Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱ ՍԱ ՔՈ ՊԱՐՏՔԸ ՉԷ՞, ԸՆԿԵՐ ԱՄԵՐԻԿԱ

Նոյեմբեր 21,2009 00:00

\"\"Առաջարկում են ասել «Հայրենատիրություն» շարժման նախաձեռնողները

Կառավարությունը նոյեմբերի 11-ին բացասական եզրակացություն է տվել ՀՅԴ մի շարք պատգամավորների եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ նոյեմբերի 22-ն իբրեւ «Հայրենատիրության օր» նշելու վերաբերյալ: Օրվա ընտրությունը պայմանավորված է այն փաստով, որ հենց 1920թ. նոյեմբերի 22-ին էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը՝ նախապես հայցադիմում ստանալով Փարիզի վեհաժողովից, հետո Սեւրի պայմանագրով՝ որոշում կայացրել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի վերաբերյալ, նաեւ քարտեզագրելով այդ սահմանները: «Նոյեմբերի 22-ի ներառումը «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում ապագայում մեզ հնարավորություն կտա կանխել Թուրքիայի կողմից միջազգային համապատասխան կառույցներում էստոպելի վկայակոչումը, այսինքն՝ իրավական այն հիմնադրույթը, երբ իրավատերը տվյալ դեպքում՝ Հայաստանը, իր գործողությունների բացակայությամբ ցույց է տվել, որ հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ»,- հիմնավորել են հեղինակները: Սակայն կառավարությունը հայտնել է, թե «ներկա պահին նպատակահարմար չի համարում ներկայացված նախագծի ընդունումը»:
Երեկ Թեքեյան կենտրոնում կայացավ «Հայրենատիրություն» շարժման անդրանիկ հավաքը, որի նախաձեռնողներն իրենց նպատակներից մեկը հռչակեցին այն, որ «Հայրենատիրության օր» նշելու վերաբերյալ օրինագիծը քննարկելիս՝ «ԱԺ-ն իր թիկունքում զգա մեր ներկայությունը»: Սա հայտարարեց «Վասպուրականի նոր սերունդ» հայրենակցական միության ղեկավար Մարինե Ֆահրադյանը: Նա եւ մեկ այլ նախաձեռնող՝ մաթեմատիկոս Վաչագան Ֆահրադյանն ակնհայտորեն իրականացնում էին Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանի գաղափարը: Վերջինս Ավստրալիայից հատուկ ուղերձով դիմել էր հավաքի մասնակիցներին:
Ահա թե ինչպես ընթացավ այս հավաքը: Վաչագան Ֆահրադյանը մի երկար ելույթ ունեցավ եւ մասնավորապես հայտարարեց. «Մենք իրավազուրկ էինք, հիմա հնարավորություն ունենք լրիվ բարձրաձայնել եւ պահանջել մեր հայրենիքը վերադարձնել մեզ: Մեր հայրենիքին վերատիրելու միակ ճանապարհն է՝ մենք պետք է կարողանանք հաղթել Թուրքիային. ոչ թե խնդրել, ոչ թե չգիտես ինչ, այլ հաղթե՛լ: Հաղթել չի նշանակում՝ զենքը վերցնենք, գնանք սկսենք թուրք կոտորել: Հաղթելու բազմաթիվ ճանապարհներ կան: Օրինակ՝ ԱՄՆ-ն կարողացավ սառը պատերազմում հաղթել Սովետական Միությանը»: Նա դժգոհեց, որ Հայաստանին դրդում են բարելավել հարաբերությունները հարեւանների հետ. «Կներեք, բայց մեր հարաբերությունները Թուրքիայի հետ նորմալ են՝ այնպիսին են, ինչպիսին պիտի լինեն ռեցիդիվիստ հանցագործի եւ նրա զոհի միջեւ հարաբերությունները: Առանց նախապայմանների բարելավել այդ հարաբերությունները՝ նշանակում է աննորմալացնել դրանք»: Եվ կոչ արեց միանալ իրենց շարժմանը՝ «Նշելով մեր անհամաձայնությունը մեր տարածքները զիջելու, եւ մեր վճռականությունը՝ մեր տարածքները մեզ վերադարձնելու հարցում»:
Մարինե Ֆահրադյանը հայտարարեց, թե ընթերցելու է Արա Պապյանի բաց նամակը՝ ուղղված Թուրքիայի ԱԳ նախարարին: ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը, որն ինչպես եւ ՀՅԴ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչները՝ մասնակցում էր այս հավաքին, ընդվզեց, թե այն կարդացել են: Մարինե Ֆահրադյանը, մեկ է՝ ընթերցեց այդ ծավալուն նամակը, հայտարարելով. «Տեղեկացված ես, ուրեմն, զինված ես»: Հետո հավելեց սեփական մեկնաբանությունները. «Մենք պետք է ցույց տանք մեր իրավունքները եւ ասենք՝ բա սա քո պարտքը չէ՞, ընկե՛ր Ամերիկա»:
Ներկաներից մի քանիսն էլ ելույթ ունեցան: Ասենք, Ժորա Արեւշատյանը հայտարարեց. «Քանի մեր ժողովուրդը երախտամոռ է՝ մենք ոչ մի բանի չենք հասնի: Դուք նշում եք՝ բոլշեւիկնե՜րը, բոլշեւիկնե՜րը: Բայց երբեք չեք մտածում, որ երբ բոլշեւիկները եկան իշխանության՝ ինչքան տարածք ունեինք: Նրանց ջանքերով 2/3-ով ավելացան այն տարածքները, ինչը որ թողել էր նախկին պետությունը: Բոլշեւիկներն են ձեզ պահել, մարդ դարձրել, Հայաստանը փրկել, թե չէ՝ հայ ժողովուրդը կոտորված կլիներ: Դուք գնացեք մեզ իսկական փրկողների մոտ՝ էն ժամանակ մի բանի կհասնենք: Թե չէ՝ հիմա կպել եք Վիլսոնի գծած քարտեզին: Բավակա՛ն է, երախտամոռ մի՛ եղեք»:
Իսկ «Սուրբ Սանդուխտ» կանանց միության նախագահ տիկին Արտեմիսը հետաքրքրվեց, թե ինչ մեխանիզմներով պիտի տեր կանգնենք մեր հայրենատիրությանը: Վաչագան Ֆահրադյանը պատասխանեց, թե քայլերի հաջորդականությունը չի ցանկանում բացահայտել. «Բայց մեխանիզմներից մեկն է՝ կարող ենք դիմել մեր պատգամավորին, իրեն պատգամ տալով, որ քվեարկի այս հարցի օգտին՝ մե՛ր ասած ձեւով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել