Մանր կաշառակերության դեմ դատախազության հայտարարած պայքարը կարծես թե տալիս է որոշակի արդյունք. գրեթե ամեն օր լսում ենք այս կամ այն ոլորտում բացահայտված կաշառակերության դեպքի մասին: Դատելով բացահայտված դեպքերից՝ կոռուպցիոն երեւույթների մեջ տարբեր դրսեւորումներով ներգրավված են անգամ վարչական համակարգի ամենացածր սանդղակի ներկայացուցիչները՝ քարտուղարուհիներից սկսած: Իսկ ամենազարմանալին այն է, որ, դրան զուգահեռ, բացահայտվում են նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքեր:
Բացահայտումների գերակշիռ մեծամասնության հիմքում քաղաքացիներից ստացված հաղորդումներն են, ինչը դատախազությունում հակված են վերագրել կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահների դրսեւորած քայլերի նկատմամբ վստահության բարձրացմամբ՝ պայմանավորված իրավապահ համակարգում կոռուպցիոն երեւույթները բացահայտելու հրապարակային գործելաոճով, ինչը դրսեւորվում է կոնկրետ քայլերով: Ավելին՝ համոզված են, որ վստահության պաշարի կրկնապատկման դեպքում կկարողանան հասարակության աջակցությամբ դրական արդյունքներ արձանագրել խոշոր կաշառակերներին բացահայտելու հարցում: