Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխադարձ խայթոցներ

Նոյեմբեր 21,2009 00:00

\"\"Հինգշաբթի ուշ երեկոյան Յալթայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետները բանակցություններ են վարել ռուսական գազի շուրջ, եւ արդյունքում Ռուսաստանը համաձայնել է վերանայել Ուկրաինային գազի մատակարարման պայմանները: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ կողմերը Նոր տարին կդիմավորեն առանց պրոբլեմների: Երկու վարչապետների հանդիպումն ամփոփող ասուլիսի ժամանակ Պուտինը ծաղրական եւ անգամ վիրավորական արտահայտություններով է պատասխանել լրագրողներից մեկի հարցին, թե՝ ինչպե՞ս է վերաբերվում երկու երկրների վարչապետների հանդիպմանը զուգահեռ Կիեւում ընթացող Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահների հանդիպման փաստին: Նա ասել է, որ տեղյակ չէ, թե ինչով են զբաղվել երկու երկրների նախագահները: «Կարծում եմ, երկու նախագահները խոսելու, քննարկելու, հիշելու բան կունենան: Մարտիկները հիշել են անցած օրերը եւ տանուլ տված ճակատամարտերը: Էլ ինչ կարելի է խորհուրդ տալ, առաջարկել երկու նախագահներին. ավելի լավ է ընթրել, եթե, իհարկե, այն լինելու է «առանց փողկապի»: Փողկապները հիմա թանկ են… Դե, դուք ինձ հասկացաք»,- ասել է Պուտինն ու հավելել, թե՝ «մեկ էլ տեսար Յուշչենկոյի հյուրը մի փողկապ էլ կերավ»: Պուտինի այս խայթոցները զվարճացրել են լրագրողներից ոմանց, նաեւ Ուկրաինայի վարչապետ Տիմոշենկոյին, որը սկսել է անզուսպ ծիծաղել եւ դիմելով Պուտինին՝ խոստացել. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես հաստատ առանց փողկապի էլ կարող եմ ընթրել»:
Վիկտոր Յուշչենկոյի զինակիցները վրդովվել են Տիմոշենկոյի պահվածքից՝ այն որակելով «անպատշաճ ու անբարոյական»:
Այդ միջադեպին յուրովի է արձագանքել նաեւ Ուկրաինայի նախագահը: Լրագրողների հետ իր եւ Սահակաշվիլիի հանդիպման ժամանակ Յուշչենկոն, ըստ ամենայնի, դիտավորյալ շփոթել է եւ գազի մատակարարման պայմանները վերանայելու մասին ՌԴ իշխանություններին ուղղված իր կոչում հայտարարել է. «Ես դիմել եմ Ռուսաստանի նախագահ Անատոլի Դմիտրիեւիչին՝ գազային պայմանագիրը վերանայելու կամ ընդհանրապես չեղյալ համարելու առաջարկով» եւ շարունակել է իր դիտարկումները՝ այդպես էլ չուղղելով ՌԴ նախագահի անվան մեջ իր թույլ տված սխալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել