Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատական ատյանները խոչընդոտում են

Նոյեմբեր 21,2009 00:00

\"\"Շահումյան բանավանի բնակիչների շահերի ներկայացուցիչները դատարանի որոշման մեջ քաղաքականություն են տեսնում, իսկ հայց չներկայացրած որոշ բնակիչներ էլ հրաժարվում են հայցից:

Այս տարվա հոկտեմբերի 18-ին «Գործը հասավ դատարան», նոյեմբերի 12-ին՝ «Դատարանը մերժեց հ/կ հայցը» եւ այլ հրապարակումներով տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանի մատույցներում գտնվող Շահումյան բանավանի 34 բնակիչներ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի դեմ դիմում էին ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարան՝ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը վերացնելու, վտանգավոր գործունեությունները կանխելու եւ պատճառված վնասները հատուցելու պահանջով: Շահումյանցիների շահերը դատարանում ներկայացնում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն: Դատարանը մերժել էր հայցը, բայց միաժամանակ ընկերությանը պարտավորեցրել ձեռնարկել միջոցառումներ՝ Շահումյանի հանքավայրի մի մասում, բանավանի տարածքում իրականացվող ստորգետնյա եւ վերգետնյա հանքարդյունահանման գործունեությամբ բնակիչների կյանքի եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար: Տեղեկացրել ենք նաեւ, որ ընկերության գործունեության արդյունքում Շահումյան բանավանում ապրելը խիստ վտանգավոր է դարձել՝ սողանքներն ու փլուզումները անպակաս են: Իսկ բանավանի բնակիչներին փոխհատուցում տալու եւ վերաբնակեցնելու ծրագիրը ընկերությունը դադարեցրել է, փոխհատուցում տալով 8 ընտանիքի: 100-ից ավելի շահումյանցիներ դեռեւս շարունակում են ապրել սողանքների, փլուզումների չմարող վտանգի գոտում:
Ըստ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի, դատավոր Անահիտ Թումանյանը վերադարձնելով 34 հայցվորների հայցադիմումը՝ պատճառաբանել է, թե բացակայում են հայցապահանջը հիմնավորող հանգամանքները: Դատարանը հայցվորներին 3 օր է տվել կամ հայցապահանջի մեջ փոփոխություններ մտցնելու, կամ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան բողոքարկելու համար: «Մեզ տարօրինակ թվաց դատավորի նման որոշումը, քանի որ որոշումից մեկ շաբաթ առաջ դադարեցրել էին ընկերության գործունեությունը Շահումյան բանավանում՝ հաշվի առնելով հայցադիմումում ներկայացված փաստերը՝ մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները: Դատարանի կայացրած որոշումները հակասում են իրար: Քանի որ նյութը շատ ծավալուն էր, իսկ 3 օրը շատ կարճ ժամանակահատված էր ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան բողոքարկելու համար, ուստի մենք փոփոխություններ արեցինք եւ վերադարձրինք հայցադիմումը սահմանված ժամկետում»,- մեզ հետ ունեցած զրույցում պարզաբանում են հ/կ-ի ներկայացուցիչները:
Փոփոխված հայցադիմումն էլ մերժվեց՝ նույն պատճառաբանությամբ՝ չեն վերացվել դատարանի որոշմամբ մատնանշված բոլոր թերությունները, հայցադիմումում չեն բերվել հայցապահանջը հիմնավորող հանգամանքները, բացակայում են մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին փաստող ապացույցները: «Իրենք պարտավոր էին ուսումնասիրություններ կատարել եւ միայն դատական նիստի ժամանակ պետք է պարզվեր՝ նման ապացույցներ գոյություն ունե՞ն, թե՞ ոչ: Սակայն գործը վարույթ չընդունվեց, որպեսզի նիստը չկայանա: Համոզված ենք, որ դատավորի այս որոշումը ոչ այնքան իրավական, որքան քաղաքական ենթատեքստ ունեցող որոշում է»,- հավելում են հ/կ-ի ներկայացուցիչները:
Երկրորդ անգամ հայցը մերժելուց հետո մինչեւ օրս խիստ վտանգավոր պայմաններում ապրող շահումյանցիները կրկին եռօրյա ժամկետում կամ պետք է հարցը հասցնեն վերաքննիչ դատարան, կամ փոփոխություններ անեն եւ վերադարձնեն հայցը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին հասարակական կազմակերպությունից, իրենք մտադիր են փոփոխություններ մտցնել եւ երրորդ անգամ դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարան, քանի որ կարծում են՝ «միտումնավոր է արվում: Ընդամենը 3 օր ժամանակ հատկացնել վերաքննիչում բողոքարկելու համար, շատ լավ գիտակցելով, որ դա շատ կարճ ժամանակ է ու ֆիզիկապես էլ անհնար է բավական ծավալուն այդ նյութերով վերաքննիչ դատարան ներկայանալ»:
Ի դեպ, եթե առաջին հայցադիմումի ժամանակ հայցվորները 34-ն էին, ապա դրանից մի քանի օր հետո հայցվորներից 9 հոգի դատարանին խնդրել են, որ քննության չառնվի իրենց դիմումը: «Տարօրինակն այն է, որ դատարան դիմած 9 հայցվորների մեջ կան մարդիկ, ովքեր մեր գրասենյակ դիմած 34 քաղաքացիների մեջ չկային: Իսկ հայցից հրաժարված այդ քաղաքացիները այդ ամենը արել են առանց մեր տեղեկության»,- նշում են «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի ներկայացուցիչները եւ հավելում, որ հոկտեմբերի 2-ին հայցադիմումը ներկայացվել է 28 անձի անունից:
Կազմակերպությունը պատրաստվում է բացատրական գրություններով ու ներկայացվելիք առարկություններով գործին առնչվող փաստաթղթերի փաթեթը ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել