Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմիտասյան ղողանջ

Նոյեմբեր 21,2009 00:00

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Թամար Հովհաննիսյանը Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված գրական-երաժշտական իր կոմպոզիցիան ներկայացրել էր այս տարվա գարնանը՝ Լիբանանում: Բեյրութի «Դեմիրճյան» կենտրոնում եւ Այնճար հայաբնակ քաղաքի Հայ ավետարանական եկեղեցու սրահում արվեստագետի կոմիտասյան կոմպոզիցիան լայն արձագանքի է արժանացել տեղի «Խոսնակ», «Կամար» ամսագրերում, «Զարթոնք», «Ազդակ», «Արարատ» թերթերում:
Երեկ հիշյալ կոմպոզիցիայի ունկնդիրը եղավ նաեւ հայ հանդիսականը՝ Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում:
Կոմպոզիցիայի գրական բաժնի հիմքում ընկած է հատվածներ Մուշեղ Գալշոյանի «Ծիրանի ծառ» պատմվածաշարից եւ Թամար Հովհաննիսյանի «Կոմիտասյան ստեղնաշար» նովելից: Մեկը մյուսին լրացնելով, ներկայացվեց ամփոփ գեղարվեստավավերագրական պատում՝ Կոմիտասի կյանքի ու նրա գործի անանց արժեքի մասին: Հնչեցին նաեւ Թ. Հովհաննիսյանի բանաստեղծությունները՝ նվիրված Կոմիտասին եւ Մուշեղ Գալշոյանին: Ուշագրավ էր, որ կոմիտասյան երգերի ձայնագրությունները հնչեցին հենց վարպետի եւ նրա երգերի բոլոր ժամանակների անզուգական մեկնաբան Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ: Գրական-երաժշտական կոմպոզիցիան ներկայացրեց միայն վերջինիս հեղինակը եւ կատարողը՝ Թ. Հովհաննիսյանը: Նշենք, որ նրա բեմական խոսքը օժտված էր արտիստականությամբ եւ գրավչությամբ, իսկ դաշնամուրային կատարումները՝ վարպետությամբ: Երաժշտագետի կատարմամբ հնչեցին Կոմիտասի նախընտրելի կոմպոզիտորներից՝ Բախի եւ Հենդելի ստեղծագործությունները: Շուրջ 2 ժամ դահլիճում «ղողանջում» էր Պարույր Սեւակի թեւավոր խոսքով հավերժացած կոմիտասյան ոգու «Անլռելի զանգակատունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել