Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկուսը՝ քաղաքում

Նոյեմբեր 21,2009 00:00

Հմայակի «դիմակը պատռվեց», «Սյունյաց արծիվներն» էլ հասան Երեւան

Երեկ Երեւանի քաղաքապետարանի կամոք եւ քաղաքապետի գործուն մասնակցությամբ խաչվեցին Հայաստանի առաջադիմական կուսակցության եւ «Սյունյաց արծիվներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ճանապարհները: Առաջադիմականների Կենտրոն համայնքի կառույցի ակտիվին տրամադրվել էր Ազնավուրի հրապարակը՝ հանդիպում-հանրահավաք անցկացնելու համար, «Արծիվներին»՝ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներից մեկը՝ կազմակերպության հիմնադրման 7-ամյակը նշելու եւ Երեւանում կառույց հիմնադրելու համար: Նախնական խոստման համաձայն, մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանն առաջադիմականների հավաքին իր ելույթում «պատռում» էր նույն ընտրատարածքում իր հավանական մրցակից Հմայակ Հովհաննիսյանի «դիմակը»:
Փաստորեն, «պատռման» արարողությանը ակամա ունկնդիր եղավ ՀՀ կառավարության կազմի զգալի մասը՝ ի դեմս պաշտպանության նախարարի, Երեւանի քաղաքապետի, ԱԽ քարտուղարի, օրենսդիր ՀՀԿ-ականների եւ այլոց, ովքեր շտապում էին «Արծիվներին» շնորհավորելու: Իսկ դրսում  առաջադիմականներին եւ Կոստանյանին աջակցելու էին շտապել «Վերվարածներն ընտանիքում» սերիալի հայտնի դեմքերը՝ Արբին, Ճպլը, Լիպոն եւ այլք: Ժամանակին Սերժ Սարգսյանի հովանավորյալ, Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ով այժմ ընդդիմանում է կառավարությանը, ընդամենը մի ակնթարթ երեւաց ու աննկատ հեռացավ: «Ժողովրդի խոսքերն եմ կրկնում Հմայակի մասին՝ «կոոպերատիվ ընդդիմադիր»: Նա է, ով լինելով տարբեր ընդդիմադիր ճամբարներում՝ ամենապատասխանատու եւ ընդդիմության համար ճակատագրական պահին դուրս է եկել իրեն առաջ տարած քաղաքական թիմից ու լքել ընդդիմադիրներին: Նա է իր քվեարկություններով միշտ օժանդակել իշխանությունների օրենսդրական նախաձեռնությունները: Նրան ենք մենք հաճախակի տեսնում այնպիսի շենքերում ու աշխատասենյակներում, ուր իրեն հարգող ընդդիմադիրը մոտ էլ չի գա: Լավ իմանալով, որ «դաբրոն» տրված է իրեն, իսկ ով կասկածում է, թող մտնի ցանկացած պետական կառույց ու հարցնի, շահարկում է Նիկոլ Փաշինյանի անունը՝ իմանալով, որ վերջինիս չեն գրանցելու, ասում է, թե պատրաստ է հանել թեկնածությունը նրա օգտին ու անամոթաբար խաբում ժողովրդին, թե ինքը, որպես ընդդիմություն, հաղթելու է այս տարածքում: Այդ «լոնդա-կոլոր 40» ներկով մազերը ներկող, վազվզող աչքերով ու աֆերիստի դեմքով մարդն իրեն թույլ է տալիս իմ հասցեին անձնական վիրավորանքներ: Այո, ես դերասան եմ, դա իմ մասնագիտությունն է, իմ «փեշակը», իմ գործը, իսկ դու դերասան ես էությամբ: Իսկ երբ որ խոսում ես իշխանություններից քցվածների մասին, Հմայակ, հիշի՛ր անցյալ խորհրդարանական ընտրությունները, երբ «Դաշինքի» ցուցակում էիր, ու ինչ տեղի ունեցավ»,- դրսում ասում էր Վլադիմիր Կոստանյանը: Իսկ ներսում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում էին նժդեհականությունից, պատմում էին, թե ինչ կարեւոր է ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր օրերում:
«Սիրելի ժողովուրդ, կսկսվի արշավը, նրան կլուսաբանեն բոլոր լրատվամիջոցները, ու նա իր բոլոր դեմքերով կներկայանա Ձեզ, իսկ ես հանդիպելու եմ, հանդիպելու եմ բոլորիդ, գնալու եմ տուն առ տուն, թաղ առ թաղ ու կիսվեմ անելիքներովս ձեզ հետ: Ուշադիր եղե՛ք, տարբերեք կոպեկներով քաղաքի կենտրոնում միլիոնանոց տարածք սեփականաշնորհած իբր ընդդիմադիրին աշխատող մարդուց: Ընտրե՛ք ձեր ընկերոջը, այլ ոչ թե հակառակորդին»,- Կենտրոնի իր համակիրներին հորդորում էր Վլադիմիր Կոստանյանը: Իսկ ներսում միմյանց հասցեին գովեստի խոսքեր էին ասում ու լսում, շնորհավորում ու պարգեւներ տալիս: Դրսում ժամանակակից աստղերն էին երգում: Ներսում՝ «Արծիվների» հավաքին, ներկա չէր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, բայց դահլիճում նրա հասցեին հնչեցված երախտագիտության պակաս չկար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել