Գլուխ ութերորդ
ՀՐԱԺԵՇՏ ՖԵԼԻՆԻԻՆ
Եվ ես ժպտալով Հովիկին ասացի՝ «դու շատ լավ գիտես, որ արվեստագետի համար ամենադժվարն ու ամենակարեւորը փող ճարելն ա», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «կարեւոր ա, դրա համար էլ քեզ եմ հանձնարարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ըտենց հարցերում դու ինձնից հազար անգամ շնորհքով ես», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ես ենթադրում», եւ Հովիկն ասաց՝ «փաստորեն, դու էդ վեպիդ համար փող ճարել ես, բայց ես իմ ֆիլմի համար չեմ բաշարել ճարեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդ ինչի՞ց ա», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ նրանից ա, որ մի ֆիլմի փողով սաղ հայ գրողների վեպերը կարան տպեն», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ցավոք սրտի՝ էդպես ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կինոն շատ թանկ հաճույք ա», եւ ես ասացի՝ «բայց կինոյով ավելի շատ բան կարաս ասես, քան՝ վեպով», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած թե՝ ասողն ով ա», եւ ես ասացի՝ «որ կինոռեժիսոր ըլնեի, ոչ թե Մատենադարանի մասին կինո կնկարեի, այլ՝ էսօրվա մեր կյանքի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էսօրվա կյանքը նկարելու համար ամենաքիչը պիտի Ֆելինի ըլնես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞վ ա խանգարում, որ Ֆելինի ըլնես», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու ես խանգարում», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց եմ խանգարում», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «փող չես ճարում», եւ ես ժպտալով ասացի՝ «որ Ֆելինի ըլնեիր՝ փող հաստատ կճարվեր», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բա քե՞զ ով ա խանգարել, որ Ֆոլկներ ու Մարկես չես դառել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինձնից կախված ամեն ինչ արել եմ, բայց չի ստացվել» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ես պիտի կինոռեժիսոր դառած ըլնեի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տեղից վեր կացողն էսօր կինո ա նկարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու էլ կարաս փորձես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «արդեն շատ ուշ ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ինչ որ պիտի նկարեի, Ֆելինին արդեն նկարել ա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «Ֆելինիին ավելացնելու բան չունե՞ս», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինչ որ պիտի ավելացնեի՝ Կուստուրիցան արդեն ավելացրել ա», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «Կուստուրիցա՞ն ով ա», եւ ես զարմացած հարցրի՝ «Կուստուրիցային չես ճանաչո՞ւմ», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «ես շատ լավ եմ ճանաչում, բայց զարմանում եմ, որ դու էլ ես ճանաչում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «շատ ճիշտ ես արել, որ կինոռեժիսոր չես դառել», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի՞», եւ Հովիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Ֆելինիին ու Կուստուրիցային ավելացնելու բան չունես», եւ ես ժպտալով հարցրի՝ «դու ունե՞ս», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Մատենադարանի թեման ինձ, փաստորեն, փրկել ա», եւ ես ժպտալով ասացի՝ «տա Աստված՝ էլի փրկի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենակ Աստծով չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենք էլ մեր ձեռից էկածը պիտի անենք», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչն եմ ճիշտ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «կինոն շատ թանկ հաճույք ա» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «որ փող չտային՝ էդ Կուստուրիցան ո՞նց պիտի իրա էդ ֆիլմերը նկարեր», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կամաց-կամաց սկսում ես հասկանալ», եւ ես հարցրի՝ «ի՞նչն եմ սկսում հասկանալ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հարցի էությունը», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «առանց փողի՝ Ֆելինին էլ երեւի Ֆելինի չդառնար», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մի հարցում արդեն սխալվում ես», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ սխալվում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ֆելինին մեջներիցս միակն ա, որ երեւի առանց փողի էլ կինո կնկարեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ ոչ թե առանց փողի, այլ՝ քիչ փողով», եւ ես հարցրի՝ «քիչն ինչքա՞ն ա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քիչն էլ ա հարաբերական» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանց քիչն ու մեր քիչը շատ տաբեր են», եւ ես հարցրի՝ «մեր քիչն ինչքա՞ն ա», եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ «ուզում ես ճշտե՞ս՝ ինչքան փող պիտի ճարես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էրեւում ա՝ էդ պրոդյուսերի գործը շատ ես հավանել», եւ ես ժպտալով ասացի՝ «լա՜վ փող ճարող ես գտել», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշին գովալը շատ հեշտ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ փող տվողին ընդամենը պիտի բացատրես, որ՝ եթե մեր ֆիլմը չնկարվի, աշխարհն անտեղյակ կմնա մեր հոգեւոր ու ազգային արժեքներից», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ էլ համոզելու ձեւը գիտես», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեւն իմանալը շատ քիչ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի քիչ էլ էրեսդ պիտի պադոշ ըլնի», եւ ես նեղացած ասացի՝ «ուզում ես ասես՝ իմ էրեսը պադոշ ա՞», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ուրիշի համար ես ուզում, հեչ պարտադիր չի, որ էրեսդ պադոշ ըլնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մտքովս մի բան անցավ», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչ անցավ», եւ ես ժպտալով ասացի՝ «արի՝ դու իմ վեպի համար փող ճարի, ես՝ քո ֆիլմի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու քո վեպի համար լավ էլ ինքնուրույն ճարում ես», եւ ես ասացի՝ «արդեն ութերորդ հատորն եմ պրծնում, բայց ընդամենը չորս հատորն եմ գրքով տպել», եւ Հովիկը հարցրեց՝ «բայց թերթով շարունակվում ա, չէ՞», եւ ես ասացի՝ «մարդ կա՝ մենակ գրքով ա կարդում», եւ Հովիկը հարցրեց՝ «բայց թերթի տիրաժն ավելի մեծ չի՞», եւ ես ասացի՝ «մեծը մեծ ա, բայց մարդ կա՝ թերթով չի կարդում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արիսը թերթով ա կարդում», եւ ես ասացի՝ «Արիսին գրքերը չեմ տվել», եւ Հովիկը վրդովված ասաց՝ «ամոթն էլ ա լավ բան. էդ մարդն ամեն շաբաթ «Առավոտ» ա առնում» եւ մի քիչ մտածեց ու վրդովված ավելացրեց՝ «իրան որ գիրք չես տվել, բա ո՞ւմ ես տվել», եւ ես ասացի՝ «մի օր կտամ», եւ Հովիկը հարցրեց՝ «բա ի՞նձ երբ ես տալու», եւ ես ժպտալով ասացի՝ «որ գրքիս փողը ճարես՝ կտամ», եւ Հովիկը հարցրեց՝ «ումի՞ց պիտի ճարեմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հարուստներից», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քաչալը ճար ունենա՝ իրա գլխին ճար կանի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ձեր ցեղի մեջ քաչալ մարդ չկա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր ցեղի մեջ փող ուզող մարդ էլ չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փող ուզող տեսակ չենք», եւ ես հարցրի՝ «կարող ա՞ ես եմ փող ուզող տեսակ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պիտի շատ մեծ հոգու տեր ըլնես, որ ուրիշի համար փող ուզես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ես մեծ հոգու տեր ե՞մ», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «կյա՛նքը ցույց կտա», եւ ես ասացի՝ «ուրեմն, պայմանավորվեցինք», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչ պայմանավորվեցինք», եւ ես ասացի՝ «ես քո ֆիլմի համար եմ փող ճարում, դու՝ իմ վեպի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո գործը շատ հեշտ ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ա հեշտ. քո ֆիլմի համար հարուր անգամ շատ փող ա պետք», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «հարցը մենակ փողի քանակությունը չի», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչն ա», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «հարցի բարոյական կողմն էլ ա կարեւոր», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ բարոյական կողմ», եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ «որ էդ հարուստից ֆիլմիս համար փող ուզես, ո՞նց ես ուզելու՝ իրան ի՞նչ ես ասելու», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կասեմ, որ քո ֆիլմն ազգային ու հոգեւոր արժեք ա», եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ «բա ե՞ս ինչ եմ ասելու», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ես ինչ ասելու», եւ Հովիկը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «որ վեպիդ համար էդ հարուստից փող ուզեմ, իրան ի՞նչ եմ ասելու», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դու էլ կասես, որ իմ վեպն ա ազգային ու հոգեւոր արժեք», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «դժվար բան ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ էդ վեպդ չեմ կարդացել, ո՞նց կարամ ասեմ, որ ազգային ու հոգեւոր արժեք ա», եւ ես ասացի՝ «կտամ՝ կկարդաս», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «քանի՞ հատոր ես գրել», եւ ես ասացի՝ «արդեն ութերորդն եմ պրծնում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի լավ ա՝ ես իմ գլխի ճարը տենամ, դու՝ քո» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սաղ կյանքում ութ հատոր գիրք հազիվ կարդացած ըլնեմ, տնաշեն», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմի հատուկ կուրսեր կան», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչ հատուկ կուրսեր», եւ ես ասացի՝ «արագ կարդալ են սովորացնում. մի ժամվա մեջ կարաս մի հատ հաստափոր վեպ կարդաս», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ ես ժպտալով ասացի՝ «լենքին» եւ ժպտալով ավելացրի՝ «ոչ թե ձախից աջ են կարդում, այլ վերեւից ներքեւ՝ լայնքով մեկ», եւ Հովիկը հարցրեց՝ «բայց կարդացածը հասկանո՞ւմ են», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կարդացողից ա կախված», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ, ախպեր. ավելի լավ ա՝ ես իմ գլխի ճարը տենամ, դու՝ քո», եւ ես ժպտալով հարցրի՝ «չես կարա՞ առանց վեպս կարդալու գովաս», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «առանց կարդալու ո՞նց կգովեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «բա ես ո՞նց եմ առանց ֆիլմդ տենալու գովում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր չի, որ ֆիլմս տեսած չըլնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «տելեվիզորով հազար անգամ ցույց են տվել», եւ ես ժպտալով ասացի՝ «հազարից մեկ եմ տելեվիզոր նայում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու անսպասելի ասաց՝ «ղումար մի՛ խաղա», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ի՞նչ անեմ», եւ Հովիկը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «տելեվիզոր նայի» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ղումարից ոչ մեկը խեր չի տեսել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էս արդեն լրիվ լուրջ եմ ասում», եւ ես ժպտալով հարցրի՝ «էն մյուս բաները հանաքո՞վ էիր ասում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «փող ուզելը հատուկ տաղանդ ա պահանջում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Աստված մեկին կինո նկարելու կամ գիրք գրելու տաղանդ ա շնորհում, մի ուրիշին՝ փող ուզելու տաղանդ», եւ ես ժպտալով ասացի՝ «մի ուրիշին էլ փող ունենալու տաղանդ ա շնորհում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ փող ունեցողներին էլ որ մի քիչ փող տալու տաղանդ շնորհեր՝ ամեն ինչ տեղը կընկներ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դրանց ո՛չ թե փող տալու տաղանդ պիտի շնորհեր, այլ՝ ճի՛շտ մարդկանց փող տալու տաղանդ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ բարդ բան ես ուզում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ հարուստները գիրք չեն կարդում. ո՞նց պիտի որոշեն՝ Արմենի՞ վեպին փող տան, թե՝ ուրիշի», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, էս վեպս չես կարդացել», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի կտոր կարդացել եմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «որ սերիալի փող ճարեիր, էս վեպս չէիր նկարահանի՞», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կներես, բայց մինչեւ լրիվ չկարդամ՝ չեմ կարա ասեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ սկզբունքային եք, պարոն Հախվերդյան», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտես լավ ա՞» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սաղ կյանքում սկզբունքներիս պատճառով եմ տուժել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «սկզբունքային չըլնես էլ, մեկ ա, էլի տուժում ես», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «քո փորձից ե՞ս ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «հա», եւ Հովիկն ասաց՝ «էս ջահել ռեժիսորների պրեմիերաներին առաջ միշտ գնում էի, բայց որ ֆիլմը չէի հավանում՝ չէի կարում գովայի», եւ ես հարցրի՝ «հիմա չես գնո՞ւմ», եւ Հովիկն ասաց՝ «չէ», եւ ես հարցրի՝ «բա չեն նեղանո՞ւմ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ գնում ես, բայց ֆիլմը չես գովում, ավելի են նեղանում», եւ ես ժպտալով ասացի՝ «հեչ չեմ պատկերացնում, որ դու ինչ-որ մեկին գովաս, էն էլ՝ ռեժիսորի», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «որ չեմ գովում՝ ո՞նց կարաս պատկերացնես», եւ ես հարցրի՝ «Փարաջանովին ու Փելեշին էլ չես գովե՞լ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ցավոք սրտի, իրանք իմ գովեստի կարիքը ոչ մի անգամ չեն զգացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ գովեստները հեչ կարեւոր չեն», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչն ա կարեւոր», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորը պարապ չմնալն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «պարապությունից սիտս նեղվում ա», եւ ես ասացի՝ «պարապությունը քեզ հեչ չի սազում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես նկատել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չաշխատելն ու չապրելն իմ համար նույն բանն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու գոնե էդ բուքմեյքերականներում քեզ զբաղմունք ես գտել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ուզես թե չուզես՝ էս նոր սերիալներից պիտի նկարես», եւ Հովիկը զարմացած ասաց՝ «որ չեն առաջարկում՝ հո զոռով չե՞մ նկարի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի մտքներով չի անցնում, որ կհամաձայնվես», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց մտքով ամեն ինչ էլ անցնում ա», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի չգիտեն, որ հայկական սերիալի հիմնադիրը դու ես», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «էդ բանը մենակ դու գիտես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենակ քեզ եմ ասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իրար հետ շատ ուժեղ սերիալ կնկարեինք», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանալի ա, որ քեզ է՛լ չեն պատվիրում» եւ ես հարցրի՝ «ի՞նչ չեն պատվիրում», եւ Հովիկն ասաց՝ «սերիալի սցենար», եւ ես ասացի՝ «իրանք չգիտեն, որ հայկական սերիալի հիմնադիրն եմ», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «հայկական սերիալի հիմնադիրը ե՛ս եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու գրավո՛ր սերիալի հիմնադիրն ես», եւ ես ժպտալով ասացի՝ «իրանք չգիտեն», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երեւի մտքներով չի անցնում, որ կհամաձայնվես», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «ես առանց էդ էլ գրում եմ», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչ ես գրում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «սերիալ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ վեպիդ հիման վրա կարաս սերիալի սցենար գրես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հետաքրքիր հատվածներն առանձնացնում ես, դրանց հիման վրա սցենար ես գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դժվար բան ես ասում», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «խի՞ ա դժվար», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որովհետեւ էս վեպիս մեջ անհետաքրքիր հատվածներ չկան», եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կարդացել եմ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «գրելուց հետո կարդում էլ ե՞ս», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ծերից ծեր կարդացել եմ», եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ «արագացված մեթոդով ե՞ս կարդացել» եւ շուրջը նայելով փռթկացրեց՝ «լենքի՞ն», եւ ես ժպտալով ասացի՝ «չէ՝ սովորական», եւ Հովիկը խղճահարությամբ նայեց ինձ ու ասաց՝ «էդքանը ոնց էլ կարդացել ես, տնաշեն», եւ ես ժպտալով ասացի՝ «տարոսը քեզ», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «որ կյանքն ստիպի, ես էլ կարող ա կարդամ», եւ ես ասացի՝ «որ իրար հետ սերիալ նկարենք, ստիպված կկարդաս», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ խելք ունենան՝ մեզ զակազ կտան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ էրկուսս էլ սերիալի հիմնադիր ենք», եւ ես ասացի՝ «առաջին սերիալներն էլ եմ ես թարգմանել», եւ Հովիկն ասաց՝ «հիշում եմ. Սերգուշի ու Տավրոսի հետ էիք անում», եւ ես ասացի՝ «մի քանի տարի էդ թարգմանություններով եմ ապրել», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «փոխանակ քո սերիալը գրեիր, ուրիշների գրածն էիր թարգմանում» եւ ես համաձայնվելով ասացի՝ «հա», եւ Հովիկը հարցրեց՝ «մի քանի տարի էլ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն էիր, չէ՞», եւ ես ասացի՝ «էդ հազար տարի առաջ էր», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «փոխանակ ուրիշները քո տուն-թանգարանում աշխատեին, դու էիր ուրիշի տուն-թանգարանում աշխատում», եւ ես ժպտալով ասացի՝ «նախ պիտի նորմալ տուն ունենաս, հետո նոր՝ տուն-թանգարան», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «որ իրար հետ սերիալ նկարենք, տուն-թանգարանդ էս էլիտար շենքերից մեկում կըլնի», եւ ես հարցրի՝ «սերիալի համար էդքան լավ ե՞ն վճարում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի», եւ ես հարցրի՝ «էս հայկական սերիալները նայում ե՞ս», եւ Հովիկը հարցրեց՝ «դու նայում ե՞ս», եւ ես ասացի՝ «չէ», եւ Հովիկը հարցրեց՝ «բա ե՞ս խի պիտի նայեմ», եւ ես ասացի՝ «ժողովուրդը նայում ա», եւ Հովիկը հարցրեց՝ «բա դո՞ւ խի չես նայում», եւ ես ասացի՝ «էդ ժամերին տանը չեմ ըլնում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ղումարն ինչքան շուտ թարգես՝ էնքան լավ», եւ ես ասացի՝ «ղումար չեմ խաղում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ բուքմեյքերական խաղերն էլ են ղումար», եւ ես ասացի՝ «որ իրար հետ սերիալ նկարենք, էլ չեմ խաղա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էսօր ով չի ալարում՝ կինո ա նկարում», եւ ես հարցրի՝ «բա մե՞նք ինչ պիտի անենք», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մոտենանք՝ խունկ գցենք»:
Հիմա իմ ու Հովիկի էս խոսակցությունը հիշելով՝ մտովի տեղափոխվում եմ էն ժամանակները, երբ «Պարադիզում» Սերգուշի ու Տավրոսի հետ առաջին՝ «Սուրճ կնոջ բուրմունքով» սերիալն էինք հայերենի վերածում, եւ քանի որ էդ սերիալը Տավրոսի հետ կիսովի էինք թարգմանում, իրարից հարցուփորձով իմանում էինք, թե մոտակա սերիաներում ինչպիսի ընթացք են ստանում արժանահիշատակ Գավիոտայի անձնական գործերը, եւ ես ու Տավրոսը մեր չթարգմանած հատվածներն իրարից իմանալով՝ Գավիոտայի անձնականի մասին իրազեկում էինք մեր հարազատներին, մեր հարազատներն էլ՝ մեր հարեւաններին ու բարեկամներին, սրանք էլ՝ իրենց ամենամոտիկներին, եւ մի պահ եղավ, երբ իմ ու Տավրոսի բերանբացության պատճառով ողջ քաղաքն իրարից իմանում էր մեր էդ առաջին սերիալի մոտալուտ բովանդակությունը՝ նախքան Հ1-ով կցուցադրեին, եւ երբ բանը բանից անցավ, մեր էդ կրկնօրինակման գլխավոր պատասխանատուն մեզ ու Սերգուշին խստիվ նախազգուշացրեց, որ եթե մեր էդ հրապարակայնությունը շարունակենք, ինքն ուրիշ թարգմանիչներ կճարի, եւ չնայած ես ու Տավրոսը հասկանում էինք, որ էդ պահի դրությամբ էդ գործում անփոխարինելի ենք, եւ չնայած Սերգուշն էլ էր էդ բանը հասկանում, այդուհանդերձ, Սերգուշն էլ ի՛ր հերթին մեզ խստիվ նախազգուշացրեց, եւ դրանից հետո արդեն միայն մորս էի էդ սերիալի հետագա բովանդակությունը պատմում՝ խստիվ նախազգուշացնելով, որ հանկարծ որեւէ մեկին չպատմի, եւ չնայած մայրս խոստանում էր չպատմել, այնուամենայնիվ, իր մի քանի ամենամոտիկներին պատմում էր՝ իր հերթին սրանց նախազգուշացնելով, որ որեւէ մեկին չպատմեն, եւ արդեն միայն իր ամենամոտիկներին պատմելով՝ մայրս իր ամենամոտիկների համար չափազանց արտոնյալ վիճակ էր ապահովում, որովհետեւ քաղաքում արդեն միայն բացառիկներն էին տեղյակ Գավիոտայի բարդ ու դժվարին կյանքի հետագա ընթացքից, մանավանդ որ՝ Տավրոսն էլ իրեն էր զսպում, եւ Սերգուշն, ինչպես միշտ, զուսպ էր, եւ երեքս էլ գոհ էինք՝ ոչ միայն աշխատավարձից, այլեւ էն հանգամանքից, որ մենք Գավիոտայի մասին ավելին գիտեինք, քան՝ մշտապես սպասողական վիճակում գտնվող մեր հայրենակիցները:
Ահագին շեղվեցի: Ընդամենն ուզում էի հիշել ու ձեզ էլ տեղեկացնել, որ էդ առաջին ու ամենաերկար սերիալը ես էի թարգմանում՝ Սերգուշի ու Տավրոսի ընկերակցությամբ, եւ էդ օրերը սիրով հիշելով՝ ինքս ինձ էլ եմ սիրով հիշում, որովհետեւ թարգմանական էդ տառապանքի շնորհիվ, փաստորեն, չորս տարի անընդմեջ իմ ու մերձավորներիս հանապազօրյա հացն ապահովված էր, եւ որպեսզի ավելի լավ պատկերացնեք՝ ինչպիսի տաժանակիր աշխատանք էր, ասեմ, որ ես ու Տավրոսը պարտավորված էինք օրումեջ մի սերիա ապահովել եւ իրիկվա կողմ ներկայացնել կրկնօրինակողներին, ու էդ ամբողջ գործի պատասխանատուն մեր կողմից Բաբայան Սերգուշն էր, որը ոչ միայն իմ ու Տավրոսի աշխատանքն էր վերահսկում, այլեւ վերահսկում ու իրականացնում էր կրկնօրինակման ողջ գործընթացը՝ ամենասկզբում Մնացականյան Լալայի, իսկ «Բլանկոյի այրիից» սկսած՝ Սաթիկի հետ, որովհետեւ Լալան էդ գերծանրաբեռնվածությանն ընդամենը մի սերիալի չափ դիմացավ եւ «Սուրճ կնոջ բուրմունքովը» հորովմորով անելով ու Գավիոտային բարի բախտի հասցնելով՝ ճողոպրեց ու հեռացավ մեզանից, որովհետեւ Լալան մշտապես հիշում էր, որ ինքը նաեւ Սունդուկյանի թատրոնի դերասանուհի է, մինչդեռ մեր էդ դժոխային աշխատանքը մեզ ամեն ինչից կտրում էր, ու ես էլ պոեզիան էի պակասեցրել եւ եթե երբեմն գրում էի՝ ընդամենն անտիպոեզիա էի գրում, բայց Լալան, ընդհակառակը, մեր էդ սերիալից ստացվող կանոնավոր եկամուտը զոհաբերեց դերասանական իր կարիերային՝ կրկնօրինակողի իր դերը մեծահոգաբար զիջելով Սաթիկին, եւ չնայած Սաթիկն էլ էր դերասանուհի, բայց, ի տարբերություն Լալայի, դեռեւս անվանի չէր, եւ կրկնօրինակման էդ տառապանքը Սաթիկի համար գերագույն հաճույք էր, որովհետեւ էդ տաժանակրությունը Սաթիկի համար դերասանական ինքնադրսեւորման հրաշալի հնարավորություն էր, ու երեւի էդ տաժանակրությունը Սերգուշի համար էլ էր ստեղծագործական գործընթաց, որովհետեւ Սերգուշը դերասանական տաղանդի տեր լինելով ու գրեթե ողջ գիտակցական կյանքում Դրամատիկական թատրոնում աշխատելով՝ գլխավոր ու իր սրտի ուզած դերերը չէր ստացել, եւ ահա՝ մեր էդ սերիալների տղամարդկանց բոլոր դերերն անխտիր իրենն էին, իսկ կանանց դերերը՝ Սաթիկինը, եւ հատկապես Սաթիկի դեմքից էր ժպիտն անպակաս, եւ դրանք նոր հազարամյակի առաջին ամիսներն էին, երբ դոլարը Հայաստանում դեռեւս դոլար էր, եւ ժպիտն ու ուրախությունն էլ նույնիսկ էդ թվերի դոլարով հնարավոր չէր ձեռք բերել, բայց մենք ու մանավանդ Սաթիկը ձեռք էինք բերել, եւ դրա պատճառը ոչ միայն մեր երեք հարյուր դոլար աշխատավարձն էր, այլեւ՝ անձամբ մեր կյանքի փոփոխված ռեժիմն ու ռիթմը, եւ հիմա էսպես հետին թվով մտածելով՝ սկսում եմ հիշել, որ նաեւ Տավրոսի կյանքի իմաստն էր ահագին փոխվել, եւ եթե նախքան էդ Տավրոսը հիմնականում ընկերների հաշվին էր խմում, մեր էդ սերիալների ընթացքում արդեն հիմնականում ինքն էր իր բաժակակիցներին հյուրասիրում ու պատիվ տալիս:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ