Շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի գրքերի պատկերազարդող Իլոն Վիկլանդը Երեւանում է
Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 3-ը Գեղագիտության ազգային կենտրոնում (ԳԱԿ) կներկայացվեն շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի գրքերի պատկերազարդող Իլոն Վիկլանդի աշխատանքները: Լինդգրենի՝ մուլտֆիլմի վերածված «Կառլսոնը, որն ապրում էր տանիքում» վիպակի հերոսը հոգեհարազատ ու սիրելի է նաեւ այսօր: Էստոնիայում ծնված, իսկ 14 տարեկանից Շվեդիա տեղափոխված նկարչուհին ցուցահանդեսը բացելու համար Հայաստանում է: Ի. Վիկլանդը նշում է, որ իր բոլոր նկարազարդումներում փորձում է, որ հերոսները հնարավորինս կենդանի ու իրական լինեն: Նաեւ անկեղծանում է, թե երբեք չէր ակնկալել, որ իր նկարները մի օր այսպիսի հանրաճանաչություն կունենան: «Կառլսոնի կերպարը հետաքրքիր է, նա անում է այն, ինչ երեխաներին չի թույլատրվում, գուցե դա է պատճառը, որ նաեւ շատ ծիծաղելի է: Հաճախ ասում էի Աստրիդին, որ հաճելի զգացումներ եմ ունենում Կառլսոնի պերսոնաժի հետ շփվելիս, պատասխանում էր, որ պարտավոր եմ այդ հաճույքը զգալ, քանի որ միայն այդ դեպքում նկարները շատ լավը կլինեն»:
Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Շվեդիայի՝ ԵՄ նախագահության, ՀՀ-ում Էստոնիայի հյուպատոսության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից: Այն նաեւ Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիային նվիրված միջոցառումների մի մասն է կազմում: Երեխայի իրավունքների մասին հռչակագիրը ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին, իսկ Հայաստանը այդ հռչակագրին միացել է 1992թ. հունիսի 12-ին:
Երեկ, ցուցահանդեսի բացման օրը, ԳԱԿ-ում ներկայացվեցին նաեւ երեխաների իրավունքներին նվիրված մանրապատումներ: Մանրապատումները ներկայացրին մրցույթի արդյունքում հաղթած երեք թիմերը՝ Երեւանի թիվ 149, Էջմիածնի թիվ 5 դպրոցները եւ Էջմիածնի Ներսիսյան վարժարանի աշակերտները: Մանրապատումներին միացել էին նաեւ «Օրրանի», ինչպես նաեւ Աշոտ Ղազարյանի «Հումորի դպրոցի» սաները: Հայտնի դերասաններ Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը եւ Զառա Արամյանը անգլերեն մանրապատումներով մեծ հաճույք պատճառեցին հյուրերին:
«Հայաստանի պատանեկան նվաճումների» տնօրեն եւ «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Մեր նպատակն է, որ երեխաները ոչ միայն իրենց իրավունքները սովորելու պահանջատեր լինեն, այլեւ սովորեն հարգել այլոց իրավունքները: Երեխաների խնդիրներն ու իրավունքները չպետք է տարանջատել մեծահասակների խնդիրներից: Ճիշտ կլինի այսօր իրավունքների մասին խոսելիս առաջին հերթին մեծահասակներին հաշվի առնել, քանի որ մեզանում երեխաները սիրո եւ հոգատարության պակաս չեն զգում, հայերս մեր երեխաներին շատ ենք գուրգուրում: Կուզեի, որ այսպիսի միջոցառումները շատ լինեին, այս դեպքում նրանք կլինեն մեր վաղվա ապագա օրինապահ քաղաքացիներ: Մեր հասարակության մեջ կա մեծ սեր, բայց չկա հարգանք: Այս միջոցառումը նաեւ երեխաների մեջ այդ հարգանքը կսերմանի»:
UNICEF կազմակերպության ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին էլ իր խոսքում նշեց. «Սա մեզ հիշեցնում է մեր պատասխանատվության մասին, լինի դա ընտանիքում, կառավարությունում, թե քաղաքացիական հասարակության մեջ: Պետք է հասկանանք, թե ինչ միջավայրում պետք է երեխան մեծանա»: