Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՅՑ ԱՓՍՈՍ, ՈՐ…

Նոյեմբեր 21,2009 00:00

Երեկ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանն ամփոփելով 9 ամիսները, տեղեկացրեց, որ այդ ժամանակամիջոցում կատարվել է 11 645 հանցագործություն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 7521 հանցագործություն: Անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործություններն աճել են 18 դեպքով: Նկատելի է աղջիկների մասնակցությամբ հանցագործությունների աճ՝ 23:
Հ. Թամամյանը լրագրողներից տեղեկացավ ՀՀ վարչական դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանության դեմ հարուցած հայցի բավարարման մասին: Ի վերջո, որտեղ է եղել հետախուզման մեջ գտնվող Ն. Փաշինյանը եւ ինչո՞ւ մարտի 1-ին չձերբակալվեց՝ հարցին էլ ոստիկանության գնդապետը պատասխանեց. «Տիգրան Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Սուքիասյանը ՀՀ-ից դուրս են եկել առանց ելքի թույլտվության: Վերադառնալուց հետո է միայն պարզվել, որ նրանք այլ պետություններից ստացել են համապատասխան փաստաթղթեր եւ, ըստ երեւույթին, ցամաքային ճանապարհով վերադարձել:
Դա իմ ցավոտ հարցն է: Եթե ժամանակին ձերբակալեինք, ճիշտ կլիներ: Դե, գիտեք, թե ինչ է նշանակում հետախուզվողին ժողովրդի միջից վերցնելը, էն էլ Ն. Փաշինյանի տեսակին»:
Գնդապետը հավատացրեց, որ հանցագործությունների բացահայտելիությունն ավելացել է 14 տոկոսով:
Ն. Ա.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՊԱՐՏԱՎՈՐԵՑՎԵՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ՏԵՂԵԿԱՆՔ 
Երեկ ՀՀ վարչական դատարանը՝ Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, բավարարեց ընդդեմ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը: Հիշեցնենք, որ բաժանմունքի պետ Մեդորա Չապուխյանը մերժել էր տրամադրել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում 2010թ. հունվարի 10-ին անցկացվելիք ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված Ն. Փաշինյանին՝ թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ առնվազն վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք: Ըստ բաժանմունքի պետի գրության, 2008թ. մարտի 1-ի զանգվածային անկարգությունները կազմակերպելու մեջ մեղադրվող Ն. Փաշինյանը 2008թ. փետրվարի 26-ից մինչեւ 2009թ. հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ եւ այդ ժամանակահատվածում Հայաստանում չի բնակվել:
Դատարանը պարտավորեցրեց ոստիկանությանը վերացնել սույն գրությունը եւ Ն. Փաշինյանին տրամադրել վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք:
ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են  կադրային փոխատեղություններ, նոր նշանակումներ: Մասնավորապես՝ Վայոց ձորի դատախազ Հովհաննես Պալյանն ազատվել  է աշխատանքից՝ նշանակվելով Երեւան քաղաքի դատախազի տեղակալ: Իսկ Վայոց ձորի դատախազ է նշանակվել ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Էդվարդ Հակոբյանը,  զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Միհրան Մինասյանը, ում՝ նշված վարչության պետի պաշտոնում փոխարինել է զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Գրիգոր Նավասարդյանը: Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության պետ է նշանակվել նույն բաժնի ավագ դատախազ Նարեկ Ամբարյանը: Աշխատանքից ազատվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազ Հակոբ Բաբայանը: Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազի տեղակալ Սամվել Մկրտչյանը նշանակվել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազի տեղակալ՝ փոխարինելով Դավիթ Գրիգորյանին. վերջինս նշանակվել է  Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազի տեղակալ: Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շահում Տիգրանյանը՝  անցնելով երկարամյա ծառայության  թոշակի:
ԲՈՋՈԼՅԱՆԻ ԳԱՆԳԱՏԸ ՄԵՐԺՎԵԼ Է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է հայտնի թուրքագետ, լրագրող, հայրենիքի դավաճանության հոդվածով 11 տարվա ազտազրկման դատապարտված Մուրադ Բոջոլյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության դեմ:
Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել