«Կարելի էր միջոցառումներ կազմակերպել եւ նվազագույն ծախսերով շենքը պահպանել, բայց իրականում գիտակցված անտարբերությամբ երկու տարի շարունակ հովանավորվեց եկեղեցու վախճանը, եւ դա տեղի ունեցավ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը՝ նկատի ունենալով Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին (1356թ.): Նրա խոսքով, առանձնահատուկ ճարտարապետությամբ հայտնի եկեղեցին մինչեւ 1989թ. ժողովրդական արվեստի թանգարան է ծառայել, նույն թվականից էլ թանգարանի ցուցանմուշները տեղափոխվել են, իսկ եկեղեցին մնացել է անտեր ու անխնամ: Պարոն Կարապետյանն ասաց, որ վերջին անգամ Սբ. Գեւորգ այցելել է նախորդ տարի ու զարմացել, թե ինչպե՞ս է եկեղեցին շարունակում կանգուն մնալ. «Շենքն ուներ այնպիսի լայն ճեղքեր, որ մարդ հանգիստ կարող էր եկեղեցի մուտք գործել այդ անցքերից: Եկեղեցիների խաչքարերը որպես շինանյութ էին օգտագործում, շենքերը ախոռների վերածում: Ամբողջ հարցն այն է, որ շատ կորուստներ ունենք հատկապես անտարբերության կամ ժամանակի քայքայիչ գործունեության պատճառով»: Բանախոսը փաստեց, որ նույն անտարբերության հետեւանքով մի եկեղեցի էլ փլուզվել է Սիսիանում. «Այս օրինակները շատ են, ի տարբերություն Սբ. Գեւորգ եկեղեցու, Հայաստանում եկեղեցիների փլուզմանը նպաստում է երկու հանգամանք՝ ֆինանսական միջոցների բացակայությունը, իսկ ավելի հաճախ՝ սրտացավության պակասը… Սեփական մշակույթի հանդեպ ծով անտարբերություն կա»:
Պարոն Կարապետյանը դժվարացավ ասել՝ կա՞ն հայ ճարտարապետներ, որոնց արժե վստահել հուշարձանների վերականգնման գործը. «Վերականգնում աղաղակողները երբեմն այնպիսի՜ սխալներ են թույլ տալիս… օրինակ, եթե հիմա գնաք ու տեսնեք Հաղարծինի Սեղանատունը, կապշեք… 13-րդ դարի արձանագրություններ ունեին, մինչդեռ վերականգնելիս շլիֆոֆկա են արել ու մեր պատմությունը վերացրել, եւ սա արել են ոչ թե թուրքը կամ վրացին, այլ մեր տգիտությունն ու անհոգությունը»:
Պարոն Կարապետյանը իբրեւ անտարբերության օրինակ մատնանշեց նաեւ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգի հարեւանությամբ գտնվող Սուրբ Նշան- սբ. Նիկողայոսի եկեղեցին, որը տարիներ առաջ հրդեհվել էր. «Հրդեհի օրվանից առայսօր անտեր վիճակում է ու վերածվել է թաղամասի հասարակական զուգարանի՝ 80 000-100 000 հայ համայնքի աչքի առաջ: Թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում ու Արցախում՝ ամենուր տեսնում ենք սրտացավության պակաս սեփական մշակույթի նկատմամբ»: Սամվել Կարապետյանը անդրադառնալով Ադրբեջանում հայկական հուշարձանների ավերմանը, հավելեց, որ Նախիջեւանում հայկական 218 վանք-մատուռներից հիմա ոչինչ չի մնացել: