Լրահոս
Օրվա լրահոսը

Անանդը չի հարմարվում Արոնյանին

Նոյեմբեր 20,2009 00:00

Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունը, որին մասնակցեցին 22 ուժեղագույն գրոսմայստերներ

Նրանցից յուրաքանչյուրը երեք օրվա ընթացքում շրջանաձեւ մրցակարգով խաղաց 41 պարտիա: Ամենից բարձր արդյունք ցույց տվեց նորվեգացի Մագնուս Կարլսենը, որն էլ 31,0 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը: Երկրորդ տեղն զբաղեցրեց դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 28,0 միավոր, իսկ ուկրաինացի Սերգեյ Կարյակինն արժանացավ բրոնզե մեդալի՝ իր անվան դիմաց ընդհանուր առմամբ գրանցելով 25,0 միավոր: Մեր հանրապետության առաջատար Լեւոն Արոնյանն այս անգամ բավարարվեց 12-րդ տեղով՝ 21,0 միավոր: Նա, անկասկած, ուժեղագույնների այս պայքարում արժանի էր անհամեմատ ավելի բարձր տեղի, սակայն, ինչպես արդեն ասել ենք, դրան խանգարեց հիվանդությունը: Այդուհանդերձ, Լեւոնը Միխայիլ Տալի հուշամրցաշարում (կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը եւս անցկացվում էր դրա շրջանակներում) մեկ այլ համբավ վաստակեց, որը, անկասկած, պակաս պատվաբեր չէ, քան չեմպիոնական մեդալը: Դրա մասին «Սպորտ Էքսպրես» հանդեսին պատմել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը: Նա կարծիք է հայտնել, թե հնդիկ գրոսմայստերը Լեւոն Արոնյանի նկատմամբ կոմպլեքս է ձեռք բերել, քանի որ անցած շաբաթ հուշամրցաշարի հիմնական պայքարում հայ գրոսմայստերը հերթական անգամ հաղթեց սպիտակներով հանդես եկող Անանդին: «Կարծես, Անանդի մեջ՝ Արոնյանի անհաղթելի լինելու կոմպլեքս է ձեւավորվել: Նա Լեւոնի հետ շատ վատ է խաղում: Գրեթե ամեն շախմատիստ անհարմար մրցակցի խնդիր ունի: Մրցաշարի ժամանակ ես մոտեցա Լեւոնին ու ասացի՝ պատմիր, թե ինչպե՞ս ես Անանդին ստիպում քեզ հետ խաղալ վարպետության թեկնածուի մակարդակով: Նա ծիծաղեց ու պատասխանեց. «Վճարիր ու կիմանաս»: Բայց կատակը մի կողմ թողնենք: Բացի այդ տարօրինակ պարտիայից, Անանդը Մոսկվայում շատ լավ էր խաղում եւ մինչեւ վերջին տուրը հավակնում էր հաղթողի կոչմանը: Իսկ Արոնյանից կրած անհաջողությունն ամենեւին էլ կասկածի տակ չի դնում Վիշիի բարձր կարգը»,- եզրափակել է աշխարհի նախկին չեմպիոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել