Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿԱՀԱՐ, ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 21,2009 00:00

\"\"Անատոլի Ալեքսանյանի հիշատակին

Անվանի ջազ երաժիշտ, գործիքավորող, կոմպոզիտոր, ջազ-նվագախմբի ղեկավար Անատոլի Ալեքսանյանի կյանքն ընդհատվեց պրոֆեսիոնալ առումով՝ փառքի գագաթնակետում: Նա կառուցեց իր աշխարհը եւ հիմա կարող է հավերժ վայելել իր տքնաջան աշխատանքի պտուղները: «Ես երաժշտություն չեմ գրում: Ես այն նվեր եմ ստանում: Հոգով լսելու ունակությունն անհամեմատելի բարձր է ականջներով լսելուց: Իսկ հոգով ընկալված եւ հնչյուններով մարմնավորված տեղեկությունը բացառում է կեղծության հնարավորությունը եւ, անշուշտ, համարվում է ամենամեծ պարգեւը: Դա է իմ գոյության միակ արդարացումը:
Դա է իմ ճանապարհը…»:
Նա աշխատում էր բզեզի պես եւ պատրաստ էր անգամ չնչին վարձատրությամբ կատարել ինչ պատահի՝ իր եւ իր շրջապատի բեւեռին անհարիր աշխատանքներ, ասենք՝ երգել հայկական հարսանիքներում «Արա վայ-վայը»: Թեեւ ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նկատեմ, որ նրան այն մարդիկ էին հրավիրում հարսանիքների, ովքեր հոգնել էին անտանելի ռաբիսից եւ ցանկանում էին զուլալ հայկական երաժշտություն լսել:
Սակայն դեռեւս երիտասարդ տարիքում, երբ նա ընկավ ջազ երաժիշտների շրջապատ, հասկացավ, որ «ջազային իմպրովիզացիան ազատ նվագ չէ, այլ խիստ տեխնոլոգիա, ձայնային տիրույթի կազմակերպում»: Եվ մինչեւ կյանքի վերջ նա հավատարիմ մնաց ջազին: Ճաշակ եւ աշխատասիրություն՝ ահա իսկական տաղանդի բաղկացուցիչ մասերը: Բավական էր ինչ-որ բանից ոգեշնչվեր, եւ մեկ գիշերվա մեջ ոչ միայն կարող էր հրաշալի ստեղծագործություն հորինել, այլեւ նոտագրել: Իր կյանքը երկու բառով նա այսպես էր ներկայացնում. «Ես հասել եմ իմ մուրազին: Նվագել եմ տարբեր նվագախմբերում: Իմանալով, որ ինչ-որ տեղ լավ նվագախումբ կա, ես գնացել եմ այնտեղ, ներդրվել, նվագել, իսկ երբ այն դարձել է անհետաքրքիր, շարժվել եմ առաջ…»:
Անատոլի Ալեքսանյանը միակ, համենայնդեպս՝ Կիեւում, ռեստորանային նվագող տնօրենն էր (կինոյի տան «Բաբելոն» ռեստորան): Նա կարող էր դուրս գալ, հաճույքով նստել «Ֆյորստեր» դաշնամուրի առաջ եւ նվագել հարգարժան հյուրերի համար՝ «իրենց» երաժշտությունը: Դա նման էր բժշկի նշանակած դեղահաբի՝ հոգեկան առողջության եւ հավասարակշռության համար: Իսկ նրա երաժշտությունը դարմանում էր ոչ միայն մարդու հոգին:
Նրա «ռեստորանային շեֆությունը» հիանալի կերպով զուգակցվում էր «Բաբելոնի» հետնամուտքի բաղձալի դռնով, որից այն կողմ մի փոքրիկ, սակայն հիանալի ակուստիկայով եւ ձայնամեկուսացմամբ սրահում օրվա հարաբերական հանգիստ ժամերին ընկերների հետ կարգին երաժշտություն էր ձայնագրում:
Այստեղ էլ ծնվել էր «Jazz Impression»-ը: Առաջին ջազ- փառատոն եւ առաջին հաղթանակ, եւ 20 տարի շարունակ նվագախումբը մնաց մի անգյուտ երեւույթ՝ ոչ միայն կիեւյան, այլեւ ուկրաինական նվագախմբերի մեջ:
Ալեքսանյանը քաջ գիտակցում էր, որ պետք է աճեցնել նրանց, ում վաղը պետք է հանձնել էստաֆետը: Վերջին տարիներին նրա խմբում սկսել էր երգել դուստրը՝ Անահիտը:
Ճիշտ այդպես էլ հասկանում էր, որ ապագա չունի նա, ով չի հիշում իր անցյալը: Իսկ դա Հայաստանն էր՝ իր ապուպապերի բնօրրանը՝ Սեւանը, պապական տունը՝ Ծովագյուղը: Քանի՜ անգամ է նա «իր դաշտում» համերկրացիների ընդունել, երբեմն՝ կարծես Կիեւի ողջ հայ համայնքին:
Եվ ամեն անգամ նա իր երաժշտությամբ մուտք էր գործում այնտեղ, ուր Ուկրաինայի հայկական սփյուռքը մեծարում էր վետերաններին, փառատոներ, ստեղծագործական երեկոներ, տոնական համերգներ անցկացնում:
Նախապայմանը միայն մեկն էր՝ ուժեղ տղաների ուղարկեք. գործիքներն ու ակուստիկ հարմարանքները ծանր են:
Սերգեյ Փարաջանովի հիշատակին նվիրված երեկոյի ժամանակ առաջին անգամ ջազ նվագախմբի հետ միաժամանակ լսվեցին ուկրաինական ժողովրդական բանդուրայի եւ հայկական ժողովրդական դուդուկի նվագները: Այդ օրվանից դուդուկը դարձավ «Jazz Impression» խմբի հիմնական «ձայներից» մեկը…
Անցել է ուղիղ մեկ տարի, եւ ահա նոյեմբերի 21-ին, մեր սիրելի Տոլիկի մահվան օրը, «Եվրատեսիլ-2009» մանկական փառատոնին Ուկրաինան ներկայացնելու է … Անդրանիկ Ալեքսանյանը: Կարծում եք՝ պատահականությո՞ւն է: Ոչ, Աստծո գրասենյակում պատահականություններ չեն լինում: Ավելին. Ալեքսանյանը երգեր է գրել Ալեքսանյանի համար:
Կյանքը շարունակվում է: Մեզնից յուրաքանչյուրի կյանքում նոր մարդիկ են հայտնվում: Բայց այսօր, երբ մեզ բոլորիս, ովքեր անձամբ էինք ճանաչում Տոլիկին, եւ նրանց, ովքեր նրան ուսուցիչ էին համարում, հանդիպում է սպասվում նոյեմբերի 21-ին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել