Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա: Կիեւում նա հանդիպել է իր գործընկերոջ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, նախատեսվում է, որ նրանք նախ կհանդիպեն նեղ շրջանակներում, ապա երկու երկրների պատվիրակությունները բանակցություններ կվարեն ավելի ընդլայնված կազմով: Հանդիպումը հեռարձակվելու էր ուկրաինական հեռուստաընկերությունների ուղիղ եթերով: Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Ցիբեկոն նախօրեին հայտարարել էր, թե երկու նախագահները Կիեւում քննարկելու են «Կասպից, Սեւ եւ Բալթիկ ծովերի էներգետիկ տարանցիկ տարածքի շրջանակներում Եվրասիական նավթատարանցիկ միջանցքի» ստեղծման նախագիծը, որի շնորհանդեսը տեղի է ունենալու երկու ամիս հետո՝ Թբիլիսիում կայանալիք էներգետիկ գագաթաժողովի ժամանակ:
Աղբյուրի փոխանցմամբ, Սահակաշվիլիի անվտանգությունն այս այցի ընթացքում ապահովելու են հազար ընտրյալ ոստիկաններ: Սահակաշվիլին այցի շրջանակներում մտադիր է մասնակցել նաեւ talk-show-ի, որտեղ նա կպատմի, թե ինչ վտանգ են ներկայացնում Ռուսաստանն ու նրա կողմնակիցները: