Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երեկ տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որտեղ քննարկվել է Թբիլիսիում 1356-ին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայոց եկեղեցու փլուզման փաստը: Ժողովի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Գերագույն հոգեւոր խորհուրդն ափսոսանքով է արձանագրում, որ անարդյունք մնացին ՀՀ իշխանությունների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործադրած տարիների ջանքերը Վրաստանի իշխանությունների եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ բանակցությունների ճանապարհով կարգավորելու Վիրահայոց թեմի իրավաբանական անձի կարգավիճակի եւ հայոց եկեղեցիների վերադարձման հարցերը: Հիշյալ խնդիրների կարգավորման մեջ վրացական կողմի դրսեւորած հանիրավի ձգձգումների հետեւանքներից է նաեւ Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզումը, որի ամբողջ պատասխանատվությունը կրում են Վրաստանի Հանրապետության իշխանությունները եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցին: Հայկական սրբավայրերի պահպանության ուղղությամբ վրաց պետության դրսեւորած անտարբերությունը որեւէ կերպ չի համատեղվում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու, երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու եւ նրանց պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ վրաց պետության կողմից մշտապես հնչեցվող հայտարարություններին եւ միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորություններին»: