Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ ՍԻՐԵԼԸ՝ ԻՆՔՆԱՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՇԱ՞Ն

Նոյեմբեր 20,2009 00:00

\"\"Ըստ հոգեբանի՝ լուսանկարվել չսիրողները բարդույթներ ունեն

Լուսանկարվել սիրում են շատերը: Բայց մարդիկ դա անում են տարբեր պատճառներով: Մեկը լուսանկարվում է պարզապես տվյալ պահը հավերժացնելու համար, մյուսը՝ հետագայում լուսանկարներին նայելով հաճելի պահերը վերապրելու համար եւ այլն: Կան նաեւ մարդիկ, որոնք ընդհանրապես չեն սիրում նկարվել՝ պատճառաբանելով, որ ֆոտոգենիկ չեն: Հոգեբանների խոսքերով, լուսանկարվելու պատճառները խիստ անհատական են. ասում են՝ լուսանկարվել սիրելը բնավորության գիծ է, իսկ լուսանկարչական ապարատից խուսափելը՝ ցածր ինքնագնահատականի նշան:
«Առավոտը» թեմայի վերաբերյալ զրուցեց հոգեբան Արման Բեգոյանի հետ:
Նրա ձեւակերպմամբ՝ լուսանկարվել սիրող մարդկանց բնորոշ է շրջապատն իրենց լուսանկարներով պատելը. «Երբ մտնում ես մարդու տուն եւ տեսնում, որ իր նկարն է դրված, համակարգիչը միացնում ես՝ էկրանին իր նկարն է, հեռախոսի էկրանին, դրամապանակի մեջ կրկին այդ մարդու նկարն է, ապա սա խոսում է ինքնասիրահարվածության մասին, բայց ոչ կատեգորիկ: Իսկ եթե նայենք պահանջմունքային տեսանկյունից, ապա մարդ ցանկություն ունի անընդհատ իրեն կողքից տեսնելու, ինչն էլ նշանակում է, որ տվյալ անձը հաճոյախոսությունների, կողքից հնչող դրական խոսքերի պակաս ունի»:
Հոգեբանի փոխանցմամբ, այսօր շատ մասնագետներ կան, որ կարողանում են լուսանկարներով որոշել մարդու բնավորությունը, բնութագրել նրան, բայց գիտական հոգեբանությունը այդ փաստի վերաբերյալ այլ մոտեցում ունի. «Լուսանկարը պարզապես հնարավոր տարբերակներից մեկն է՝ մարդուն բնորոշելու կամ նրա մասին տեղեկություն հավաքելու: Այդ պատճառով էլ հիմնվել միայն նկարի վրա՝ առնվազն դիլետանտություն է»:
Լուսանկարվել չսիրող մարդկանց մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Այս մարդիկ բարդույթներ ունեն: Լուսանկարվել չսիրող մարդը չի ցանկանում իրեն կողքից տեսնել, ու մտածում է՝ տգեղ եմ, նկարում լավ դուրս չեմ գա… Բայց չէ՞ որ կա նաեւ ֆոտոգենիկ լինելու հասկացություն: Դա այն է, երբ մարդ նկարում գեղեցիկ է դուրս գալիս: Իսկ երբ այդ մասին իրեն անդադար ասում ես՝ ինչ ֆոտոգենիկ ես, ինչ լավ ես դուրս եկել՝ նա ինքնաբերաբար սկսում է սիրել լուսանկարվել: Նրան դուր են գալիս կողքից հնչող հաճոյախոսությունները: Այստեղ մեծ դեր ունի նաեւ մարդու ինքնավստահությունը: Եվ երբ լուսանկարվելիս գեղեցիկ արդյունք է ստացվում՝ դրանից բարձրանում է մարդու ինքնագնահատականը: Ինչն էլ տալիս է ավելորդ ինքնավստահություն, որից մարդն իրեն ավելի լավ է զգում: Սա բնորոշ է բոլորին: Լուսանկարվել չսիրելը հատուկ է այն մարդկանց, ովքեր արտաքինի վրա մեծ ուշադրություն են դարձնում: Օրինակ՝ դեռահասները, որոնք իրենց արտաքինի նկատմամբ շատ զգայուն են: Լուսանկարվել չսիրելը արտահայտվում է հատկապես միջին սերնդի մոտ»:
Ինչ վերաբերում է լուսանկարներին, ապա, հոգեբանի խոսքով, ցանկացած լուսանկարի հետ կապված յուրաքանչյուր մարդ ունի անհատական, սուբյեկտիվ վերաբերմունք եւ մեկնաբանություն. «Խորհրդային ժամանակներում հոգեբանները փորձեր են արել, թե ինչպես է համապատասխան դիրքորոշումը մարդուն տրամադրում նկարի ընկալմանը. վերցրել են մի մարդու նկար եւ ցուցադրել տարբեր խմբերի մարդկանց: Առաջին խմբին նկարը ցուցադրելիս տվել են հետեւյալ դիրքորոշումը՝ նկարում պատկերվածը հանցագործ է եւ պետք է նրան բնութագրել: Այդ խումբն ասել է՝ այո, երեւում է, որ նա շատ ծանր բնավորություն ունի, որովհետեւ հոնքերը խոժոռված են: Երկրորդ խմբին նույն մարդու նկարը ցուցադրելիս այլ դիրքորոշում են տվել, ասելով, թե նա հումանիստ եւ գիտնական է: Այս խումբն էլ բնութագրել է, որ մտածող անձնավորություն է երեւում, կրկին շեշտելով, որ հոնքերը խոժոռված են: Այս փորձից կարելի է եզրակացնել, որ մարդկանց՝ լուսանկարների ընկալման վրա ազդում են դիրքորոշումները, աշխարհընկալումը, պատկերացումները, կոնցեպտուալ համակարգը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել