Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐ՝ ԲՆԱԿԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Նոյեմբեր 21,2009 00:00

Գյումրեցիների բնութագրմամբ, այստեղ «շունը տիրոջը չի ճանաչում»

Մի քանի օր է՝ Գյումրիում ընթանում է երկրաշարժից անօթեւան մնացած կարիքավոր ընտանիքների հերթացուցակների ճշգրտում: Թե ինչ է կատարվում քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովի քթի տակ, անհնար է բառերով նկարագրելը. երեւի թե այդպիսի հերթեր չէին գոյացել անգամ մութ ու ցուրտ տարիներին՝ հաց հայթայթելու ժամանակ: Քանի որ 1 սենյականոց բնակարանների հավակնորդները մեծ մասամբ տարեց մարդիկ են՝ 70-80 տարեկան, ընդ որում շատերը հաշմանդամ են՝ գամված սայլակներին կամ թիկնակներին, ուստի այստեղ հաճախակի են ուշաթափության դեպքերը. մերթընդմերթ շտապօգնություն են կանչում:
Անօթեւանների դժգոհությամբ, իրենք ստիպված են առավոտյան 9-ից հերթ պահել, իսկ թե երբ կհասնի այն՝ Աստված գիտի: Ըստ նրանց, ամենաահավորն այն է, որ հանձնաժողովը ամեն անգամ պարտադրում է նոր փաստաթղթեր ներկայացնել, իսկ դրանք անվճար չեն. տեղեկանքների համար գումար են պահանջում թե՛ ԲՇՏ-ներում, թե՛ ոստիկանության անձնագրային բաժնում (այստեղ տեղեկանքի 17-րդ ձեւն են տրամադրում) եւ արդյունքում, անօթեւանների հաշվարկներով, իրենց աղքատիկ բյուջեից ամենաքիչը 5000-6000 դրամ «մուծվում են»: Տարեց կանանցից մեկը դժգոհում էր, որ ինքը անցած տարի է փաստագրվել, սակայն հանձնաժողովը ստիպում է նորից փաստագրվել: «Վայրկյան առ վայրկյան հրաման են փոխում, ես կենդանի դեմները կանգնած փաստ չե՞մ, 6 ժամ կանգնած եմ, հերթս չի հասնում, սա աշխատելու ձե՞ւ է, 20 տարի մատները մատներին չխփեցին, մի բնակարան չկառուցեցին, մեզ ստորացրեցին տնակներում պահելով, հիմա էլ մի ուրիշ ձեւի են ստորացնում»,- դժգոհում էր մեր զրուցակիցը: Անօթեւանները այդպես էլ չեն հասկանում, թե ինչո՞ւ քաղաքապետարան ներկայացրած նույն փաստաթղթերը պարտավորվում են մի անգամ եւս ներկայացնել քաղաքաշինության նախարարության հանձնաժողովին: Բացի այս, ըստ նրանց, ցանկալի կլիներ, որ հանձնաժողովը տարբեր օրեր սահմաներ 1, 2 եւ 3 սենյականոցների հավակնորդների ընդունելության համար, այլապես ստացվում է, որ հերթ ես կանգնում, սակայն հերթդ այդպես էլ չի հասնում, որովհետեւ հանձնաժողովը մի քանի օրում 1200 ընտանիքի է հրավիրում:
Անօթեւանների վստահեցմամբ, երեկ ժամը 6-ին հանձնաժողովը Գյումրիում ավարտելու էր իր գործունեությունը, ըստ նրանց, ստացվում է՝ ով հասցրեց՝ բնակարան կստանա, ով՝ ոչ, դարձյալ փողոցում կմնա:
Ինչո՞ւ է քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովը այդպիսի աշխատաոճ ընտրել, մի՞թե կարելի է հիվանդ շահառուներին տեղեկանքների համար դռնեդուռ գցել, օրերով տանել ու բերել, ժամերով ցուրտ շենքում հերթ կանգնեցնել՝ երեկ լրագրողները հարցրին աշխատանքային այցով Գյումրի ժամանած քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին: «Դուք ի՞նչ եք պահանջում, մենք ոչ մի փաստաթուղթ չպահանջե՞նք, բայց նրանց բնակարան տա՞նք: Առանց համապատասխան փաստաթղթերի որեւիցե մեկը բնակարան չի ստանալու: Մենք փաստաթղթերի ուսումնասիրության ժամկետի մեջ սահմանափակում չենք դրել, երեկ ես մեր նախարարական կոմիտեի նիստում հարց եմ ներկայացրել եւ արդեն հաջորդ հինգշաբթի կառավարության որոշում կընդունվի. այն շահառուները, որոնք իրենցից պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացրել, ժամանակի խնդիր չունենք, մենք ընդամենը նրանց գործերը կհետաձգենք, որ համապատասխան փաստաթղթերը լինեն՝ մենք նրանց գործերին կտանք համապատասխան ընթացք: Այն թյուր կարծիքը, որ եթե սահմանված ժամկետում փաստաթղթեր չներկայացնեն՝ հաշվառումից դուրս են մնալու, նման բան չկա: Իսկ դժգոհությունների հետ կապված, դուք ինքներդ էլ արդեն տեսնում եք, որ մեր աշխատանքային խումբը եւ հանձնաժողովը արտագնա նիստեր կատարում է տեղում, դա խոսում է այն մասին, որ հանձնաժողովը աշխատում է թափանցիկ, մենք ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունենք, պահելու բան՝ առավել եւս, իսկ փաստաթղթերը, բա բնակարան են ստանում, մեզ պետք են դրանք, որ նայենք-ուսումնասիրենք, սխալներ թույլ չտանք: Մեր հիմնական նպատակը նա է, որ այն ընտանիքները, որոնք մինչ օրս իրենց բնակարանային խնդիրները չեն լուծել, պարտավորվում ենք նրանց բնակարանային խնդիրը լուծել: Ցավով ասեմ, որ համայնքներից ստացած հաշվառման ցուցակներում կան ընտանիքներ, կան շահառուներ, որոնք մինչ օրս մի քանի անգամ ստացել են բնակարան, բարելավել են բնակարանային պայմանները, կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, այնպես որ՝ ուսումնասիրությունները պարտադիր են լինելու, եւ չեմ կարծում, որ դա դուք ավելորդ քաշքշուկ եք համարում»,-  պարզաբանեց նախարարը: Նա նաեւ նախազգուշացրեց, որ քաղաքապետարանի ներկայացրած ցուցակի ոչ բոլոր շահառուները բնակարան կստանան: «Ես կարող եմ ասել, որ թյուր ըմբռնում չլինի, եթե ցուցակը ներկայացրել են, հաշվառել են, բոլորը պիտի բնակարան ստանան, միայն Գյումրիում մենք ունենք 4000 շահառու, 4000-ի գործերն էլ մեկ առ մեկ ուսումնասիրելու ենք, հիմա դրանցից ինչքանը շահառու կճանաչվեն, դա ժամանակը ցույց կտա»,- շարունակեց նախարարը:
Վարդան Վարդանյանը նաեւ տեղեկացրեց, որ Գյումրիում «Գլենդել Հիլզի» կողմից կառուցվող սիմվոլիկ առաջին բնակարանը կհանձնվի դեկտեմբերի 7-ին, մինչեւ 2012 թ. գյումրեցի բոլոր անօթեւաններին կապահովեն բնակարաններով, իսկ վթարային շենքերի բնակիչներին, ինչպես միշտ, հուսալքեց: Հետաքրքիրն այն է, որ 21 տարի շարունակ բոլոր քաղաքաշինության նախարարները այս հարցին մեկ պատասխան են տալիս՝ կառավարությունը պահանջվող գումարի չափը ճշտելու նպատակով վթարայիններում դեռ ուսումնասիրություններ է կատարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել