Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը նախագահ է ընտրում

Նոյեմբեր 20,2009 00:00

Հինգշաբթի Բրյուսելում Շվեդիայի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել Եվրամիության արտակարգ գագաթաժողովը, որի ընթացքում ԵՄ անդամ 27 պետությունները առաջին անգամ պետք է Եվրամիության նախագահ ընտրեն, նաեւ վերընտրեն արտաքին քաղաքականության եւ պաշտպանության գծով հանձնակատար Խավիեր Սոլանային, որի լիազորությունների ժամկետն ավարտվել էր դեռ հոկտեմբերի 17-ին: ԵՄ պաշտոնում երկու ամենահիմնական թեկնածուների ընտրության շուրջ երկրները ընդհանուր հայտարարի չեն եկել, ուստի, «BBC»-ի մատուցմամբ, քննարկումները կարող են շարունակվել կեսգիշերից էլ անց: Աշխատանքային բանակցությունները, նույն աղբյուրի փոխանցմամբ, կընթանան նաեւ եվրոպական երկրների առաջնորդների պատվին կազմակերպված ճաշի շուրջ:
ԵՄ նախագահի պաշտոնի առանցքային թեկնածուն մինչ այս համարվում էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, բայց վերջին պահին Ֆրանսիան եւ Գերմանիան հասկացնել են տվել, որ իրենք հակված են պաշտպանելու ավելի պակաս հայտնի՝ Բելգիայի վարչապետ Գերման վան Ռոմպեի (նկարում) թեկնածությունը: Աղբյուրի մատուցմամբ, եվրոպական շատ երկրների քաղաքական գործիչներ վախենում են, որ Բլերի ժողովրդականությունը կստվերի ԵՄ մյուս պաշտոնյաների գործունեությունը եւ դրա համար է, որ նախընտրում են պաշտպանել ավելի պակաս հեղինակություն ունեցող թեկնածուի: Եվրոպական քաղաքական էլիտան Բլերին համարում է խարիզմատիկ, իսկ Բելգիայի վարչապետին՝ պրագմատիկ քաղաքական գործիչ: Գերման վան Ռոմպեի քաղաքական գլխավոր ձեռքբերումն անցած տարիներին այն է եղել, որ նա, լինելով Բելգիայի էկոնոմիկայի նախարար, տնտեսական այնպիսի քաղաքականություն է վարել, որի արդյունքում երկրի արտաքին պարտքը էականորեն կրճատվել է:
ԵՄ նախագահի մյուս հավանական թեկնածուների թվում են նաեւ Հոլանդիայի վարչապետ Յան-Պետեր Բալկենենդեն, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան եւ Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել