Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԼՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Նոյեմբեր 20,2009 00:00

\"\"Էջմիածինը մեղադրում է Թբիլիսիին

Ըստ վրացական աղբյուրների՝ նոյեմբերի լույս 18-ի գիշերը փլվել է Վրաստանի մայրաքաղաքի Աբո Թբիլելիի փողոցում գտնվող հայկական եկեղեցու մի պատը:
Տուժել են հարակից որոշ տներ, ավտոմեքենաներ, զոհեր չկան: Նույն աղբյուրների համաձայն, Թբիլիսիի այս հայկական եկեղեցին արդեն մի քանի տարի չէր գործում: Եկեղեցու մատույցներում բնակվողների խոսքով, վերջին օրերի հորդառատ անձրեւները էլ ավելի էին վնասել եկեղեցին ու հենց դրա արդյունքում է փլուզվել պատը:
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ դեպքից ժամեր անց տեղում են եղել Վրաստանի հայերի միության նախագահ Գ. Մուրադյանը, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդը եւ Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչը: Իրականում, կարելի է ասել, որ հայկական այս եկեղեցին այլեւս գոյություն չունի, քանի որ փլուզված շենքը վերականգնման ենթակա չէ: Այս եկեղեցին ժամանակին ծառայել է որպես գրադարան:
Վիրահայոց թեմի մամլո դիվանի տարածած տեղեկությունների համաձայն՝ «Կեսգիշերին փլուզվել է 1356 թվականին կառուցված Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցին: Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում են ամփոփված մանկավարժ-խմբագիր Նիկողայոս Խոտորյանը, բարեգործ Բարսեղ Հովսեփյան-Խոջայանցը, ինչպես նաեւ եկեղեցու սպասավորներ: 1990 թվականին, որակվելով որպես վթարային եւ ոչ ենթակա վերանորոգման, եկեղեցին վերջնականապես փակվել է: Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի եւ թեմի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպություններին: Խնդիրը բազմիցս բարձրացվել է նաեւ մամուլի միջոցով, ավաղ, բոլոր դիմումները Վրաստանի իշխանությունների կողմից մնացել են անպատասխան: Մուղնեցոց Սուրբ Գեւորգը՝ Թբիլիսիի Նորաշեն, Շամխորեցոց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երեւանցոց Սուրբ Մինաս եւ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցիների հետ վրաց պատրիարքարանի կողմից արհեստականորեն հռչակվել է վիճելի, որով էլ արդարացվում է եկեղեցիների չվերադարձվելը: Սա երկրորդ փլուզված եկեղեցին է, առաջինը Շամխորեցոց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989 թվականին: Կարծում ենք, այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, որի հաշվեկշռում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե վրաց պատրիարքարանը եւ իշխանությունները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը եւ պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարեւոր հուշարձանները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել