Խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով նոյեմբերի 18-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, քննիչ Լ. Սահակյանը իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող Ա. Թովմասյանի խափանման միջոցը դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջոցով փոփոխելու, գործի վարույթը կարճելու՝ օրենքով նախատեսված իր լիազորությունների իրականացման համար 2009 թվականի նոյեմբերի 4-ին նրանից պահանջել է 2000 ԱՄՆ դոլար կաշառք: Լ. Սահակյանը նույն օրն իր աշխատասենյակում Ա. Թովմասյանից ստացել է պահանջված գումարի մի մասը՝ 600 ԱՄՆ դոլարը, իսկ կաշառքի մնացած մասը՝ 1400 ԱՄՆ դոլարը ստացել է 2009 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ինչը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը հայտնաբերվել եւ առգրավվել է:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով կասեցվել է Ա. Թովմասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ զինվորական դատախազության Սեւանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Գնել Մանուկյանի լիազորությունները՝ մինչեւ քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը: