Ասում է ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը
– Վերջին շրջանում ամենատարբեր առիթներով եւ ամենատարբեր սցենարների հավանականություններով շոշափվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը: Իրո՞ք ձեր կուսակցությունը դառնում է ընդդիմադիր քաղաքական ուժ, եւ այն, ինչ կատարվում է ձեր կուսակցության շուրջ, նշանակո՞ւմ է անցում ընդդիմադիր ճամբար:
– Որքան հասկանում եմ՝ ԲՀԿ-ի անունը տարբեր ենթատեքստերով շահարկելը ոմանց գերագույն հաճույք է պատճառում: Ցավոք, պիտի հիասթափեցնեմ բոլոր սցենարների հեղինակներին ու կատարողներին. իրենց գծագրած բոլոր վարկածները, որ տարբեր մետաստազներով շրջանառվում են մամուլի տարբեր միջոցներում, իրականությանը ուղղակի չեն համապատասխանում: ԲՀԿ-ի դիրքորոշումը միշտ եղել է հստակ. մեր կուսակցությունն այսօր քաղաքական կոալիցիայի անդամ է, եւ սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Իսկ ինչ վերաբերում է թե՛ Երեւանի ավագանիում եւ թե՛ նաեւ խորհրդարանում կարծիքների որոշակի բախումներին, ապա կոալիցիայի անդամ լինել չի նշանակում լինել սիամական երկվորյակներ եւ բոլոր հարցերի վերաբերյալ միշտ եւ բոլոր դեպքերում ունենալ միատեսակ դիրքորոշում: «Բարգավաճ Հայաստանը» սկզբունքային է իր բոլոր որոշումներում եւ իր դիրքորոշումն ու տեսակետները հայտնում է թե՛ Երեւանի ավագանիում, թե՛ Ազգային ժողովում: Եվ անկախ այն բանից, թե դրանք ում դիրքորոշումների հետ են համընկնում կամ չեն համընկնում, ում են դուր գալիս, ում՝ ոչ, մենք շարունակելու ենք սկզբունքային լինել բոլոր հարցերում։
– Փաստորեն ձեր դիրքորոշումները սկսեցին չհամընկնել առաջին հերթին Երեւանի ավագանու ներսում, քանի որ մեծ աղմուկը դրանից առաջացավ:
– Այո, գաղտնիք չէ, որ Երեւանի ավագանիում որոշակի խնդիրներ, ավագանու մեծամասնության հետ որոշակի տարակարծություններ կան, ու, թերեւս, դա էր պատճառը, որ շրջանառվեցին լուրեր, թե ԲՀԿ-ն կարող է վայր դնել Երեւանի ավագանու իր մանդատները:
– Սակայն դրանք միայն տարածված լուրեր չէին: Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության ղեկավարն անձամբ էր ասել, որ չի բացառում մանդատների վայր դնելու հավանականությունը:
– Բնականաբար, ոչ մի բան չի բացառվում։ Եվ այո, չի բացառվում նաեւ ձեր նշած զարգացումը։ Մենք անձերի դեմ որեւէ խնդիր չունենք, մեր խմբակցության դիրքորոշումը հստակ էր, եւ մեզ համար ընդունելի չէր Հանրապետական մեծամասնության առաջարկած փոփոխության այն տարբերակը, ըստ որի՝ քվորումի շեմը իջեցվեց 17-ի: Ի վերջո, երբ գործում էր քվորումի 33-ի շեմը՝ դա նշանակում էր, որ մեծամասնության ձայնը, տեսակետը առավել լսելի է դառնում։ Բայց քանի որ եղավ մեծամասնության դիկտատուրա, բնականաբար, փոփոխության հանրապետական տարբերակն անցավ, ինչը մեզ համար, կրկնում եմ, ընդունելի չէր: Այդուհանդերձ, մենք ունենք Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման մեր ծրագիրը եւ հակված ենք կառուցողական աշխատանքի։ Իհարկե, եթե մեր բոլոր փորձերն անցնեն ապարդյուն եւ կառուցողական աշխատանք չստացվի, ապա, բնականաբար, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը համապատասխան հետեւություններ կանի: Իսկ այսօր մանդատներից հրաժարվելու խնդիր Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության օրակարգում չկա:
– Մամուլում որոշակի վերլուծություն կար քաղաքական նոր սցենարների մասին, ըստ որի՝ Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Ծառուկյանը փորձում են աշխատել իշխանության թիկունքում:
– Դրանք անհեթեթությունների եւ աբսուրդի նույն շարքից են, հերթական պրովոկացիոն լուրերը, որոնք, ըստ իս, հստակ ուղղորդված կերպով դրվում են շրջանառության մեջ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ցանկացած որոշում իրականացնում է հրապարակավ՝ առանց ինտրիգների եւ խարդավանքների։ Եվ եթե Ծառուկյանն ասում է, որ ինքը նախագահ Սերժ Սարգսյանի կողքին է՝ ուրեմն դա միանշանակ այդպես է։ Ուստի, տարբեր սոուսներով տարբեր սցենարներ հյուսողները լավ կանեն զբաղվեն սեփական պատվիրատուների ականջները քողարկելով, որոնք ուղղակի ծածանվում են անհաջող թխված նյութերի տակից։
– Համաձայնեք, որ քաղաքականությունը նաեւ անհնարինի արվեստ է, եւ մենք քեզ հետ միասին տարիներ շարունակ ականատես ենք եղել, որ գրեթե բոլոր վերլուծությունները, հավանական կամ անհավանական սցենարները, որ ներկայացվում են մամուլում, եւ որը այս կամ այն քաղաքական ուժը ջերմեռանդությամբ հերքում է, ի վերջո ամբողջությամբ կամ մասամբ իրականություն են դառնում:
– Քաղաքականության մեջ, իհարկե, որեւէ բան չի բացառվում, ես ձեզ հետ համաձայն եմ։ Սակայն եթե ԲՀԿ-ն քաղաքական դաշտում իր այսօրվա ունեցած տեղի եւ դիրքի փոփոխություն նախանշի, ապա այդ մասին կասի հրապարակավ, առանց դավադրությունների եւ խարդավանքների։
– Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնանկության հետ կապված ձեր կուսակցությունից իրարամերժ գնահատականներ հնչեցին. մեկ ասվեց, որ հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով, մամուլի խոսնակն ասաց, որ իր աշխատանքը վատ կատարելն է եղել պաշտոնանկության պատճառը: Այս «չհամախմբված» պատասխաններից կարելի՞ է ենթադրել, որ անգամ ԲՀԿ-ի համար այս նախարարի պաշտոնանկությունն անակնկալ էր:
– Ոչ, անակնկալ չէր։ Եղել է ԲՀԿ նախագահի հստակ դիրքորոշումը՝ այն պաշտոնյաները, որոնք ինչ-ինչ պատճառներով թերանում են կատարել իրենց պարտականությունները, պիտի հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Այս պաշտոնանկությունը հենց այդ համատեքստում էր:
– Երկրի վարչապետը բավականին թափանցիկ ակնարկներ արեց օլիգոպոլիաների եւ այլնի մասին, եւ քանի որ ձեր կուսակցության նախագահը ամենամեծ օլիգարխներից մեկն է, ինչպե՞ս ընկալեցիք ասվածը:
– Խոսելով խոշոր բիզնեսի մասին ընդհանրապես, կարծում եմ, կարելի էր շատ ավելի հստակ ասել, թե խոսքը ո՞ր ոլորտների եւ ինչի՞ մասին է: Եթե վարչապետը նկատի ունի տնտեսական մոնոպոլիաները, այո, միանշանակ համաձայն եմ վարչապետի հետ, եւ եթե դրանց դեմ պիտի լուրջ եւ անաչառ պայքար ծավալվի, մենք պատրաստ ենք աջակցել դրան։ Բայց ընդհանրացնել եւ խոսել ողջ խոշոր բիզնեսում արդարության դեֆիցիտի մասին, կարծում եմ՝ այստեղ ճշգրտումների եւ հստակեցումների խնդիր կար։