Բայց կա նաեւ կրքերը չշիկացնելու ցանկություն
Ի սկզբանե, երբ հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը դարձել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ, հետո հեռացվել ու ավելի ուշ դարձել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ, եւ դրանով հարթվել է նաեւ նրա՝ կուսակցությանն անդամակցելու հարցը, հասկանալի էր՝ այս կուսակցությունում ինչ-որ բան այնպես չէ: Այդ հետո էր, որ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ստիպված էր մեկ անգամ եւս հայտարարել, որ կուսակցության կանոնադրության համաձայն, Վ. Խաչատրյանը, չլինելով ՍԴՀԿ անդամ, չի կարող լինել Կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ: Ահա այս հակասական հայտարարություններից հետո էր, որ սկսեցին շրջանառվել ՍԴՀԿ-ում տեղի ունեցող խմորումների եւ նույնիսկ մոտ ապագայում ներկուսակցական «պերեւարոտի» մասին խոսակցությունները: Իհարկե, որ ՍԴՀԿ-ում արդեն ներքին հակասություններ կան, եւ կան հակամարտող երկու թեւեր՝ ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ որպես ՍԴՀԿ անդամներ եւ ԿՎ քաղաքական դիվանի անդամներ՝ ասուլիս տվեցին Վահան Շիրխանյանն ու նորաթուխ հնչակ Վարդան Խաչատրյանը: Սա, թերեւս, պատահական չէր, որովհետեւ, ինչպես պնդում են ՍԴՀԿ-ի մեր աղբյուրները, այս երկու գործիչները կուսակցությունն իրենց ձեռքը վերցնելու հեռահար նպատակ են հետապնդում եւ այդ հարցում ունեն նաեւ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի աջակցությունը:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՍԴՀԿ երեւանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ի պատասխան մեր հարցին՝ միայն ասաց, թե «շրջանառվող լուրերի մեջ որոշակի ճշմարտություն կա»: ՍԴՀԿ այլ անդամներ սրան նաեւ հավելեցին, որ կուսակցությունում այսօր ստեղծված վիճակը նոր բան չէ եւ նախապատմություն ունի: Ըստ այդմ, ամեն ինչ սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ, երբ անցյալ տարվա մարտյան դեպքերից հետո, մարտի 2-ին կուսակցության անդամ է դարձել Վահան Շիրխանյանը: Մի քանի ամիս անց, 2008թ. նոյեմբերին, նա մեկնել էր Լոս Անջելես, հանդիպել ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ, ինչից հետո, ՍԴՀԿ մի քանի անդամների պնդմամբ, կուսակցությունում ներքին խմորումներ էին սկսվել:
«Շիրխանյանն ամեն ինչ անում է կուսակցությունը պառակտելու եւ նոր կառույց ստեղծելու համար, որտեղ ինքը կունենա լրջագույն դերակատարություն»,- այսպես ասաց ՍԴՀԿ անդամներից մեկը, որն այս պահին չցանկացավ իր անունը հրապարակել: Վերջինիս ասելով, Վ. Շիրխանյանը, ի դեմս Վ. Խաչատրյանի, արդեն նաեւ հայաստանյան կառույցում է աջակից գտել ու փորձում է ՍԴՀԿ առաջիկա համագումարում՝ հունվարի 9-ին, եթե ոչ ինքը, ապա Վ. Խաչատրյանին որպես թեկնածու առաջադրել կուսակցության ատենապետի պաշտոնում:
Թե ո՞րն է դրա նպատակը՝ ՍԴՀԿ-ում պարզաբանում են՝ «այլապես իրենք հայաստանյան կառույցը որեւէ կերպ չեն կարող Կոնգրեսից հանել» եւ իրականացնել երրորդ ուժ ձեւավորելու իշխանության «պրոյեկտը»: Մեր աղբյուրները ամենեւին էլ պատահական չհամարեցին հենց այս համատեքստում մասնավորապես Վ. Շիրխանյանի՝ այս շաբաթ ասուլիսում արած հայտարարությունը, որ եթե «զարգացումները բերեն այնպիսի վիճակի, որ ժողովուրդը ռեալ սպառնալիք տեսնի իր գոյության, իր հայրենիքի նկատմամբ, կձեւավորվի նոր ընդդիմություն, որը այն ժամանակ, միգուցե, կսկսի աշխատել։ Այսօրվա ընդդիմության կողմից ես արտահերթ ընտրությունների հեռանկար չեմ տեսնում»:
Հիմա ՍԴՀԿ հայաստանյան կառույցի վարչությունում ավելի հեռուն գնացող ենթադրություններ են անում՝ կարծիք հայտնելով, որ նա իշխանությունների կողմից է «գործուղվել»՝ կուսակցությունը, ինչպես շատ այլ քաղաքական ուժերի դեպքում է, պառակտելու կամ իր կողմից վերահսկելի ընդդիմություն դարձնելու նպատակով: ՍԴՀԿ-ում հիմա հիշել են անգամ երեք տարվա վաղեմություն ունեցող պատմություններ. այն, որ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը ու նաեւ Վահան Շիրխանյանը թեեւ երկուսով մեղադրվեցին «փողերի լվացքի» մեջ, բայց կալանավորվեց միայն Արզումանյանը:
Մեր հարցին, թե՝ ինչպե՞ս են վերաբերվում համահնչակյան կենտրոնական վարչության անդամներն ու ատենապետ Սեդրակ Աճեմյանը հայաստանյան կառույցում տեղի ունեցող զարգացումներին, ՍԴՀԿ-ում մեզ ասացին, թե վերջինս, ուստի նաեւ վարչության անդամները, բացառությամբ մեկ-երկու հոգու, այսօր Շիրխանյանին են աջակցում: Բայց պատճառը, մեր զրուցակիցների ասելով, ոչ միայն այն է, որ Կենտրոնական վարչության եւ հիմնականում նաեւ Ս. Աճեմյանի հետապնդած նպատակներն են նույնը՝ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը դուրս բերել Կոնգրեսի կազմից, կամ միայն այն, որ իշխանության «պրոյեկտին» մաս կազմելը հիմա նաեւ Ս. Աճեմյանի համար է հարմար, որովհետեւ Հայաստանում՝ Հանքավանում նա վերջերս հանգստյան տուն է գնել, այլեւ այն, որ Շիրխանյանը պարբերաբար, մեր աղբյուրների ձեւակերպմամբ՝ «ամեն օր նստում է Սեդրակի ականջին եւ համոզում, որ Կոնգրեսը հաղթելու ոչ մի շանս չունի, եւ ժամանակն է լքել ՀԱԿ-ն ու նոր՝ երրորդ ուժ ձեւավորել»: Ավելի կոնկրետ եւ գործնական քայլեր այդ ուղղությամբ, մեր աղբյուրների ասելով, դեռ չկան, եթե չհաշվենք Ս. Աճեմյանի հանդիպումը ՀՀ վարչապետի եւ Վ. Շիրխանյանի հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչը ՍԴՀԿ-ում ընկալում են որպես ուղիղ կապ դեպի Սերժ Սարգսյանը: ՍԴՀԿ-ի այդ ծրագրին Հայաստանում խոչընդոտում են հայաստանյան կառույցի ատենապետն ու վարչության անդամները, որոնց էլ փորձ է արվում «չեզոքացնել» համագումարի կողմից նոր ատենապետի ընտրությամբ:
«Առավոտը» փորձեց այս մեղադրանքների առնչությամբ ստանալ նաեւ Վ. Շիրխանյանի պարզաբանումը: Նա նախ՝ կարծիք հայտնեց, թե լուրջ մարդիկ պետք է ոչ թե այդպիսին ձեւանան, այլ իսկապես լինեն լուրջ մարդ, ու հավելեց. «Ես պերեւարոտներից տեղյակ չեմ: Հակասություններ բոլոր տեղերում էլ կան: Կուսակցության պառակտման վտանգ եւ առավել եւս՝ Կոնգրեսը լքելու վտանգ չկա: Բացի այդ, նախ՝ կուսակցության Կենտրոնական վարչության անդամը իրավունք չունի դառնալ ատենապետ: Երկրորդ՝ երբեք ցանկություն չեմ ունեցել ատենապետ կամ որեւէ կուսակցության ղեկավար դառնալ: Երրորդ՝ ոչ մի իշխանափոխության, հեղափոխության կամ հեղաշրջման խնդիր, առավել եւս իմ կողմից, չի դրվել եւ չի հետապնդվում: Չորրորդ՝ ՍԴՀԿ-ում Կոնգրեսին անդամակցելու առաջարկի հեղինակը եղել եմ ես, Կոնգրեսից դուրս գալուն եղել եմ դեմ եւ մնում եմ դեմ»:
Ինչ վերաբերում է Վ. Խաչատրյանի՝ ՍԴՀԿ ատենապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությանը, ապա ՍԴՀԿ-ում հաստատեցին, որ եթե նա իսկապես լիներ Կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ, այդպիսի իրավունք, իսկապես, չէր ունենա: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նա, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի վարչության անդամների պնդմամբ, ՍԴՀԿ անդամ չլինելով՝ առավել եւս Դիվանի անդամ լինել չի կարող, ուստի՝ նրա առաջադրումը կուսակցության ատենապետի պաշտոնում միանգամայն հնարավոր է: ՍԴՀԿ վարչությունում նրա նկատմամբ ունեցած անվստահությունը բացատրեցին նաեւ նրանով, որ նախկինում լինելով ազատական գաղափարախոսության կրող «Ժառանգության» անդամ՝ հիմա նա համառորեն «կպել է սոցիալիստական գաղափարախոսություն դավանող ՍԴՀԿ-ին» ու «կուսակցության դռնից վռնդվելուց հետո էլ փորձում է պատուհանով ներս մտնել»:
Ինքը՝ Վ. Խաչատրյանը, անիմաստ համարեց մեղադրանքներին հակադարձել ու սահմանափակվեց միայն հետեւյալով. «Դրանք անհիմն խոսակցություններ են եւ որեւէ կապ չունեն այսօր ընթացող պրոցեսների հետ»: Նա նաեւ աննպատակահարմար համարեց ՍԴՀԿ-ի շուրջ այսօրինակ խոսակցությունների ծավալումը: Այսուհանդերձ, ՍԴՀԿ-ում «հակամարտող» երկու կողմերից էլ պնդումներ եղան, եւ հույս հայտնվեց, որ կուսակցությունը չի պառակտվի եւ կշարունակի գործել ընդդիմադիր դաշտում ու մաս կազմել Կոնգրեսին: