Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՐՏՔ Է 1,2 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Նոյեմբեր 21,2009 00:00

ՀՀ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ քննարկել է սեփական եկամուտների հավաքագրման հարցը եւ ցածր ցուցանիշների համար կրկին նկատողություն հայտարարել մի շարք համայնքների ղեկավարների. Հողմիկ, հավաքագրումը՝ 30,3%, Արեգնադեմ՝ 61,4%, Զարիշատ՝ 46,9%, Ողջի՝ 58,2%, Շաղիկ՝ 53,2%, Սիզավետ՝ 17,8%, Սարագյուղ՝ 11,0%, Մուսայելյան՝ 20,5%, Բավրա՝ 21,8%, Զույգաղբյուր՝ 38,2%, Կրասար՝ 25,7%, Ղազանչի՝ 35,5%, Սալուտ՝ 38,9%, Սարապատ՝ 34,9%, Կարմրավան՝ 48,2%, Վարդաղբյուր՝ 8%: Շիրակի մարզպետարանից տեղեկացանք, որ տիկին Նանյանը հանձնարարել է խոշոր պարտքեր ունեցողների եւ չվճարողների անունները հրապարակել տեղական ԶԼՄ-ներով: Վարդաղբյուր գյուղը աչքի է ընկել ոչ միայն ամենացածր ցուցանիշ արձանագրելով: Պարզվում է, Վարդաղբյուրի բնակիչ՝ ոստիկան Սարգիս Բալոյանը 1,2 միլիոն դրամ պարտք ունի, սակայն չի վճարում: Մարզպետը համայնքապետին հանձնարարել է գրություն ուղարկել ՀՀ ոստիկանապետին:Ցավոք, ոստիկան Սարգիս Բալոյանը միակ անբարեխիղճ հարկատուն չէ: Այս տարվա սեպտեմբերի 15-ին՝ «Ինչ դժվար է գանձվում հողի հարկը» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Սեւքար գյուղի բնակիչ էլցանցի աշխատողները, այդ թվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Սեւքարի տեղամասի պետ Գեւորգ Հովսեփյանը ընդհանուր 700 հազար դրամ հողի հարկի պարտք ունեն: Միայն պետը՝ 230 հազար: Այս հրապարակմանը արձագանքել էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ հոկտեմբերի 23-ին՝ «Էլցանցի պետը վճարում է» հրապարակմամբ տեղեկացրինք, որ մարզպետի միջամտությունից հետո Սեւքարի գյուղապետարանը էլցանցի Սեւքարի տեղամասի պետի աշխատավարձից ամսական 15 հազար դրամ է պահում: Այսկերպ 230 հազարը կմարվի 15 ամսում, բայց էլի բան է: Նույն հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ հողի հարկի պարտքեր ունեն նաեւ Սեւքարի բնակիչ ոստիկանները:

Հ. Գ. Լիդա Նանյանի գլխավորությամբ քննարկման ժամանակ պարզվել է, որ կաթնամթերք արտադրող կազմակերպություններն էլ իրենց հերթին մթերած կաթի դիմաց պարտք են բնակչությանը: «Աշտարակ կաթ», «Ամասիա կաթ», «Իգիթ» ընկերությունների ընդհանուր պարտքը մոտ 20 միլիոն դրամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել