Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Նոյեմբեր 21,2009 00:00

Թուրքիայում, 2012թ. նախագահական ընտրություններին ընդառաջ, որոշել են վերանայել ընտրական համակարգը: Երկրի իշխանությունները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում, որոնց ընթացքում ժողովուրդն առաջին անգամ ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակի ընտրությամբ նախագահ ընտրելու հնարավորություն ունի, կիրառել ամերիկյան մոդելը: Այս մասին վկայակոչելով՝ թուրքական «Զաման» պարբերականը փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ին: Թերթի մեկնաբանի տեղեկություններով, մոտ ապագայում ընտրությունների նոր կարգ սահմանող օրինագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Թուրքիայի կառավարությունը որոշել է այլեւս չֆինանսավորել նախագահի թեկնածուների քարոզարշավը, եւ իբրեւ հարցի լուծում ընտրվել է Միացյալ Նահանգներում տարիներ շարունակ կիրառվող մոդելը, այն է՝ թեկնածուները իրենց քարոզարշավի ծախսերը պետք է հոգան քաղաքացիների նվիրատվությունների հաշվին եւ ոչ թե՝ պետության: Յուրաքանչյուր թեկնածու բանկում կունենա իր հաշվեհամարը, որի մուտքերը, նաեւ ծախսերը, լիովին թափանցիկ եւ վերահսկելի կլինեն:
Կազմվել է նաեւ ցանկ, որում կոնկրետ նշված են այն կազմակերպություններն ու անհատները, որոնցից նախագահի թեկնածուն չի կարող ընդունել նվիրատվություն. իրավունք չունի օգնություն ընդունել միջազգային կառույցներից, այլ պետություններից, նաեւ՝ իրավաբանական այն անձանցից կամ քաղաքացիներից, ովքեր չունեն Թուրքիայի քաղաքացիություն:
26 կետից բաղկացած օրինագիծը, բացի ընտրությունների ֆինանսական մասից, նաեւ թեկնածուների առաջադրման կարգին առնչվող մի քանի այլ հարցեր էլ է կարգավորելու. օրինակ, որ նախագահի թեկնածու գրանցվելու համար պետք է լրացած լինի անձի 40 տարին, նա նաեւ պետք է բարձրագույն կրթություն ստացած լինի:
Նախագահի ընտրության ժամկետի հարցը ավելի վաղ էր որոշվել՝ մոտ երկու տարի առաջ երկրում անցկացված հանրաքվեի ժամանակ, որով նաեւ սահմանվել էր, որ Թուրքիայում նախագահը 5 տարի ժամկետով է ընտրվում, կարող է պաշտոնավարել երկու անգամից ոչ ավելի: Ընտրությունների առաջին փուլում հաղթող դառնալու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ընտրողների ձայների 51 տոկոսը, հակառակ դեպքում անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները: Ընտրություններն անցկացվելու են դատական համակարգի վերահսկողությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել