Գառնի համայնքի ղեկավարի մասն ուղարկվել դատարան: