Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որով վերահաստատել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որեւիցե կապ չունի արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ: «Panorama.am»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս փաստը, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ՌԴ ԱԳՆ հայտարարությունը բացատրեց Հայաստանի վարած հուսալի արտաքին քաղաքականությամբ: Հիշեցնենք, որ մինչ այդ Անդրեյ Նեստերենկոն հարցազրույցում հայտարարել էր, թե իր կարծիքով՝ «Հայաստան-Թուրքիա առանցքի բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցեր»: Այս արտահայտությունը տարակերպ մեկնաբանությունների ենթարկվեց թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Բանը նույնիսկ այնտեղ հասավ, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավորները պարզաբանում խնդրեցին ՀՀ արտգործնախարարից: Այս առնչությամբ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց մինչ այդ պաշտոնական Մոսկվայի հայտարարած դիրքորոշման մասին եւ, տեսակետ հայտնելով, որ վրիպում է տեղի ունեցել, խորհուրդ տվեց սպասել լրացուցիչ պարզաբանումների: Եվ ահա՝ որոշ աղբյուրներ, հղում կատարելով Հայաստանի արտգործնախարարի խոսքին, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը նոր հայտարարություն կանի, շտապեցին համեմատականներ անցկացնել Վարդան Օսկանյանի՝ իր բացթողումները մշտապես սխալ թարգմանության վրա բարդելու սովորության հետ: «Եթե այդ համեմատականներն անողները մի քիչ ավելի փորձագիտական եւ անկախ մոտեցում ցուցաբերեին, ավելի շրջահայաց լինեին, ապա կարծում եմ, շատ լավ կնկատեին, որ այս մեկուկես տարվա ընթացքում հայկական դիվանագիտությունը շատ դեպքերում շատ ավելի արդյունավետ է աշխատել, քան նախկին տարիներին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ռուսական կողմը լրացուցիչ պարզաբանում ներկայացրել է սեփական նախաձեռնությամբ: