Ծերանոցի բնակիչներից 12-ն արդեն ամուսնացել են
Վարդաշենի ծերանոցում արդեն 16 տարի ապրող հաշմանդամ Սվետա Եղիազարյանն իր երջանկությունը գտել է հենց այս հաստատություն մուտք գործելուց հետո: Ծերանոց է եկել 47 տարեկանում, չանցած մի քանի ամիս՝ սիրահարվել է ծերանոցի բնակիչ Սարգիս պապիկին, որի հետ էլ հետագայում ամուսնացել է: Տիկին Սվետայի սիրավեպը բավականին խոչընդոտներ է հաղթահարել. «Այստեղ ենք սիրահարվել, այստեղ էլ ամուսնացել: Մենք 2 ամիս սիրահարված էինք, իսկ ծերանոցի նախկին տնօրենը մեզ թույլ չէր տալիս ամուսնանալ։ Ասում էր՝ կարող է երեխաներ ունենաք, իսկ ինքը պայման չուներ, հարմար սենյակ չէր կարող տրամադրել»: Այնուհետեւ կատակեց. «Մենք էլ պայմանագիր կնքեցինք, որ երեխա չենք ունենալու, որ թողնեն ամուսնանանք։ Ի վերջո ամուսնացանք»: Ինչպես «խոստացել» էին զույգերը, այդպես էլ երեխա չեն ունեցել: Բացի ծերանոցի ղեկավարությունից, նրանց ամուսնությանը դեմ է եղել նաեւ տիկին Սվետայի եղբայրը:
Լինելով թասիբով ապարանցի՝ տիկին Սվետայի եղբայրը եկել է ծերանոց՝ Սարգիս պապի հետ հաշիվ մաքրելու, հատկապես, որ տիկին Սվետան, իր խոսքերով ասած, «ազապ» աղջիկ է եղել: 77-ամյա Սարգիս պապիկի խոսքերով. «Նրա եղբայրն ինձ ասաց՝ կգամ ատրճանակով քեզ կխփեմ, ես էլ ասեցի՝ մինչեւ դու ատրճանակդ հանես, ես քեզ ավտոմատով կթռցնեմ օդ։ Տենց էլ չհասկացա, ինչի՞ էր ինձ տենց բաներ ասում, ես նրա քրոջ պատվի հետ չեմ խաղացել»: Սակայն նրանց ամուսնությունից հետո եղբայրն ու ամուսինը բարիշել են եւ այժմ շատ լավ հարաբերությունների մեջ են։
Ս. Եղիազարյանի պատմելով, իր ամուսնու՝ Լոս Անջելեսում գտնվող քույրերն էլ մեծ անակնկալի են եկել, երբ իմացել են եղբոր ամուսնության մասին. «Սարգսի քույրն անգամ ուշագնաց է եղել՝ եղբորը տեսնելով: Նոր տարուն մեզ համար նվերներ ուղարկեցին»:
Նշենք, որ տիկին Սվետան տեսողական խնդիրներ ունի, ինչը ձեռք է բերել գլխին ստացած հարվածի հետեւանքով. «28 տարեկան եմ եղել, որ դեպքը պատահել է, 2 տարի հետո այսպես եղա, չեմ իմացել, որ աչքի ճնշում եմ ունեցել, որ իմանայի՝ մի բան կանեի։ Դե, էն ժամանակ, ով գիտեր՝ ճնշումն ինչ է»։ Հենց այդ առողջական խնդիրներն են նրան դրդել բնակվել ծերանոցում. «Գյուղում շատ վատ էի, հիվանդանում էի անընդհատ: Ընկերուհիս խորհուրդ տվեց դիմում գրեմ ու գնամ պանսիոնատում մնամ՝ բժշկի հսկողության տակ։ Նա պանսիոնատի տնօրեն էր այն ժամանակ: Դիմում գրեցի, սակայն պանսիոնատի փոխարեն սխալմամբ գրել էի ծերանոց: Սա ընտանիքիցս գաղտնի էի անում։ Մեկ անգամ մերժեցին, 2-րդ նամակս գրեցի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, գրել էի, որ ինքնասպան կլինեմ, եթե ինձ ծերանոց չընդունեն։ Ինձ ընդունեցին սկզբից Գյումրիի ծերանոց, որտեղ մնացի 20 օր: Հետո եկա Երեւան։ Միայն 2 օր հետո իմացա, որ սխալվել եմ եւ ծերանոց եմ եկել, այլ ոչ թե պանսիոնատ: Սակայն, երբ ընկերուհիս տեղեկացավ եւ ցանկացավ ինձ իր մոտ տանել, հրաժարվեցի, քանի որ արդեն Սարգիսին ճանաչում էի, չէի ուզում առանց նրա գնալ։ Ամուսնանալուց հետո էլ երկուսիս կանչեց, բայց Սարգիսն այստեղ պահակ էր աշխատում, որոշեցինք մնալ»:
Ս. Եղիազարյանն իր ամուսնական կյանքից շատ գոհ է, ասում է, որ ամուսնանալուց հետո իրենց հաճախ են հարցնում, թե ինքը Սարգիս պապիկի ո՞րերորդ կինն է, ինքն էլ ամեն անգամ կատակով պատասխանում է՝ 11-րդ. «Ու հանդես եմ գալիս 11 համարի տակ, ընդ որում՝ կենտրոնական հարձակվող եմ, բոլոր կանայք թող իմանան, որ ես անպայման գոլ եմ խփում»:
Արդեն 9 տարի ծերանոցում ապրող հաշմանդամ Սարգիս Սարգսյանն էլ է այստեղ ամուսնացել։ Նրա 2-րդ կինն իրենից 3 տարի հետո է ծերանոց եկել. «Ես մենակ էի, ինքը մենակ, խասիաթն էլ լավն էր, խոսեցինք իրար հետ, իրար հասկացանք, որոշեցինք ամուսնանալ»: Ս. Սարգսյանը հաշմանդամ է դարձել 19 տարի առաջ. «Բժիշկն ասում է, որ ընկնելուց կամ ծանր բեռ վերցնելուց է իմ պրոբլեմն առաջացել։ Ես աշխատում էի Հրազդան քաղաքի սովխոզում՝ որպես վարորդ, տրակտորիստ, կոմբայնավար, հետո դարձա ինվալիդ, գնացի բուժվեմ՝ չստացվեց։ Կինս չարորակ ուռուցքից մահացավ, տղաս 22 տարեկան՝ բանակից հիվանդ եկավ, մահացավ, տունս էլ վառվեց, վերացավ ու ես եկա այստեղ։ Հիմա այս պահին ամեն ինչն էլ լավ է, ես այստեղ ինձ լավ եմ զգում, չեմ ուզում գնալ»:
80-ամյա Հովհաննես պապիկն էլ է ծերանոցում ամուսնացել: Ծանոթացել են Թամարա տատիկի ծերանոց գալու հենց առաջին օրը: «Այն ժամանակ պայմանները մի քիչ սուղ էին, ընդհանուր հյուրասենյակում էր դրված ծերանոցի միակ հեռուստացույցը, այդտեղ էինք հավաքվում: Այս հյուրասենյակում էլ տեսա նրան: Հենց սկզբից համակրեցինք իրար, ի վերջո դարձանք ընտանիք: Հարսանիք չարեցինք, այսպես ասած, գյուղական կարգով ամուսնացանք։ Արդեն 6-7 տարի իրար հետ ենք եւ չենք դժգոհում։ Կինս ճաշ է պատրաստում, լվացք է անում, ես էլ տան հետ կապված խնդիրներն եմ փորձում լուծել»,- պատմեց Հովհաննես պապիկը։ Նա ծերանոց է եկել 2001-ի մայիսին: Իր գալու պատճառը, ինչպես ինքն է նշում, սովն է եղել. «Պատճառը նույնն է, ինչ ամբողջ հայ ժողովրդինը։ Բնակարան ունեի, բայց թեկուզ այդ բնակարանի պատերը ոսկի լինեն, եթե ոչինչ չունես ուտելու, աշխատանք չունես, թոշակ չունես, ո՞նց ես ապրելու։ Իսկ հիմա բավականին բարձր թոշակ ենք ստանում, այդ բարձրացումը կարծես կյանքի երկարակեցություն լինի։ Այստեղ մեզ շատ լավ են վերաբերվում, հաշվի առնելով այն, որ մենք ծեր ենք եւ մեզ քիչ է մնացել ապրելու։ Այստեղ այգիներ կան, եկեղեցի, հոգեւոր եւ գեղեցիկ միջավայրը մեզ տրամադրում է խաղաղ ու հանգիստ անցկացնելու մեր ծերությունը»։ Նա նույնիսկ բարձր թոշակ ստանալու պարագայում չի ցանկանում ծերանոցից դուրս գալ. «Հիմա էլ չեմ ուզում դուրս գնալ։ Սկզբում, որ եկա՝ շատ անսովոր էր: Ծերանում ենք, մեր ուժերը թուլանում են, ծերությունը հիվանդություն է, ֆիզիոլոգիական ֆունկցիաներ է սահմանափակում, ես վիրահատվել եմ 2 անգամ, 2 անգամ էլ՝ կինս: Եթե վերադառնանք մեր ընտանիքներ, ինչքան էլ մեր երեխաներն ու թոռները շատ սիրեն մեզ, չեն հարմարվի: Մենք արդեն մանկանում ենք, դառնում ենք դյուրագրգիռ, չմահավան, այդ բաները ազդում են մեր թոռների, ծոռների վրա, ես մտածում եմ, որ ավելորդ բեռ կդառնանք, դրա համար հարմար եմ գտնում մնալ այստեղ։ Մենք այստեղ ոչ մի բանի կարիք չենք զգում։ Հագուստը տալիս են, ուտելիքը տալիս են՝ օրը 3 անգամ: Ամեն օր առավոտյան բուժքույրն է շրջում սենյակներով, նրանից հետո տնտեսուհի Սվետան է գալիս՝ մեր դրությունն իմանալու։ Դժվար թե մեր հարազատները այսպես ընդունեն մեզ»։
Իսկ նրա կնոջ՝ 78-ամյա Թամարա տատիկի ծերանոց գալու պատճառն այլ է: Նա մեզ պատմեց, որ տուն է ունեցել, որը վաճառել է՝ թոռնուհու համար տուն գնելու նպատակով. «Նա տուն չուներ, ամուսնացած էր, երբ իմ տունը ծախեցինք եւ նորը առանք, ես տեղափոխվեցի իրենց տուն, որ միասին ապրենք, բայց թոռնուհուս ամուսնու հետ յոլա չգնացի ու եկա այստեղ: Եթե մնայի տանը, փեսաս ինձ կթույներ։ Թոռս ասում էր՝ գնամ իր հետ ապրեմ, բայց հիմա ինձ 10 փայտով ծեծեն՝ այստեղից չեմ գնա»։
Տիկին Թամարան իր ամուսնանալու փաստը երկար ժամանակ գաղտնի է պահել հարազատներից: Նրա խոսքերով. «Ես ամուսնացել էի, բայց չէի ասում: Մեզ մի անգամ տարել էին հեռուստաստուդիա, հաղորդում էին նկարահանել ու ցուցադրել: Բայց ես չգիտեի, որ այդ ամենը ցույց էին տալու: Դրանից մի քանի օր անց գնացի աղջկաս տուն: Նա ասաց, որ բան է ուզում հարցնել, բայց պայմանով, որ ես չեմ խաբի: Ասացի՝ հարցրու, ասեց՝ ամուսնացե՞լ ես, միանգամից պատասխանեցի՝ չէ։ Ինքն էլ վրդովված ասեց՝ ինչի՞ ես խաբում, թոռդ է տեսել հեռուստացույցով։ Փաստորեն՝ բռնվել էի: Նստեցի պատմեցի, որ սենց-սենց, ամուսնացել եմ։ Դրանից հետո մի քանի անգամ ամուսնուս հետ գնացինք աղջիկներիս տուն, հիմա Հովհաննեսին ավելի շատ են սիրում, քան ինձ։ Մի 2 օր առաջ էլ աղջիկս ու թոռս էին եկել, փոխարեն ինձ պաչեն, իրան են պաչում։ Շատ են սիրում Հովհաննեսին, որ առանց իրա եմ գնում իրենց տեսնելու, հարցնում են՝ ի՞նչ է եղել, հո՞ չեք կռվել»։