Կամ ժողովրդական վարպետ Նարինե Մխիթարյանի մտահոգությունները
Տիկնիկագործությունը, որ առաջներում առավելաբար իբրեւ արհեստ էր հայտնի, այսօր արդեն արվեստի ինքնատիպ դրսեւորում է: Ցավով պիտի փաստել, որ այն մեր մշակույթում այսօր պահպանվում է հատուկենտ նվիրյալների շնորհիվ: Ժողովրդական վարպետ Նարինե Մխիթարյանը նրանցից մեկն է: 2009-ը տիկնիկագործի համար եռակի հոբելյան է: Ծննդյան՝ 45, ստեղծագործական գործունեության՝ 20 եւ ժողովրդական վարպետի կոչման 5-ամյակը նշող Նարինեի հետ մեր զրույցը անցած ստեղծագործական ուղու, տիկնիկագործությամբ զբաղվելու խնդիրների, դրանց հաղթահարման մասին ստացվեց: Ստեղծագործական գործունեությունը 1989թ. մայիսի 23-27-ը Մոսկվայում կայացած երիտասարդ նկարիչ-մոդելավորողների համամիութենական մրցույթից սկսած Մխիթարյանը պատմում է, որ 1988-ի երկրաշարժից հետո, երբ ողջ հայ ժողովուրդը «մի տեսակ կոտրված էր», մրցույթի մասնակցության հրավերին Հայաստանից արձագանքեց միայն Կիրովականի Ստ. Շահումյանի անվան գլխամասային կարի ֆաբրիկան, որտեղ ինքն աշխատում էր որպես հագուստի նկարիչ-մոդելավորող: «Շատ հուզիչ ու հաճելի պահ էր, երբ իմ ստեղծած երեկոյան զգեստների հավաքածուն ներկայացվեց մեծ բեմում՝ լույսերի ու երաժշտության ներքո: Մեծ պատիվ էր հրավիրվել այդպիսի մեծ փառատոնի, ուր մասնակցում էին հեղինակավոր նորաձեւության տների եւ ֆաբրիկաների երիտասարդ նկարիչ-մոդելավորողները: Սա համարում եմ իմ մկրտությունը հագուստի մոդելավորման ասպարեզում»,- պատմեց մեր զրուցակիցը: 1995 թ. ապրիլի 4-8-ը նա քրոջ՝ դերասանուհի Մարինե Մխիթարյանի եւ վերջինիս դասընկեր՝ Վանաձորի «Երեւան» կինոթատրոնի տնօրեն Լիպարիտ Դալլաքյանի հետ կազմակերպում է «Շյուղեր-95» մրցույթը՝ նվիրված Մայրության ու գեղեցկության տոնին: «Արցախյան պատերազմը նոր էր ավարտվել, անլույս տարիները իրենց կնիքն էին դրել մարդկանց վրա, հայ կնոջ տոկունությունն ու ձեռքի շնորքը ցույց տալու, նրան խրախուսելու համար արվեց այս շյուղագործական աշխատանքների մրցույթը, որը լույսի ու հույսի շող էր: Այն անկախությունից հետո նմանօրինակ առաջին միջոցառումն էր Վանաձորում… Ցերեկը սցենար էինք գրում, գիշերները՝ ստվարաթղթից պայուսակներ էինք պատրաստում, վրան սոսնձում մրցույթի նշանը, մեջը դնում նվերներ՝ բոլոր մասնակիցներին տալու համար»,- հավելում է ժողովրդական վարպետը: 1996թ. Ն. Մխիթարյանը Վանաձորի «Դավ-Գար» կարի ֆաբրիկային կից ստեղծում է փափուկ խաղալիքների արտադրամաս: «Այն ժամանակ դեռ այսքան մասսայական չէր խաղալիքների ներմուծումը եւ մեր խաղալիքները, որ կարվում էին բացառապես թափոններից, ոչնչով չէին զիջում արտասահմանից ներմուծված խանութների ցուցափեղկերի նմուշներին»,- իր աշխատանքի մասին հպարտությամբ է խոսում տիկնիկագործը: Որոշ ժամանակ նա աշխատել է նաեւ Երեւանի «Արմենիա» խեցեգործության արվեստանոցում, բայց իրեն ձգել է կարի, գործվածքի աշխարհը: Ու նորից տիկնիկներ, այս անգամ՝ ազգային տարազներով: Նրա տիկնիկները ցուցադրվել են ինչպես մարզային, հանրապետական, այնպես էլ Ֆրանսիայում «Հայաստանի տարի» տոնակատարության շրջանակներում: Այս տարի մի շարք անհատական ցուցահանդեսներ է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում, Երեւանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում, Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի շրջանակներում եւս ցուցադրվել են նրա տիկնիկները:
Իր աշխատանքի խոչընդոտների մասին խոսելով՝ Ն. Մխիթարյանն ասում է. «Հաճախ ցուցահանդես-վաճառքների ժամանակ որոշ մարդիկ գնում են տիկնիկներ կամ հուշանվերներ, բազում հարցեր տալիս աշխատանքի հետ կապված կամ պարզապես լուսանկարում՝ հետագայում դրանք օգտագործելով տարբեր գրանտային ծրագրեր շահելու համար: Ժամանակն է, որ ամեն մարդ իր գործով զբաղվի: Այդ կերպ խախտվում է իմ հեղինակային իրավունքը»: