Օրերս Հայաստանի ազգային գրադարանում կայացավ Հրաչյա Սարիբեկյանի «Հովհաննես Պետրոսյան» գրքի շնորհանդեսը: Այն սոսկ գիտական վերլուծություն չէ: Պատմում է հայ մեծ մատենագրի, խոշորագույն անհատականություններից մեկի կյանքի ու գործունեության մասին, ով չընկճվելով բազմաթիվ քննադատություններից, շարունակել է նվիրական գործը: Չնայած, ինչպես նշեց Հ. Պետրոսյանի կրտսեր որդին՝ Մարկ Պետրոսյանը. «Ամեն անգամ մամուլում կարդալով իր հասցեին տպված քննադատությունները, ծանր էր տանում: Դրանք սրտի կաթվածների պատճառ են դարձել, որոնք էլ, իրենց հերթին՝ վաղաժամ մահվան»:
Հովհ. Պետրոսյանը մատենագիտական բազմաթիվ աշխատությունների, հայ գրականության եռահատոր մատենագիտության, հայ պարբերական մամուլի եռահատոր մատենագիտության, հայ գիտնականների, ժուռնալիստների, հրապարակախոսների կենսամատենագիտության՝ ավելի քան 4000 տպագիր էջի հեղինակ է:
Ներկաները շեշտում էին, որ խոշորագույն գիտնականը մնացել է ստվերում: Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, սակայն, հերքելով թյուր կարծիքը, Հովհ. Պետրոսյանին հետմահու պարգեւատրեց Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալով, որը հանձնեց Մարկ Պետրոսյանին: Դ. Սարգսյանը խոստացավ նաեւ գրադարանի տեղեկատու մատենագիտության ընթերցասրահը կոչել Հովհ. Պետրոսյանի անունով: