Կիրակի օրը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մյունխենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ են վարել, որոնք տեւել են 4 ժամ: Բանակցություններից հետո երկու նախագահները Մյունխենում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության շենքը լքել են առանց լրագրողների համար հայտարարություններ անելու: ՄԽ ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն ասել է, թե՝ հանդիպումն աննախադեպ էր բանակցությունների ողջ պատմության ընթացքում. «Սա վկայում է այն մասին, թե որքան դինամիկ եւ լուրջ է բանակցությունների ընթացքը: Այս հանդիպումը շատ երկար տեւեց, քանի որ նախագահները կառուցողական եւ մանրամասն քննարկեցին հարցի կարգավորման այնպիսի տարրեր, որոնք մինչ այժմ չէին ենթարկվել նման խորը եւ մանրամասն քննարկման: Այն թույլ տվեց երկու երկրների նախագահներին եւ համանախագահողներին ի հայտ բերել այն թիրախային հարցերը, որոնց շուրջ զգալի առաջընթաց է արձանագրվել: Միաժամանակ մենք որոշակի դժվարությունների ենք հանդիպել: Ծավալված բանավեճերը հանգեցրել են նրան, որ նախագահներն ու մենք շոշափել ենք որոշակի պրոբլեմներ, որոնք լուծման կարիք ունեն: Բայց կարեւորն այն է, որ մենք նախագահներից այդ խնդիրները լուծելու ցուցում ենք ստացել»: Ֆրանսիացի դիվանագետը նաեւ ասել է, թե համանախագահները մտադիր են ավելի ինտենսիվ աշխատել երկու երկրների նախարարների հետ, որոնց հանդիպումը կլինի դեկտեմբերի սկզբին՝ Աթենքում, ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների հանդիպման նախօրեին:
Բանակցություններից առաջ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե՝ «Ադրբեջանը միլիարդներ է ծախսում նոր զենք եւ զինտեխնիկա գնելու, շփման գծում իր դիրքերն ամրապնդելու համար: Մենք լիակատար իրավունք ունենք մեր հողերն ազատագրել ռազմական ճանապարհով», նաեւ՝ որ «Ադրբեջանը վճռական է լինելու, եւ երկրի բանակը պատրաստ է ԼՂ-ն ուժով ետ վերցնել»: Այս ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ Բեռնար Ֆասիեն ասել է. «ԵԱՀԿ ՄԽ անունից կխնդրեի երկու կողմերին էլ բանակցությունների ներկայիս նուրբ փուլում զերծ մնալ միակողմանի, կտրուկ հայտարարություններից: Նաեւ ուզում եմ հնչեցնել մեր մայրաքաղաքների դիրքորոշումը, թվարկում եմ այբբենական կարգով՝ Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն. պատերազմը ոչ մի դեպքում չի կարող այլընտրանքային տարբերակ լինել, սա անընդունելի է: Ոչ մի դեպքում չի կարելի քննարկել հարցի լուծման ուժային եղանակը»:
Նույն հայտարարությունը երեկ մեկնաբանել է նաեւ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը՝ ընդգծելով, որ նման զարգացումների դեպքում աշխարհում կան ընդունված ձեւեր. «Ենթադրենք՝ ՀՀ-ն կարող է ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը՝ սրանից բխող հետեւանքներով: Երկրորդ՝ ՀՀ-ն կարող է փոխօգնության պայմանագիր ստորագրել ԼՂՀ-ի հետ»: Ֆարմանյանը նաեւ հավելել է, որ «տարբերակներ կան, եւ Հայաստանը կօգտվի այդ մի քանի տարբերակներից՝ կամ առանձին-առանձին, կամ՝ միաժամանակ, ու եթե Հայաստանը մինչ օրս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, միմիայն մեկ պատճառով՝ որպեսզի դա խոչընդոտ չդառնա խաղաղ բանակցությունների համար»: