Լրահոս
Օրվա լրահոսը

Քարզայը երդվեց երկրորդ անգամ

Նոյեմբեր 20,2009 00:00

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ տեղի է ունեցել գործող եւ վերընտրված նախագահ հռչակված Համիդ Քարզայի երդման արարողությունը, որին ներկա են եղել աշխարհի 42 երկրներից Քաբուլ ժամանած 800 բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Քուշները եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:
Քարզայը երդման ճառում ընտրությունների ժամանակ իր հիմնական ընդդիմախոս Աբդուլլա Աբդուլլային կոչ եւ առաջարկ է արել մասնակցել ազգային միասնության կառավարության ձեւավորմանը, որը գործող նախագահը սկսելու է երկրի ղեկավարումը պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո: Աբդուլլա Աբդուլլան, սակայն, հայտարարել է, թե ինքը երեք տարի Քարզայի կառավարությունը լքել եւ հրաժարական է տվել երկրի արտգործնախարարի պաշտոնից հենց այն պատճառով, որ չի ցանկացել «լինել այն համակարգի մասնիկը, որի օրոք երկրում իրավիճակը գնալով վատթարանում է»:
Հիշեցնենք, որ միջազգային հանրությունը վերջին շրջանում ուժեղացրել է ճնշումները աֆղան նախագահի վրա՝ պահանջելով զսպել երկրում տիրող կոռուպցիան եւ սպառնալով, թե հակառակ դեպքում կդադարի Աֆղանստանին հումանիտար օգնություն ցույց տալ: Քարզայն իր երդման ժամանակ հայտարարել է, թե մտադիր է ձեւավորել կոմպետենտ կառավարությունը՝ երկրում կոռուպցիայի եւ թմրանյութերի մաքսանենգության դեմ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու համար: Նա նաեւ ասել է, թե պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ ու հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն, Կանադան եւ Եվրամիությունը Աֆղանստանին ավելի շատ օգնություն կտրամադրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել