Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Նոյեմբեր 21,2009 00:00

Կամ ինչպես է Սամվել Սեւադան լուսանկարը հասցրել
գեղանկարի աստիճանի

Սամվել Սեւադայի գեղանկարչական եւ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը արվեստագետի 60-ամյա հոբելյանի առիթով էր: Օրերս Նկարիչների միության տանը ներկայացվեց գեղանկարչի մոտ 145 լուսանկարչական եւ 40 գեղանկարչական աշխատանքներ: «Առավոտի» հետ զրույցում պրն Սեւադան ասաց, որ ցուցահանդեսում ընդգրկվել են իր վերջին տարիներին կատարած ու սիրված աշխատանքները. «Գեղանկարչական աշխատանքներս ինձ հոգեհարազատ՝ աբստրակտ ոճում են, իսկ լուսանկարչական գործերում մեր կյանքը, ապրումներն ու ապրելակերպն եմ արտացոլել»: Արվեստագետի բնորոշմամբ, իր ստեղծագործությունների առանձնահատկությունը պարզության եւ մարդամոտության հանգամանքով է պայմանավորված. «Աշխատանքներս շատ տարբեր են, քանի որ ամեն օր արթնանում եմ նոր ասելիքով: Այսօր ինձ համար քննություն է՝ առաջին հերթին ինձ եմ հանձնելու, երկրորդը՝ հասարակությանը»: Պարոն Սեւադայի կարծիքով, երիտասարդ հայ լուսանկարիչները թերանում են հատկապես գեղանկարչական կրթության հարցում. «Ովքեր գալիս են ինձ մոտ լուսանկարչություն սովորելու, առաջին հերթին հանձնարարում եմ նկարել, որ իմանան՝ ինչ ասել է լույս, ստվեր, գույն, կոմպոզիցիա»: Արվեստագետի բնորոշմամբ, երիտասարդ ստեղծագործողներին պակասում է նաեւ յուրօրինակ մտածողությունը. «Լուսանկարչությունը միայն ֆոտոխցիկի օբեկտիվը պտտեցնելը չէ, դրանից առաջ մի շարք կարեւոր բաներ կան»: Իսկ երիտասարդ գեղանկարիչներն էլ, պարոն Սեւադայի համոզմամբ, թերանում են աշխատասիրության եւ գեղարվեստական գրականություն կարդալու հարցերում՝: Չնայած սրան, մեր զրուցակիցը միաժամանակ փաստում է, որ, ի տարբերություն արտերկրի երիտասարդ գեղանկարիչների, հայերը աչքի են ընկնում գունային առանձնահատուկ, վառ ներկապնակի ընտրությամբ:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն «Առավոտին» ասաց, որ եթե նախկինում լուսանկարչությունը դիտվում էր որպես փաստագրական երեւույթ, հիմա դրան այլ դիտակետից են նայում. «Լուսանկարչությունն իր մեջ մեծ պոտենցիալ ունի, եթե դու նկարիչ ես՝ անպայման չէ վրձնով կամ մատիտով աշխատես, Սեւադան իր աշխատանքներով փորձեց ցույց տալ, որ լուսանկարչությունը եւս կարող է արվեստի բարձրության հասնել»: Պարոն Աղամյանի կարծիքով, լուսանկարչական տեխնիկա ունենալը եւ լուսանկարչությամբ զբաղվելը դեռ ոչինչ չի նշանակում. «Անհրաժեշտ է գեղանկարչական, գեղագիտական պատրաստվածություն, ինչն ունի Սամվելը»:
Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն էլ ցուցահանդեսում հասցրել էր զարմանալ, երբ տեսել էր իր լուսանկարը. «Ինձ համար մեծ անակնկալ էր, որ իմ լուսանկարը այստեղ տեսա, մենք ընդհանրապես ծանոթ չէինք, եւ չեմ էլ զգացել՝ երբ է Սամվել Սեւադան լուսանկարել: Շատ հաճելի է նաեւ, որ լուսանկարիչները գեղարվեստական էսթետիկայի դաշտում են ապրում»: Պարոն Աղաբաբյանի համոզմամբ, հային հատուկ էսթետիկայով՝ հայ լուսանկարիչները չեն թերանում. «Ընդամենը զիջում ու կաղում ենք տեխնիկայի հարցում»:
Առաջին անհատական ցուցահանդեսով Սամվել Սեւադան արվեստասերներին ներկայացել էր մեկ էլ 40 տարի առաջ: Արվեստագետի աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն Երեւանում, այլեւ Մոսկվայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում: Երեւանում արդեն 4 տարի գործող արվեստագետի նկարչական դպրոցն ունի 70 աշակերտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել