Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՎԵԼ

Նոյեմբեր 20,2009 00:00

\"\"Հաշմանդամները համոզված են, որ պայքարելով կարող են շատ բանի հասնել

«Փոքր հասակից կարատեի, ձյուդոյի եւ նման այլ մարզաձեւերի հաճախել եմ պարբերաբար: Սակայն ինձ հոգեհարազատը լողն է, այդ պատճառով հաշմանդամային սպորտի 6-7-րդ փառատոների ժամանակ, այսինքն՝ 2008 եւ 2009 թվականներին, մասնակցեցի լողի մրցումներին եւ 2 անգամ էլ գրավեցի առաջին տեղը: Չնայած երկրորդ մրցմանը 50 մետր ջրային տարածքն անցա 55 վայրկյանում՝ 4-ով պակաս, քան նախորդում, կրկին գրավեցի առաջին տեղը: Կուզեի փառատոնից դուրս էլ մասնակցել լողի մրցումների, սակայն ավելի մեծ արդյունք դժվար թե կարողանամ ցույց տալ»,- օրերս «Առավոտի» հետ զրույցում ասաց արդեն գոլբոլի (ֆուտբոլ կույրերի համար) Հայաստանի անդրանիկ առաջնության հաղթող, «Առյուծներ» թիմի անդամ՝ 26-ամյա Ռուդոլֆ Զաբորդինը: Այդ մրցումներն ավարտվել են ընդամենը 2 օր առաջ: «Ես հույս ունեմ առաջիկայում փորձել այլ մարզաձեւեր նույնպես, որոնք տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդուն չեն խանգարի: Օրինակ, դահուկավազքը։ Դեռ բախտ չի վիճակվել դահուկ քշել, բայց շատ եմ ուզում»,- երազում է Ռուդոլֆը:
Նա կուրացել է ականի պայթյունի պատճառով. «Այդ ժամանակ գրեթե 10 տարեկան էի եւ զենք շատ էի սիրում: Ական էի գողացել: Տարա տատիկիս տուն, սկսեցի խարտել եւ այն պայթեց, այդ ժամանակ կորցրի ձախ ձեռքիս թաթը, աջ աչքս, իսկ ձախ աչքս երեք անգամ վիրահատվեց: Հիմա դրանով տեսնում եմ ընդամենը ութ տոկոս։ Դա բավարարում է զուտ կողմնորոշվել։ Սկզբում շատ դժվար էր, բայց համակերպվեցի: Կարծում եմ, որ մարդ ինքը պետք է իրեն օգնի, քանի որ իրենից լավ իրեն ոչ ոք չի ճանաչի: Նա պետք է իմանա՝ իրեն ինչ է պետք եւ ըստ դրա էլ շարժվի։ Պիտի հաշվի առնել, որ մարդիկ հաշմանդամ դառնալուց հետո էլ են ապրում ու կարող են ակտիվ լինել, հասնել բարձունքների։ Ընդհանուր առմամբ ոչ թե ի ծնե է լինում հաշմանդամությունը, այլ՝ ձեռքբերովի, ուզում եմ ասել՝ ինչքան էլ բարդ դեպք լինի, ցանկացած իրավիճակից ելք կա: Ես երբ ինձ հետ պատահածից հետո առաջին անգամ լսեցի մի մարդու մասին, որը չի լսում եւ չի տեսնում, բացի այդ էլ՝ դժվարությամբ է քայլում, բայց ունի գիտական կոչում, մտածեցի, որ ես էլ պետք է բարձունքների հասնեմ»:
Ռուդոլֆը հիմա սովորում է Հյուսիսային համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, դասի է հաճախում հիմնականում երթուղայիններով, ինչպես ինքն է ասում՝ դժվարությամբ, բայց չի նահանջում, ինքնուրույն է անցնում փողոցները. «Քանի որ ես մի քիչ տեսնում եմ, փողոց անցնելիս հետեւում եմ մեքենաների հոսքին։ Չնայած ամեն փողոց անցնելը սթրես է ինձ համար, քանի որ մեր վարորդներն այնքան էլ կարգապահ չեն: Դիսկոտեկներ էլ եմ հաճախ գնում: Խաղացել եմ թատերական բեմադրությունների՝ «Հույսի կամուրջ» հ/կ-ի մանկապատանեկան թատրոնում»:
Ռուդոլֆը շուտ-շուտ է սիրահարվում: Հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը, որ նրա մեջ հետաքրքրություն առաջացնի. «Առաջինը ձայնն է, հետո խոսելու ոճը, մտքի ելեւէջները: Ես ամեն ինչ եմ հաշվի առնում, որոշ չափով կարող եմ արտաքինն էլ հաշվի առնել: Սակայն առաջնայինը մարդու էությունն է»։
30-ամյա Արման Մուշեղյանն էլ գոլբոլի «Առյուծների» մարզիչն է։ Մի քանի տարի առաջ ծանրաձողի հրման եւ բազկամարտի հաշմանդամների միջեւ ընթացող մրցումների ժամանակ գրավել է 2-րդ տեղը։ Նա հիմա տեղաշարժվում է սայլակով, հաշմանդամություն ձեռք է բերել 8 տարի առաջ՝ ավտովթարի հետեւանքով: «Առաջին 3 տարին էր դժվար։ Ես դեռ երիտասարդ տարիքից ինքնուրույն էի եւ ձգտում էի ազատության, ուզում էի անկախ լինել։ Հիմա էլ եմ փորձում բոլոր խնդիրներս ինքնուրույն լուծել: Օրինակ, վերջերս մեքենա եմ գնել եւ փորձում եմ ինքնուրույն վարել»։ Մեր հարցին, թե չի՞ վախենում նորից վթարի ենթարկվել, պատասխանեց. «Ես բան չեմ հիշում իմ վթարից: Երբ ուշքի եկա՝ արդեն 10 օր էր անցել, աչքերս բացեցի՝ սպիտակ սենյակ էր, դիմացս սպիտակ խալաթով մի աղջիկ էր կանգնել: Հարցրի՝ ո՞վ է, պատասխանեց, որ Ռուզաննան է։ Ասաց, որ հիվանդանոցում եմ, ավտովթարի պատճառով վնասվածք ունեմ եւ ինձ պետք է վիրահատեն»։ Հետաքրքրվեցի, թե հաշմանդամ դառնալուց հետո ինքա՞ն ժամանակ է անցել, որ սկսել է սպորտով զբաղվել, Արմանը պատասխանեց. «Սպորտով միշտ եմ զբաղվել, մինչեւ հաշմանդամ դառնալս էլ։ Երկար տարիներ ձյուդո եմ պարապել։ Իմ էությամբ ես պայքարող եմ, միշտ էլ հաղթահարել եմ բոլոր խնդիրները, համենայնդեպս, աշխատել եմ։ Հիվանդանոցում էլ մարզվում էի: Բժիշկներն արգելում էին, ասում՝ չի կարելի շարժվել, բայց ես չէի լսում, ուզում էի եւ պետք է շարժվեի։ Բուժքույրերը չէին թողնում ինքնուրույն հագնվել, բայց ես վեր էի կենում, հագնվում էի, անգամ ինքնուրույն նստում էի նստասայլակին: Կյանքը պայքար է, ով ցանկանում է արժանի կյանք վայելել, պետք է պայքարի, անկախ նրանից, թե ինչ խնդիրների առջեւ է հայտնվել, վնասվածք ունի՞, թե՞ ոչ։ Ով պայքարում է՝ նա էլ վայելում է կյանքը։ Պարզապես պառկել-երազելով՝ ոչինչ չի փոխվի։ Հաշմանդամներին հասարակության մեջ ընդգրկվելու գործում պետք է օգնի նաեւ պետությունը: Կարծում եմ, որ մեզանից շատերը ցանկություն ունեն նպաստառուից դառնալ հարկատու»։
Ի տարբերություն Ռուդոլֆի, Արմանը նոր է սիրահարվել, նրա ընկերուհին լրագրող է, նա դեռ չի մտածում ամուսնանալու մասին. «Ես վերջերս եմ զգացել, որ սիրում եմ։ Հանդիպում էինք ավելի վաղուց, բայց այն զգացմունքը, որ կարելի է սեր անվանել, վերջերս եմ զգացել։ Տա Աստված՝ ամեն ինչ լավ լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել