Լիտվայում հայտնաբերվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտ, որի գոյության մասին լրագրողներն իմացել են միայն այս տարվա ամռանը: Ամերիկյան «ABC» հեռուստաընկերության՝ ԿՀՎ-ի նախկին աշխատակիցներից մեկն ասել է, թե բանտը գտնվում է լիտվացի պաշտոնյաների ամառանոցներից քիչ հեռու՝ Անտիվիլայ գյուղում, Վիլնյուսից 20 կմ հեռավորության վրա: Նախկինում այդ շենքում տեղակայված է եղել ձիասպորտի էլիտար դպրոցը: Հիմա այդ շենքում գործող գաղտնի բանտում պահվում են ահաբեկչության մեջ կասկածվողներն ու «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ առնչություններ ունեցողները, որոնց նկատմամբ, չի բացառվում, որ կիրառվել են կտտանքներ եւ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու համար այլ արգելված մեթոդներ:
«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս բանտում՝ անօրինական է»,- հայտարարել է իրավապաշտպան Ջոն Սիֆտոնը՝ հավելելով, որ բանտում պահվողների նկատմամբ կիրառվել են կտտանքների տարբեր մեթոդներ, այդ թվում՝ «քնից զրկում, ոտքի վրա կանգնած մնալու պարտադրանք, ցավեցնող ճնշումների գործադրում»:
Լիտվայի պաշտոնական ներկայացուցիչները «ABC»-ին ներկայացրել են փաստաթղթեր, որոնք վկայում են, որ այդ տարածքը ԿՀՎ-ի հովանու տակ գործող դրածո «Elite» եւ «LLC» ընկերություններինն է: Լիտվան հավանություն էր տվել իր տարածքում գաղտնի բանտ ունենալու առաջարկին դեռ 2002թ.-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի Լիտվա կատարած այցի ժամանակ եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում երկրին օգնելու խոստման դիմաց: