Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԱՄԵՆ, ՇԱԽՄԱՏԻ ԱՐՔԱՆԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ

Նոյեմբեր 21,2009 00:00

«Մտավոր սեփականության պաշտպանության բացահայտումները» շարքից

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի տեղեկացմամբ, 2008 թ. եւ 2009 թ. 9 ամիսների ընթացքում բացահայտվել է 51 դեպք, որից 3-ը՝ հեղինակային եւ հարակից իրավունքների խախտման, 1-ը՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման եւ 25-ը՝ ՀՀ քրօրի 178, 179, 188, 208, 280 հոդվածների հատկանիշներով։
Հեղինակային եւ հարակից իրավունքների խախտման հատկանիշներով նախապատրաստված 7 նյութերով նշանակվել են փորձաքննություններ: ԿՀԴՊ գլխավոր վարչության տվյալներով, ստացվել էր ահազանգ՝ «Դինա» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն «ոմն Կ. Վարդապետյանի» կողմից խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով Հրազդանի քաղաքապետարանից 150 000 դրամ հափշտակելու վերաբերյալ:
Պարզվեց, որ «Դինա» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն «ոմն Կ. Վարդապետյանը» Երեւանի բնակիչ Հակոբ Վարդապետյանն է, որը այս տարվա փետրվարի 20-ին Մոսկվայում իբր ՀՀ շախմատի արքաների պատվին համերգային միջոցառում կազմակերպելու պատրվակով Հրազդանի քաղաքապետարանից, ՃՇՇ-ից, ինչպես եւ Դիլիջանի քաղաքապետարանից խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 541 000 դրամ: Վստահություն ձեռք բերելու նպատակով Հ. Վարդապետյանը հանդես է եկել երգիչ Արամ Եղիազարյանի (Արամե) անունից, ինչի մասին վերջինս տեղյակ չի եղել:
Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունից, այն մասին, որ ՀՀ-ում համերգներ կազմակերպող մի շարք իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, առանց համապատասխան հեղինակային թույլտվության պայմանագրի, կազմակերպում են համերգներ կամ խուսափում են հեղինակային հոնորարները վճարելուց:
Նշվում է, որ Վահե Հարությունյանը՝ հանդիսանալով «Նոր Զարթոնք» ՍՊԸ-ի տնօրեն եւ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» երիտասարդական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, ինչպես եւ համագործակցելով «Էյ Էյ ԴԻ» ՍՊԸ-ի հետ, 2006թ. հունվարից մինչեւ 2009 թ. հունվարը, առանց համապատասխան հեղինակային թույլտվության, վարձակալելով ՀՊՖՆ Արամ Խաչատրյանի եւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահները՝ զբաղվել է համերգային միջոցառումների կազմակերպմամբ՝ խուսափելով սահմանված հեղինակային հոնորարները վճարելուց:
2006 թ. հունվարից մինչեւ 2009 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Վ. Հարությունյանի կազմակերպությունը կազմակերպել է 19 համերգ, որոնցից միայն 3-ի համար է վերջինս «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունից ստացել հեղինակային թույլտվություն եւ վճարել հեղինակային հոնորարներ, մնացած բոլոր համերգները կազմակերպվել են առանց համապատասխան հեղինակային թույլտվության եւ դրանց համար չեն վճարվել հեղինակային հոնորարներ: Հոնորարներ չվճարելու հետեւանքով հեղինակներին պատճառված նյութական վնասի չափը կազմել է 981 250 դրամ:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն են դիմել «Ադամս» ՍՊԸ-ն, «Հայֆիլմ» կինոստուդիան, «Կարեն Ստուդիո» ՍՊԸ-ն, «Ռեքո Ռեքորդս» ՍՊԸ-ն, որ հանրապետության տարածքում գտնվող տարբեր վաճառակետերում իրացվում են իրենց ստուդիաներին իբր պատկանող կեղծ սկավառակներ:
Երեւանի Տիգրան Մեծի 9/10 հասցեում գործող «Մուզո Միքս» ՍՊԸ-ին, Մաշտոցի 16/1 հասցեում գործող «Արամ Ղուկասյան» ԱՁ-ին, Զաքյան 4 հասցեում գործող «Հայկ Վարդանյան» ԱՁ-ին, Խորենացու 29 հասցեում գործող Խաչատուր Շահբազյանին, «Այրարատ» կ/թ-ի դիմացի գետնանցումում տեղակայված «Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող ձայնատեսասկավառակների վաճառակետերից հայտնաբերվել եւ վերցվել են կեղծվածության հատկանիշներով 1158 հատ սկավառակ: Իսկ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցի 3/3 հասցեում գործող «Սոֆիա» սկավառակների վաճառակետից, Էջմիածնի Անդրանիկի փողոցի 68 տան բնակիչ Արտաշես Վարդանյանի կողմից ներկայացվել եւ ԿՀԴՊ կողմից վերցվել են կեղծվածության հատկանիշներով 783 հատ սկավառակ, սկավառակների վերարտադրման համար օգտագործվող տեխնիկական միջոցներ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է նաեւ, որ Ա. Վարդանյանը իր կողմից վերարտադրված սկավառակները վաճառել է մեծածախը՝ 270, մանրածախը՝ 700 դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել