Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը՝ «ուժային» արվեստի ու կարծրատիպերը կոտրելու իր հաջողված փորձի մասին
Հայաստանում կին քանդակագործներին մատների վրա կարելի է հաշվել: Պատճառն այն է, որ ոչ միայն ֆիզիկական ուժի առումով այս ոլորտում աշխատելը դժվար է, այլեւ մեզանում մի տեսակ տարաբաժանված են կանացի ու առնացի «զբաղմունքները»:
Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը, սակայն, ում ցուցահանդեսը վերջերս բացվել էր «ՀայԱրտում», կոտրել է բոլոր կարծրատիպերը ու, ինչպես ինքն է կատակով նշում՝ «շատ էլ լավ եմ արել»: Նա ասում է, որ քանդակագործ լինելն ու քար տաշելն այնքան դժվար ու բարդ չէ, որքան Հայաստանում մայր եւ կին լինելը. «Էն մտայնությունը, որ կա կնոջ հանդեպ Հայաստանում, տարօրինակ է. երբ աղջիկ է ծնվում ու քանի դեռ փոքր է, ինքը հայրիկի արքայադուստրն է, հետո մեծանում- դառնում է մեկի նոքարը, վերջում՝ երբ շատ է մեծանում, դառնում է տան ամենագլխավորը, մեծ մամը ու ընտանիքում ամեն ինչ որոշողը: Նույնպիսի վերաբերմունք էլ ստեղծագործող կնոջ հանդեպ է»: Այդ է պատճառը, որ Հ. Գալստյանը ժամանակին նույնիսկ տղամարդ քանդակագործի անունով է պատվեր ընդունել՝ տղամարդ արվեստագետներն ավելի լուրջ էին ընկալվում:
Այժմ Հերիքնազ Գալստյանը ճանաչված քանդակագործ է՝ 40 եւ ավելի ցուցադրություններ, բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ եւ, ամենակարեւորը՝ ինքնատիպ ոճ: Ոմանց կարծիքով, նրա արվեստը նոր արխաիկա է, սակայն, հեղինակի բնորոշմամբ՝ ինքն էթնոմոդեռն ոճում է ստեղծագործում: «Արխաիկ մշակույթն ինձ հոգեհարազատ լինելով, դարձել է այն հիմքը, որի վրա հենվում եմ, ստեղծում էթնոմոդեռն գործեր, որտեղ ազգայինն այնքան շատ է, որ անկախ նախասիրություններից, մարդn ինձ «ներսով» է զգում»,- ասում է զրուցակիցս: Հ. Գալստյանի ստեղծած քանդակները քայքայված մետաղից են, քարից, կաշվից, փայտից. նա տաշում է դրանք, համադրում իրար հետ:
Հերիքնազը ակադեմիական կրթություն է ստացել, ասում է՝ կարող է հրաշալի դիմանկարներ անել կամ քանդակել այնպես, ինչպես շատերը, բայց նախընտրում է այլ կերպ ասելիքը տեղ հասցնել. «Վերջին հաշվով, հազարավոր դիրքերից կինը քանդակվել է, ի՞նչ իմաստ ունի նույնը կրկնել»: «Առավոտի» հարցին, ինչո՞ւ է արխաիկ մշակույթին այդքան կապված, Հ. Գալստյանը պատասխանում է. «Երկար ուսումնասիրելուց հետո հասկացա, որ այստեղ չկա մրցակցություն բնության հետ, որի դեպքում, միեւնույն է՝ մարդը կպարտվի… Կա երկխոսություն, ներդաշնակություն, ու դու մրցակցությունից դուրս ոլորտում ես»:
Քանդակագործն ասում է, որ որպես քաղաքացի՝ պարտադիր արձագանքում է այն ամենին, ինչ կատարվում է շուրջը, ուղղակի իր բողոքը քանդակի տեսք ունի: Օրինակ, թեկուզ էկոլոգիական ու բնապահպանական թեմաներով բողոք-աշխատանքները՝ ոչնչացված քարե օրացույցի մասին տագնապը, «Մեր օրերի Լաոկոնը», ծառերի սպանդի դեմ ուղղված «Հրովարտակը» եւ այլն:
Լինելով էությամբ փխրուն եւ ազգային ավանդույթները հարգող անձնավորություն, Հերիքնազը լի է էնտուզիազմով, միշտ պատրաստ ինչ-որ բան փոխելու, նախաձեռնելու իր նմանների բռունցքվելը՝ հանուն ընդհանուր նպատակի եւ հօգուտ հանրության: Օրինակ, նման մտայնությունից դրդված, 1987 թվականի դեկտեմբերի 31-ին նա ավտոբուսով ցուցանմուշներ տարավ Ստեփանակերտ ու կազմակերպեց առաջին բարեգործական ցուցահանդեսը, իհարկե՝ հետագայում պատերազմական գործողությունների պատճառով շատ աշխատանքներ ոչնչացան, բայց մեկ է՝ Հերիքնազը գոհ է, որ կարողացավ այն տարիների համար լուսավոր մի բան անել: Ափսոսում է, որ ակտիվ արվեստագետ կանայք Հայաստանում քիչ են, ասում է՝ գուցե նրանից է, որ «տղամարդիկ ավելի համերաշխ են, քան կանայք»: