Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հողի խնդիր

Նոյեմբեր 21,2009 00:00

\"\"Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Սուսաննա Օհանյանը 1990 թվականին ամուսնացել է նույն մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Օնիկ Մրտեյանի հետ, ունեցել են երկու երեխա՝ Սամվել եւ Գեղեցկուհի: Ընտանեկան վեճերի արդյունքում Օնիկն ու Սուսաննան որոշել են Օնիկի ծնողներից առաձին ապրել եւ դատարանի որոշմամբ հոր տնից Օնիկը ստացել է երկու սենյակ, նաեւ անասնագոմ, սակայն, ինչպես նշում է Սուսաննան, «չեն բավարարել սպասարկման եւ պահպանման տարածքներով»՝ զուգարան, խմելու եւ ոռոգման ջուր եւ այլն:
Մեզ ուղղված նամակում Սուսաննան գրում է, որ ամեն ինչ շատ ավելի վատթարացել է 2001 թվականին, ամուսնու՝ Օնիկ Մրտեյանի մահվանից հետո. «Սկեսրայրիս ընտանիքը տարիներ շարունակ հալածելուց, դառնություն եւ տառապանքներ պատճառելուց չբավարարվելով՝ քանդել-տարել են տանիքի շիֆերները, սյուները, իրենց գոմբաղբն էլ լցնում են մեր դռան դիմաց, ճանճերն ու մոծակները գոմաղբի վրայից ուղիղ մեր տուն են լցվում: Մեզ սպառնում են եւ ստիպում իրենց տնից դուրս գալ»: Այս ամենի մասին Սուսաննա Օհանյանը բողոքել է ում ասես՝ սկսած Գեղարքունիքի մարզպետարանից մինչեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ նախագահի եւ նրա տիկնոջ գրասենյակներ: Ըստ էության՝ բան չի փոխվել, Ծովինարի գյուղապետարանից պատասխանել են, որ ոչ մի տանիքի ծածկ կամ սյուն չի գողացվել, բողոքավորն էլ հնարավորություն ունի օգտվել ոռոգման ջրից:
Սուսաննայի ամուսնու մահվանը բնականաբար հաջորդել է ժառանգության փոխանցումը նրա զավակներին եւ այստեղ հանգուցյալի ծնողները հայտարարել են, որ Օնիկը 1999 թվականի հունիսի 13-ին Ղարաբաղում այլ կնոջից երեխա է ունեցել՝ Մարիամ Մրտեյան, նաեւ ներկայացրել են իրենց ասածը հիմնավորող ծննդյան վկայական: Ըստ այդմ, Սուսաննայի երկու երեխաներին հասանելիք մոտ կես հեկտար հողի մի մասը պետք է անցներ հենց Մարիամին: Սակայն Սուսաննա Օհանյանի բողոքի հիման վրա՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի քաղաքացիական ակտերի գրանցման բաժինը եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականին հաստատել եւ ընդունել են, որ ներկայացված է կեղծ փաստաթուղթ: Դատարանը նաեւ վճռել է ճանաչել Սամվել եւ Գեղեցկուհի Մրտեյանների սեփականության իրավունքը՝ նրանց հոր հողերի վրա: Ըստ Սուսաննայի նամակի, նրա սկեսրայրը արհամարհում է դատարանի որոշումը եւ շարունակում տնօրինել իրեն չպատկանող հողը: Կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար ոչ ոք պատասխանատվության չի կանչվել: Այսքանից հետո Սուսաննա Օհանյանը ճարահատ դիմել է մեզ: «Հողը գրանցված է իմ վրա, հարկեր ենք մուծում, բայց չենք օգտվում: Սոցիալապես ծանր վիճակում ենք: Մի կերպ գոյատեւում ենք ծեր ծնողներիս թոշակի փշրանքներով եւ մի շաբաթ անց՝ էլի նույն վիճակն է: Օգնեք գտնենք արդարությունը»,- այսպես է իր նամակը եզրափակել Սուսաննա Օհանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել