Երեկ ՀՖՖ շտաբ-բնակարանում նախագահ Ռուբեն Հայրապետյանը
հանդես եկավ տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսով:
Հետադարձ հայացք ձգելով մրցաշրջան-2009-ին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը փաստեց, որ հիասթափությունները գերակշռում էին եւ ամեն ինչ հիասթափեցրեց այս տարի, բացի հաղթանակներից: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանի առաջնությունն անցավ շատ լարված եւ հետաքրքիր պայքարում, ինչի արդյունքն էլ այն էր, որ մինչեւ վերջին տուրերը թե՛ հետնապահ եւ թե՛ առաջատար թիմերը համառ պայքարի մեջ էին գտնվում: Ինչ վերաբերում է հավաքականների մրցելույթներին, ապա դրանք պարոն Հայրապետյանն անբավարար գնահատեց. «Մեր հավաքականները հիմնականում վատ հանդես եկան: Բնականաբար, դրա համար կային եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ»: Թե որո՞նք էին այդ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները եւ ինչու՝ «բնականաբար», ՀՖՖ նախագահը չպարզաբանեց: Փոխարենը, նշեց հերթական անգամ, որ այնուամենայնիվ մենք ունենք պատանիների մի սերունդ, որի համար ազգային հավաքականը արժեք է ու որը խաղադաշտ է դուրս գալիս այդ արժեքի գիտակցումով:
Ինչ վերաբերում է կանանց եւ աղջիկների ֆուտբոլի հարցերին, ապա դրանք խիստ ցավոտ են Ռ. Հայրապետյանի համար եւ նա պարզապես հրաժարվեց որեւէ պատասխան տալ:
Նա չմոռացավ նաեւ հերթական «խայթոցը» կատարել «Արարատի» ղեկավարության հասցեին: Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք նոր թիմեր չեն ավելանա առաջին խմբի առաջնությունում, որտեղ արդեն այսօրվա դրությամբ «Արարատին» կարելի է համարել ուղեգիր նվաճած եւ մրցակցությունն անիմաստ է դառնում, ՀՖՖ նախագահը ասաց. «Անիմաստ ոչինչ չկա: «Արարատի» ղեկավարները երազում էին դառնալ առաջին խմբի չեմպիոն ու նրանց երազանքը իրականացնելու հնարավորություն է տրվում»: Միեւնույն ժամանակ, սակայն, նշվեց, որ մի քանի ակումբներ արդեն ցանկություն են հայտնել մասնակցել առաջին խմբի առաջնությանը:
Անդրադառնալով լրագրողների կողմից բարձրացված՝ հավաքականի գլխավոր մարզչի խնդրին եւ հավանական թեկնածուների ցուցակին, ՀՖՖ նախագահը փոքր-ինչ ագրեսիվ վարք դրսեւորեց. «Ձեր ինչի՞ն է պետք այդ ցուցակը: Միգուցե դուք նստեք իմ կողքին՝ բանակցություններ վարեք»: Ապա՝ արդեն ավելի հավասարակշիռ տոնով Ռ. Հայրապետյանը փաստեց, որ բանակցություններ են վարվում բազմաթիվ մարզիչների հետ՝ լավագույններից լավագույնին ընտրելու նպատակով: Ամեն դեպքում, ըստ ՀՖՖ նախագահի՝ մեր ազգային թիմի գլխավոր մարզչի ընտրությունը պայմանավորված չէ հերթական մրցափուլի վիճակահանության արդյունքներով, առավել եւս՝ մեր թիմն այսօր դեռ ունի գործող գլխավոր մարզիչ՝ Վարդան Մինասյան: Սակայն, ինչպես հիշում ենք, ընդամենը երկու շաբաթ առաջ նույն Վարդան Մինասյանը մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ իր պայմանագիրը ՀՖՖ-ի հետ արդեն ավարտվել է: Ռուբեն Հայրապետյանը Մինասյանի այս հայտարարությունը չմեկնաբանեց՝ առաջարկելով մեկնաբանությունների համար դիմել հենց մարզչին:
Միեւնույն ժամանակ ՀՖՖ նախագահն արձանագրեց, որ հերթական՝ թվով արդեն երրորդ անգամ առաջարկ է կատարել Սերխիո Մարգարյանին եւ մինչեւ դեկտեմբերի 10-ը ակնկալում է ստանալ նրա դրական պատասխանը:
Հայրապետյանն անդրադարձավ նաեւ հայազգի Խոակին Պողոսյանին՝ մեր ընտրանի ներգրավելու հնարավորությունների մասին՝ փաստելով, որ այդ հարցը 90%-ով կարգավորված է եւ մոտ օրերս արդեն ակնկալվում է Խոակինի համաձայնությունը: Իսկ ինչ մնում է Հայաստանի առաջնությունում հանդես եկող լեգեոներներին մեր թիմ հրավիրելու հավանականությանը, ապա, նման հնարավորություն՝ ըստ գործող ընթացակարգի, ունի միայն Ալեքսը՝ «Միկայից», ում խաղամակարդակը Ռ. Հայրապետյանը բավարար չի համարում:
Անդրադառնալով «Միկայի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Աղվան Մկրտչյանի որակազրկման խնդրին եւ Վարդան Մինասյանի այն հայտարարությանը, թե հավաքականի ֆուտբոլիստի հանդեպ կարելի է կիրառել ավելի մեղմ պատժամիջոց, ՀՖՖ նախագահը փաստեց, որ Մինասյանը նման խնդրով դեռ չի դիմել: Իսկ հենց Հայրապետյանն էլ կարծում է, որ «եթե ֆուտբոլիստը արարք է գործել, ապա պիտի պատժվի»:
Եվ վերջապես, խոսելով կազմակերպչական, ֆինանսական խնդիրների մասին՝ Ռուբեն Հայրապետյանը ցավով փաստեց, որ հերթական անգամ կառավարությունը բյուջեից գումար չհատկացրեց ֆուտբոլին: «Շատ վատ է, որ բյուջեում նախատեսված չէ գումար՝ ֆուտբոլի զարգացման համար: Իմ կարծիքով, դա սպորտի նախարարության եւ մյուս մարզական կառույցների անլուրջ մտածելակերպի եւ հոգեբանության հարց է»: Փոխարենը, ՀՖՖ նախագահը նշեց, որ արդեն առաջիկա սեպտեմբերի 1-ին կկայանա հավաքականների տեխնիկական մարզաբազայի բացման արարողությունը: Ըստ Հայրապետյանի, արդեն այսօր պատրաստ են նախատեսված 9 խաղադաշտերից 3-ը, եւս 2-ը պատրաստ կլինեն մինչեւ սեպտեմբեր, եւ այս մարզաբազան կդառնա մեր ֆուտբոլի ապագան: