ՀՀ պետական սահմանով մարդկանց տեղաշարժի վերահսկողության մեխանիզմները կուժեղացվեն
2010 թվականին ԵՄ չափանիշներին համապատասխան միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագիր եւ տարածքային զարգացման հայեցակարգ կունենանք: Երեկ միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի եւ տարածքային զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբերի համատեղ նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, քննարկվել են ծրագրի եւ հայեցակարգի մշակման ընթացակարգերը: «Ազգային ծրագրի մշակումը հնարավորություն կտա ուժեղացնել Հայաստանի պետական սահմանով մարդկանց տեղաշարժի վերահսկողության մեխանիզմները, գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի՝ ԵՄ անդամ երկրներում ապրող քաղաքացիների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության ուղղությամբ: Ծրագրի մշակումը հիմք կհանդիսանա ԵՄ անդամ երկրների հետ վիզային պարզեցված համակարգի ձեւավորման համար»,- ասել է Ա. Բաղդասարյանը:
Միգրացիոն գործակալության աշխատակիցները կվերապատրաստվեն ԵՄ անդամ երկրներում, ԵՄ փորձագետները կաջակցեն միգրացիոն գործառույթներ իրականացնող մարմինների աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը: Նախատեսվում է նաեւ ԵՄ աջակցությամբ միգրացիոն գործակալության տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացում: Տարածքային զարգացման հայեցակարգը ենթադրում է տարածքային կառավարման համակարգի արդիականացում, Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների տարածքային կառավարման մարմինների միջեւ համագործակցության զարգացում, տարածքային զարգացման ծրագրերի մշակում սկզբնական փուլում՝ Հայաստանի մարզերի համար, որը հիմք կհանդիսանա ՀՀ տարածքային զարգացման ամբողջական հայեցակարգի մշակման համար: Ըստ Ա. Բաղդասարյանի՝ սա հնարավորություն կտա այս ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունը բարձրացնել որակապես նոր աստիճանի: