ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի հիմնական
թիրախն այս անգամ մարտի 1-ի հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված քայլերն էին:
«Ագոյի» խումբը ողջունել է ՀՅԴ առաջարկը
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) պատվիրակությունը՝ ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ, հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցած ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը մեր խնդրանքով մանրամասներ ներկայացրեց քննարկված թեմաների վերաբերյալ. «Հիմնականում 3 խնդիրների շուրջ էին ուզում լսել մեր կարծիքները. առաջինը՝ մարտի 1 եւ դրան հաջորդող բարեփոխումների ընթացք, երկրորդը՝ հայ-թուրքական հարաբերություններ, երրորդը՝ ԼՂ հարց»:
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողություններն ակնհայտորեն «նրանց մոնիտորինգի թիրախային կետերից մեկն է»: Եվ փոխանցեց, թե հանդիպման ժամանակ ինչ է ասել ինքը. «Թեեւ հասարակության մեջ վերապահություն կար ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության եւ անաչառության նկատմամբ, ու թեեւ այդ հանձնաժողովը չտվեց հիմնական պատասխանը՝ 10 զոհերի մեղավորների վերաբերյալ, բայց ե՛ւ իմ, ե՛ւ մեր կուսակցության համար գոնե կարեւոր է այն, որ հանձնաժողովը կարողացավ որոշակի անաչառությամբ ախտորոշել այն պատճառները, որոնք հանգեցրին մարտի 1-ին»: ՀՅԴ խմբակցության անդամը նաեւ խոսել է իրենց օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է մշտադիտարկում անցկացնող առանձին մարմին ստեղծել, որը կհետեւի ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած առաջարկների իրականացմանը. «Ասացի, որ կարծում էի, թե ԱԺ մեծամասնությունը պետք է քաղաքական լրջախոհություն ցույց տար եւ աջակցեր ու մասնակիցը դառնար այդ հանձնաժողովի թե՛ ձեւավորմանը, թե՛ ընթացքին, քանի որ դա ուղղված է երկրի կայունությանը եւ ժողովրդավարական պարտավորությունների իրականացմանը: Ես նաեւ ասացի, որ թեեւ արձագանքներն առանձնապես հուսադրող չէին՝ մենք ժամանակ ենք տվել քաղաքական մեծամասնությանն իրենց առաջարկները ներկայացնելու, եւ հույս հայտնեցի, թե այնուամենայնիվ կդրսեւորվի քաղաքական լայնախոհություն: «Ագոյի» խումբը ողջունելի համարեց մեր առաջարկը: Խմբի ղեկավարն ասաց, թե կարծում է, որ լավ ձեւաչափ է առաջարկում Դաշնակցությունը. ժամանակավոր այդ հանձնաժողովը բարեփոխումների եւ ժողովրդավարությունը մի քայլ առաջ տանելու առումով լավ առաջարկ է»:
«Ագոյի» խմբի անդամներն, ընդհանուր առմամբ, այս հանդիպման ընթացքում, ըստ Լիլիթ Գալստյանի՝ ավելի շատ լսողի դերում էին. «Մեր կարծիքներին հիմնականում արձագանք չկար, եւ խոսեց միայն պատվիրակության ղեկավարը: Եվ ասենք, երբ ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Դավթյանը կառավարության իրականացրած բարեփոխումների մեջ առանձնացրեց կոռուպցիայի դեմ պայքարը, ընտրական մեխանիզմների կատարելագործումը՝ դա իրենց կողմից դիտարկվեց իբրեւ ճիշտ ընթացքի նշան, եւ ողջունեցին նաեւ դա»: Հավելենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպման ժամանակ «Ագոյի» խմբին տեղեկացրել է, որ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հարցով խորհրդարանում կրկին ստեղծվել է աշխատանքային խումբ, որի աշխատանքներին կմասնակցեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժեր:
Փաստարկված քննադատություն չէ՞ր
Նոյեմբերի 21-ին «Ագոյի» խմբի հետ հանդիպել է նաեւ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, եւ զրույցը հիմնականում ընթացել է «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրափակիչ զեկույցի եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Ըստ ԱԺ հաղորդագրության՝ «Պարոն Նիկոյանը նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովը դժվարին աշխատանքի արդյունքում ներկայացրել է ամփոփիչ օբյեկտիվ ու անաչառ եզրակացություն: Հանձնաժողովն իրադարձությունները քննելիս հիմնվել է ճշգրիտ փաստերի վրա, այդ պատճառով առայժմ հիմնավորված քննադատություն չկա ո՛չ իշխանական եւ ո՛չ էլ ընդդիմադիր կողմից»: Քանի որ արդեն երկրորդ անգամն է, որ պրն Նիկոյանը միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նման պնդում է անում՝ նրանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե չի հետեւում այն քննադատական հրապարակումներին ու գնահատականներին, որոնք հաջորդել են իրենց եզրակացությանը. «Ես ոչ թե ասում եմ, թե չի եղել քննադատություն, այլ՝ չի եղել այնպիսի փաստարկված քննադատություն, որը կվերաբերեր խնդիրներին, որոնք հանձնաժողովի գործառույթների մեջ էին եւ մենք դրանց վերաբերյալ տեսակետ չենք արտահայտել»: Սամվել Նիկոյանի համար ընդունելի էր այն քննադատությունը, որը վերաբերել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հակաքարոզչությունն ավելի որոշակի օրինակներով զեկույցում նկարագրված չլինելուն, որի մասին նշել էին մեր թերթը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Եվ մեզ հարց ուղղեց, թե դրանից բացի՝ «ի՞նչ այլ քննադատություն է եղել, որը կհամարեինք փաստարկված»: Ի պատասխան՝ հիշատակեցինք միտքն եկած առաջին իսկ օրինակը. եզրակացության մեջ նշվել է, թե մարտի 1-ի առավոտվա դեպքերի վերաբերյալ Փաստահավաք խմբից իրենք նյութեր չեն ստացել, մինչդեռ այդ խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը վկայել էր հակառակը, որ իրենց նյութերում եղել են առավոտյան դեպքերի մասին պատմող տեսագրություններ, պաշտոնատար անձանց պարզաբանումներ եւ այլն: Մամուլը սա գնահատել էր իբրեւ կոծկելու փորձ: Իսկ Սամվել Նիկոյանն այսպես պարզաբանեց, թե ինչու այդ քննադատությունը չի համարում փաստարկված. «Ես այդ տվյալներն ուսումնասիրել եմ: Եվ այդտեղ չեմ գտել մի տվյալ, որ լինի: Այսինքն՝ տվյալը հետեւյալն է. որեւէ տեսանյութ, որը վերաբերում է մարտի 1-ի առավոտվա իրադարձություններին: Չի՛ եղել նման բան: Կամ՝ մի տեղ գրված լիներ փաստահավաք խմբի տեսակետը. ես չե՛մ ունեցել այդպիսի փաստաթուղթ»:
Սամվել Նիկոյանը նաեւ պնդեց. «Քանի ժամանակն անցնում է եւ հասարակությունն ավելի հանգիստ վիճակում է լինում՝ ավելի օբյեկտիվ գնահատականներ են հնչում: Վերջիվերջո՝ մեր զեկույցի առաջարկների վերաբերյալ ընդդիմադիր երկու խմբակցություններն իրենց գոհունակությունը հայտնեցին»: Ի դեպ՝ ԱԺ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Ագոյի» խմբի անդամները «շնորհակալություն հայտնեցին պարոն Նիկոյանին տեղեկատվության, կատարված բարդ ու մանրակրկիտ աշխատանքի համար»: Սակայն երբ մենք ԱԺ փոխնախագահից հետաքրքրվեցինք, թե «Ագոյի» խումբն ինչպես է գնահատել «Մարտի 1-ի» հանձնաժողովի եզրակացությունը՝ պատասխանեց. «Իրենք չեն կարդացել: Ես մանրամասն ներկայացրի, թե ինչ առաջարկներ ենք արել: Եվ իրենք դրական գնահատեցին կատարված աշխատանքը՝ մեթոդոլոգիայի առումով»: